Եվրամիությունը ևս մեկ տարով երկարաձգեց Ղրիմի նկատմամբ առևտրային պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2014 թվականին՝ ուկրաինական թերակղզին Ռուսաստանին բռնակցելուց հետո:
Դիվանագետներն ակնկալում են, որ նույնանման որոշում կընդունվի նաև Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների հարցում։
Ղրիմի դեմ պատժամիջոցները, նոր որոշման համաձայն, կգործեն մինչև հաջորդ տարվա հունիսի 23-ը։
Ըստ այդ սահմանափակումների, Ղրիմում արտադրված ապրանքների արտահանումը, ինչպես նաև Եվրամիությունից Ղրիմ ապրանքների, տեխնոլոգիաների ներկրումն արգելված է։ Խոսքը մասնավորապես այն ապրանքների մասին է, որոնք կարող են օգտագործվել տրանսպորտի, հեռահաղորդակցության և էներգետիկայի ոլորտում։ Բացի այդ, արգելվում է նաև ներդրումներ անել թերակղզու տնտեսության մեջ և զբոսաշրջային ծառայություններ մատուցել։
Ինչ վերաբերում է Մոսկվայի դեմ սահմանափակումներին, ապա ռուսական բանկային սեկտորի մուտքը միջազգային շուկաներ արգելվում է։ Եվրամիության անդամ երկրներին չի թույլատրվում Ռուսաստանին վաճառել զենք և էներգետիկ ոլորտի մի շարք տեխնոլոգիաներ։ Այս սահմանափակումների ժամկետը լրանում է հունիսի վերջին, սակայն Բրյուսելում ենթադրում են, որ դրանք ևս կես տարով կերկարաձգվեն։
«Ես պետք է արձանագրեմ, որ չկա իրական առաջխաղացում մինսկյան պայմանավորվածությունների կատարման հարցում։ Ենթադրում եմ, որ ներկայիս պատժամիջոցները երկարաձգելու որոշումը կընդունվի առաջիկայում», - երեկ հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։
Իտալիան, ինչպես նաև Հունաստանը և Հունգարիան Եվրամիության այն երկրներից են, որոնք առավել մեղմ դիրքորոշում ունեն Ռուսաստանի հարցում։ Այս երկրները կարծում են, որ պատժամիջոցները արդյունավետ չեն և վնաս են հասցնում նախևառաջ եվրոպական բիզնեսին։ Մինչդեռ, օրինակ, Լեհաստանը, Շվեդիան և Մերձբալթյան երկրները պնդում են, որ պատժամիջոցները չպետք է չեղարկվեն։
Չնայած այս տարաձայնություններին, Եվրամիության անդամ երկրներին հաջողվել է միասնականություն պահպանել պատժամիջոցների հարցում։ Վերլուծաբանները, սակայն, մտավախություն ունեն, որ այդ միասնականությունը կարող է խարխլվել, եթե Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կատարի իր նախընտրական խոստումներից մեկը և փորձի թուլացնել Ռուսաստանի հետ լարվածությունը։
Մայիսին, սակայն, Միացյալ Նահանգները միացել է աշխարհի յոթ զարգացած արդյունաբերական երկրների հայտարարությանը, որի համաձայն` Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջությամբ կատարված չեն Մինսկում ստորագրված խաղաղության հռչակագրի պայմանները։