Մատչելիության հղումներ

Արմեն Աշոտյան․ Անցած ընտրությունները կնպաստեն ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման գործընթացին


ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ Հայաստանում անցկացված ընտրությունները ոչ միայն չեն խոչընդոտի ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի ստորագրմանն, այլև կնպաստեն գործընթացին:

Համաձայնագիրը, հիշեցնեմ, նախաստորագրվել է, և սպասվում է, որ կողմերն այն կստորագրեն նոյեմբերին՝ Բրյուսելում կայանալիք գագաթաժողովի ընթացքում:

Հայաստանի ընտրական գործընթացների վերաբերյալ անցած շաբաթ բավական խիստ գնահատականներ էր հնչեցրել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Դեսպանն առաջարկել էր փոփոխել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը, այն քաղհասարակության ներկայացուցիչների ընդգրկմամբ դարձնել «արժանահավատ», խոսել էր իրավապահ համակարգի անկախության պակասից, անդրադարձել էր ռեյտինգային համակարգի արդյունավետությանը:

Իշխող Հանրապետականը, ի պատասխան, հորդորել էր դեսպանին չմիջամտել երկրի ներքին խնդիրներին։

Արմեն Աշոտյանն այսօր այդ առնչությամբ ասաց․ - «Ժամանակային առումով այս փաստաթղթի բանակցությունների ավարտի, հետո նախաստորագրման ողջ գործընթացը եղել է նախընտրական կամ ընտրություններին զուգահեռ տարվող փուլերում: Այսինքն՝ ակնհայտ է, որ հատկապես եվրոպական և միջազգային այլ դիտորդների կարծիքից հետո ընտրությունները, այն էլ՝ այս ընթացքում արձանագրված հաջողակ ընտրությունները՝ բոլոր խնդիրներով հանդերձ, ոչ միայն չեն կարող խանգարել ստորագրման գործընթացը, այլ ճիշտ հակառակը՝ կարծում եմ, լրացուցիչ ազդակ են Եվրոպական միությանը առ այն, որ Հայաստանը լրջորեն պատրաստ է շարունակել խորացնել ժողովրդավարությունը երկրում՝ ընտրական մեխանիզմների մասնակցային ժողովրդավարության, քաղաքացիական ինստիտուտների ներգրավման, մարդու իրավունքների ինստիտուտների ամրապնդման և այլն: Քաղաքական գնահատակը Սվիտալսկու հայտարարությանը տրվեց: Ես նաև մի քիչ զարմացած էի անձամբ, որովհետև դրանից տառացիորեն մեկ օր առաջ հանդիպում է եղել նաև ինձ հետ՝ որպես հանձնաժողովի նախագահի: Նման հարցեն մենք չենք քննարկել, և դեսպանը բարձրաձայնել է Եվրամիության պաշտոնական տեսակետը՝ օգնելու Հայաստանին այնտեղ, որտեղ Հայաստանը կմատնանշի»:

Խորհրդարանական ընտրություններից հետո Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդները հայտարարեցին, թե «ընտրությունները լավ էին կազմակերպված, ընդհանուր առմամբ պահպանվել են հիմնարար ազատությունները»՝ միևնույն ժամանակ հավելելով, որ ընտրությունների վրա «հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ արժանահավատ տեղեկություններն ու ընտրողների վրա գործադրված ճնշումները»:

Անցած շաբաթ Պյոտր Սվիտալսկիի հետ հանդիպման ժամանակ Արմեն Աշոտյանը հույս էր հայտնել, որ Եվրամիություն - Հայաստան նոր համաձայնագրի ստորագրումից հետո հաջորդ բանակցային գործընթացն ուղղված կլինի վիզաների ազատականացման գործընթացին: Ասոցացման համաձայնագրեր ստորագրած Վրաստանի ու Ուկրաինայի քաղաքացիները Եվրամիության երկրներ են մեկնում առանց վիզայի: 2013-ին Հայաստանը չստորագրեց Ասոցացման համաձայնագիրը՝ ընտրելով ԵՏՄ անդամակցությունը:

Աշոտյանի խոսքով՝ Եվրամիության հետ առաջիկայում ստոարգրվելիք փաստաթուղթն ուղղակիորեն չի ենթադրում վիզաների ազատականացման համաձայնագրի քննարկում, բայց «դրա իրագործումը հրաշալի քաղաքական և իրավական հիմք կստեղծի հարաբերությունների հաջորդ մակարդակի անցնելու համար»․ - «Ակնհայտ է, որ գալիք կես տարին՝ մինչև ստորագրումը, նման գործընթաց չի սկսվելու, և ստորագրումից հետո մինչև վավերացում ևս մեկ տարի առնվազն նման գործընթաց իրավական տեսակետից կարող է չսկսվել: Բայց քաղաքական կոնսուլտացիաներում, կարծում եմ, այս թեման պետք է արծարծվի, բոլոր մակարդակներում այս հնարավորության մասին պետք է խոսել: Պետք է նախապատրաստել եվրոպական քաղաքական վերնախավին նաև մեր այս ցանկությանը»:

Հարցին, թե արդյոք եվրոպացիները ուզում են ազատականացնել վիզային ռեժիմը Հայաստանի հետ, Աշոտյանը պատասխանեց․ - «Եվրոպացի կոչվածը ո՞վ է Ձեր հարցադրման մեջ․․․ Քաղաքական վերնախավին պետք է պատրաստել դրան: Այս պահի դրությամբ նման տեսակի հարցադրումները բացառապես կոնսուլտացիաների երկխոսության, կարծիքների փոխանակման հարության մեջ են: Որևէ կիրառական, գործնական քայլեր դեռևս չունենք, բայց դա չի նշանակում, որ այս կոնսուլտացիաները կիրառական չեն: որովհետև այս խոսակցություններով մենք ընտելացնում ենք եվրոպական չինովնիկներին, մեր գործընկերներին նաև մեր հետագա պլաններին և ցանկություններին: Հիմա Եվրոպական միության փորձագետները հատկապես միգրացիայի հետ կախված ուշի-ուշով հետևելու են՝ արդյո՞ք Ուկրաինայի վիզաների, մուտքի ազատականացման ռեժիմը բերում է անցանկալի հետևանքների, թե չէ, բերո՞ւմ է ոչ լեգալ միգրացիայի, թե՞ չէ: Եվ այս ամենը կարող է, մի կողմից, աշխատել, հետևաբար փորձած մեխանիզմը ավելի հեշտ կարող է կիրառվել Հայաստանի դեպքում, մյուս կողմից՝ կարող է չաշխատել, և Եվրամիության որոշ երկրներում գոնե Արևելյան Եվրոպայի երկրներում, օրինակ, առաջանա լրացուցիչ լարվածություն միգրացիայի հետ կապված, որը տնտեսական ճգնաժամի, գործազրկության պարագայում ավելորդ սոցիալական, տնտեսական լարվածություն է բերում այդ երկրներում, որոնց իշխանությունները սկսում են ավելի զգույշ լինել, որպեսզի ավելորդ չգրգռեն իրեն հասարակություններին, որովհետև էլի մեր նման ունեն ընտրություններ, ունեն իշխանության ամրապնդման խնդիր և այլն: Այսինքն՝ նման հարցերը գծային գծային հարթության մեջ չեն․ նման հարցերը տարածական են, և ամեն մի խնդիր ունի բազմաթիվ և առաջին հայացքից անգամ չերևացող, չշոշափվող ենթախնդիրներ, որոնք կարող են ճակատագրական լինել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG