Մատչելիության հղումներ

Պառակտված «Երկիր Ծիրանի» խմբակցության երկու թևերը խոստանում են մանրամասնել կատարվածը


Երևանի ավագանու անդամ Հայկ Պետրոսյանը:
Երևանի ավագանու անդամ Հայկ Պետրոսյանը:

«Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից անվստահության արժանացած Երևանի ավագանու երկու անդամները՝ Մնացական Պարակշիևն ու Հայկ Պետրոսյանը, առայժմ մանդատները վայր դնելու հարցին չեն անդրադառնում։

Պետրոսյանի խոսքով՝ Պարակշիևի հետ քննարկել են ստեղծված իրավիճակը, վերջնական որոշման մասին կհայտարարեն մի քանի օրից․ - «Ուրբաթ օրը մամլո ասուլիս ենք տալու և մանրամասն կխոսենք մեր հետագա քայլերի մասին: Այն, որ մենք պատրաստվում ենք Երևանի ծրագիրը շարունակել իրագործել, դա միանշանակ է: Ուղղակի՝ ավելի կառուցողական ճանապարհով»:

«Ազատության» ճշտող հարցին, թե արդյոք իր խոսքերից հետևում է, որ վայր չեն դնելու մանդատները, Պետրոսյանն արձագանքեց․ - «Իմ խոսքերից հետևում է, որ ուրբաթ օրը հետագա քայլերի մասին մենք ավելի մանրամասն կխոսենք»:

Երեկ երեկոյան երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, խմբակցության քարտուղարի և ավագանու մեկ այլ կին անդամի հետ նիստ է անցկացրել, անվստահություն հայտնել ավագանու երկու տղամարդ անդամներին և վերջիններիս առաջարկել վայր դնել մանդատները։

Պետրոսյանի խոսքով՝ իրենց համար անակնկալ էր այս հայտարարությունը: Պատճառը կարծում է, ավագանու նիստերին առանց էմոցիանների մասնակցելն է եղել․ - «Իմ կարծիքով, պատճառ այն է, որ մենք ուզում ենք սառնասրտորեն մոտեցնալ խնդիրներին և փորձել լուծում տալ: Իմ կարծիքով, իրանց ավելի կողմնակից են ավելի էմոցիոնալ սարքել պայքարը և նիստերի ընթացքում այդպիսով գրավել կարևոր հարցերի շուրջ իրենց դիրքորոշումը»:

Զարուհի Փոստանջյանն առայժմ չի մեկնաբանում կատարվածը: Ընդդիմադիր գործիչը ևս հայտարարում է, որ առավել մանրամասն կխոսի մի քանի օրից։

Երեկ տարածած հաղորդագրության մեջ նորաստեղծ ընդդիմադիր ուժը նշում է, որ ավագանու երկու անդամները դավաճանել են կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին ու սկզբունքներին, ինչպես նաև երևանցու գերակա շահը ստորադասել են իրենց անձնական շահին։

Այս առնչությամբ Պետրոսյանն ասաց․ - «Մենք միշտ քարոզարշավի ժամանակ և ընդհանրապես ասել ենք, որ մեր համար եղել է գերագույն շահ երևանցու խնդիրները: Մենք նույնիսկ չեն ասել Երևանի խնդիրները, շեշտադրումը դրվել է երևանցու խնդիրների վրա, և դա շարունակվելու է հենց այդպես: Ես որևէ խնդիր չունեմ լուծելու: Ինձ շատ դժվար է մեկնաբանել, թե ինչն է պատճառը եղել, որ այդպիսի սուր քննադատություն է տեղի ունեցել: Մանավանդ որ, ամբողջ իմ քաղաքական կարիերայի ընթացքում ես աշխատել եմ լինել պրոֆեսիոնալ, և այդ պրոֆեսիոնալ հարաբերություններից դուրս չգալ»:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը, հիշեցնենք, Երևանի ավագանիում ունի 5 անդամ։

XS
SM
MD
LG