Ընդունելով ֆրանսիացի Ստեֆան Վիսկոնտիին, ամերիկացի Ռիչարդ Հոգլանդին, ռուսաստանցի Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, ինչպես միշտ, պնդել է, թե վերջին օրերի միջադեպերի համար պատասխանատվությունը հայկական կողմն է կրում:
APA ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, նախագահ Ալիևը համանախագահներին հավաստիացրել է, թե իր երկիրը կատարում է հրադադարի պահպանման հարցում ստանձնած պարտավորությունները:
«Հայաստան և Ադրբեջանի գրավյալ տարածքներ ձեր կատարած վերջին այցից հետո և ձեր այս այցի նախօրեին Հայաստանը շփման գծում հրահրել է հերթական սադրանքը, որի հետևանքով սպանվել է մեր զինծառայողը: Ադրբեջանի բանակը, ինչպես միշտ, տվել է համարժեք պատասխան, որի արդյունքները հայտնի են»,- հայտարարել է Իլհամ Ալիևը:
Նրա պնդմամբ, հայկական կողմը բոլոր կարևոր միջոցառումներից կամ համանախագահների այցերից առաջ դիմում է սադրանքների: «Այդպես էր 2014-ին, 2016-ին և այսօր։ Նրանք, իհարկե, գիտեն, որ մեր խաղաղ բնակիչների կամ զինծառայողների նկատմամբ բոլոր ռազմական սադրանքներին մենք համարժեք պատասխան ենք տալիս»,- ասել է Ալիևը: Նրա պնդմամբ, «պատասխանատվությունը վերջին միջադեպերի համար Հայաստանի ղեկավարությունն է կրում»:
Ավելին, Իլհամ Ալիևն այսօր իր նստավայրում հայտարարել է, թե Հայաստանն ամեն գնով փորձում է խոչընդոտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը, փորձում է միջնորդների ուշադրությունը հրավիրել բացառապես անվտանգության հարցերի վրա և այդ միջադեպերն օգտագործել որպես հրադադարի խախտումների համար Ադրբեջանին մեղադրելու պատրվակ:
«Համանախագահների այցի նախօրեին հրադադարի ռեժիմի լուրջ խախտումներն ափսոսանք են հարուցում: Այն հայտարարության մեջ, որը մենք կընդունենք, արտացոլվելու է ռազմաճակատում ստեղծված իրավիճակը»,- ասել է ռուսաստանցի համանախագահ Պոպովը: Նա Բաքվում նաև նշել է, որ համանախագահների վերջին հայտարարությունը հասցեագրված էր հակամարտող երկու կողմերին:
Հիշեցնենք՝ մեկնաբանելով միջնորդների նախորդ հայտարարությունը, Հայաստանի դիվանագետներն ու փորձագետների մի մասը կարծիք են հայտնել, թե միջնորդները, փաստորեն, առաջին անգամ հասցեական քննադատություն են հնչեցրել, նկատել տալով, որ լարվածության աճը սկսվել է ադրբեջանական կողմից հրադադարը խախտելուց հետո: Նմանօրինակ տեսակետ էր հայտնել նաև Ռուսաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան:
Իգոր Պոպովն այսօր ասել է, թե շփման գծում տեղի ունեցած միջադեպերի հարցը քննարկել է ոչ միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այլև պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ: «Մենք շատ ենք ցավում այդ միջադեպերի համար և պետք է ամեն բան անենք, որ դրանք չկրկնվեն: Մեր ուժերի սահմաններում կանենք ամեն ինչ՝ լարվածությունը թուլացնելու համար»,- հավաստիացրել է Պոպովը:
Այսօր համանախագահների հետ է հանդիպել նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, նախարարն ընդգծել է, որ Բաքվի համար ներկայիս «ստատուս-քվոն» անընդունելի է և այն պետք է փոխել «բովանդակային բանակցությունների եղանակով»:
Այսօր ավելի ուշ համանախագահները Բաքվում տարածել են հայտարարություն, ըստ որի, հունիսին տարածաշրջան կատարած այցի հիմնական նպատակն էր՝ ապրիլի 28-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո ծանոթանալ կողմերի դիրքորոշումներին, քննարկել ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը և հակամարտության գոտում ընդհանուր իրավիճակը։
Նշենք, որ այս օրերին Ադրբեջանի զինված ուժերն անցկացնում են օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարություններ, որոնց մասնակցում է մինչև 23 հազար զինծառայող, 120 միավոր զրահատեխնիկա, 180 միավոր հրթիռա-հրետանային համակարգ, 30 միավոր ռազմական ավիացիա, անօդաչու թռչող սարքեր և ռադիոէլեկտրոնային հետախուզության միջոցներ: Զորավարժությունները պետք է ավարտվեն մինչև հունիսի 24-ը: