Հուլիսի կեսերից Գերմանիան կսկսի դուրս բերել իր զորախումբը Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայից: Գերմանացի զինծառայողներն ու օդանավերը կտեղափոխվեն Հորդանանի Ալ-Ազրաք ավիաբազա: Այս մասին ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն Լեյդենը՝ գերմանական «Բիլդ» թերթին կիրակի օրը տված հարցազրույցում:
Նա նշել է, որ գերմանական զորքերը կշարունակեն ներգրաված մնալ «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարող միջազգային կոալիցիայում:
Գերմանիայի պաշտպանության նախարարն ասել է, որ վերատեղակայման գործընթացում ամենկարևորը սեփական զորքերի անվտանգությունն ապահովելն է, ինչպես նաև ապահովել, որ օդանավերի թռիչքների ընդհատումը կարճ տևի:
Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը «Անադոլու» գործակալությանն ասել է, որ Գերմանիան ինքն է որոշելու իր զորախումբը դուրս բերելու ժամկետները:
Նրա խոսքերով՝ Անկարան չի պատրաստվում շտապեցնել Բեռլինին, կամ ճնշում գործադրել, որովհետև չեն ցանկանում, որ դա ազդեցություն ունենա իսլամիստների դեմ պայքարի վրա: Ըշըքը հայտնել է, որ գերմանացի իր պաշտոնակցի հետ հեռախոսով քննարկել է այդ հարցը: Նա նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Գերմանիայի իշխանություններին կոչ է արել վերանայել այն հարցերը, որոնց պատճառով Բեռլինը որոշեց դուրս գալ Ինջիրլիքից:
«Գերմանիայի հետ հարաբերություններում Թուրքիան լարվածություն չի ցանկանում, բայց և Բեռլինը պետք է հաշվի առնի Անկարայի համար զգայուն հարցերը և Ինջիրլիքից դուրս գալու որոշումը դիտարկի այդ տեսանկյունից», - «Անադոլու» գործակալությանն ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Սակայն, Բեռլինը Ինջիրլիքից դուրս գալու համար արդեն ժամկետներ է նշում: Գերմանիայի պաշտպանության նախարարը ասել է, որ մինչև հունիսի վերջը կպահպանեն «Իսլամական պետության» խմբավորումների դեմ պայքարի միջազգային կոալիցիայի գրաֆիկը: Այնուհետև որքան հնարավոր է շուտ՝ հուլիսի կեսերից, Հորդանանի Ալ-Ազրաք ավիաբազա կտեղափոխի լիցքավորող օդանավերը: Մի քանի օրից՝ հուլիսի երկրորդ կեսին դրանք կվերսկսեն թռիչքները:
«Հետախուզական «Տորնադո» օդանավերի, օդից կատարվող լուսանկարների գնահատման սարքավորումների տեղափոխումն ավելի բարդ է, դրա համար երկու ամիս կպահանջվի՝ օգոստոսից մինչև սեպտեմբեր: Հոկտեմբերից «Տորնադոներ»-ը կվերսկսեն թռիչքները», - ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը:
«Դեյլի Սաբահ» թերթը, վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրները, այսօր գրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հուլիսի 7-ից 8-ը այցելելու է Գերմանիա: Այցը կատարվում է Ինջիրլիքից դուրս գալու Գերմանիայի նախապատրաստական աշխատանքների ժամանակահատվածում:
2015 թվականից Գերմանիան Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում տեղակայել է վեց «Տորնադո» տիպի հետախուզական ինքնաթիռներ, մեկ լիցքավորող օդանավ և 260 հոգանոց անձնակազմ:
Գերմանական զորախումբը ընդգրկված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Նրանք ապահովում են ավիահետախուզությունը և կատարում նյութատեխնիկական մատակարարումներ:
Հունիսի 7-ին պաշտոնական Բեռլինը հայտնեց, որ առաջիկա ամիսներին գերմանական զորախումբը Ինջիրլիքից կտեղափոխվի Հորդանան, քանի որ Անկարան արգելում է Բունդեսթագի պատգամավորների այցելությունը Ինջիրլիքում գտնվող գերմանացի զինծառայողներին:
Նշենք, որ սա առաջին անգամը չէր, երբ Անկարան նույն ձևով ճնշում էր գործադրել Բեռլինի վրա: 2016-ի ամռանը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո, Թուրքիան երկար ժամանակ չէր արտոնում գերմանացի պատգամավորների այցելությունը Ինջիրլիք ավիաբազա: