Գործադիրն այսօր կայացած արտահերթ նիստում հաստատեց և խորհրդարան ուղարկեց կառավարության ծրագիրը: Հարցը ներկայացնող՝ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ առաջիկա հինգ տարիների համար նախատեսված այս ծրագրի առանցքը «լայնամասշտաբ բարեփոխումներն են»:
«Ծրագիրը հենվում է նախագահի ուղերձի, ՀՅԴ և ՀՀԿ նախընտրական ծրագրերի, հասարակության մեջ շրջանառվող բազմաթիվ առաջադեմ գաղափարների վրա և ունի հստակորեն ուղղված բարեփոխումնեի կառուցվածք: Յուրաքանչյուր բաժանմունքում առկա է նախկին 9 ամիսներին կառավարության իրականացրած ախտորոշման հետևանքով ամրագրված խնդիրները, այդ խնդիրների համար էլ հստակորեն տրված են առարկայական լուծումներ»,- հայտարարեց փոխվարչապետը:
Արդեն 9 ամիս կառավարությունը գլխավորող վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ընդգծեց, որ գործադիրի ծրագիրը բավականին հավակնոտ է: «Կառավարության ծրագիրը բավականին ամբիցիոզ խնդիրներ է դրել իր առջև, մենք ֆիքսել ենք, թե ինչ նպատակի ենք ուզում հասնել և՛ տնտեսական աճի վերաբերյալ, և՛ գործազրկության վերաբերյալ, և՛ նվազագույն աշխատավարձի վերաբերյալ, և արտահանման ծավալների, ինչպես նաև՝ Հարկեր-ՀՆԱ հարաբերակլցության վերաբերյալ: Բացի այդ, ըստ ոլորտների, հստակ ձևակերպել ենք այն գործողությունները, բարեփոխումները, անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է կատարենք՝ այդ նպատակներին հասնելու համար»,- ասաց վարչապետը:
Կառավարության ծրագրի քննարկման նպատակով հունիսի 21-ին գումարվելու է խորհրդարանի առաջին նստաշրջանի հերթական նիստը: Նոր կառավարության ձևավորումից հետո 20 օրվա ընթացքում ծրագրի ներկայացումը խորհրդարանին Սահմանադրության պահանջն է: Կարեն Կարապետյանի գլխավորած գործադիր մարմինն առաջին անգամ անցած հոկտեմբերին ներկայացրել էր վեցամսյա ծրագիր, որը բաղկացած էր 33 էջից: Այս անգամ գործադիրի կազմած ծրագիրը զետեղված է ավելի քան 100 էջում և նախատեսված է 2017-2022 թվականների համար:
Փոխվարչապետը նշեց, որ ծրագիրը բաղկացած է 4 բաժնից․ «Յուրաքանչյուր բաժնում արտացոլված են մեր գերատեսչությունների կողմից արդեն իսկ հստակ ժամկետներով տրամադրված այն բարեփոխումների ցանկը, որոնք, մեր կարծիքով, բերելու են փոփոխությունների»:
Կառավարության ծրագրում, ըստ էության, կրկնվում են օրեր առաջ իշխող Հանրապետականի հայտարարած զարգացման նպատակները: Օրինակ, ծրագրում նշվում է, որ 2017-2022 թվականների ընթացքում նպատակադրված է ապահովել միջին հաշվով շուրջ 5 տոկոսի տնտեսական աճ: Գործադիրն, այդուհանդերձ, չի հստակեցնում՝ արդյո՞ք այդ հինգ տոկոս աճը վերաբերում է հնգամյա ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվան, ինչի մասին հայտարարել էր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը տարեկան 5 տոկոսի տնտեսական աճը հավակնոտ ծրագիր չի համարում: Նրա խոսքով՝ նման ցուցանիշների մասին նախկինում էլ հայտարարվել է, բայց քաղաքացիներն այդ խոստումների արդյունքը երբեք չեն զգացել: «Այդ աճերի գրանցման տարիներին Հայաստանի տնտեությունը կառուցվածքային որևէ փոփոխության չի ենթարկվել: Նույն մոնոպոլիաներն են, նույն կոռուպցիան, բիզնեսի և իշխանության սերտաճումը: Ու այդ պայմաններում ստացվել է մի 4,5-5, նույնիսկ մի տարի 7,2 տոկոս աճ: Այսինքն՝ դնելով 5 տոկոսի աճի խնդիր, կառավարությունն ընդհանրապես իր վրա որևէ բարեփուխում իրականացնելու պարտավորություն չի վերցնում»,- ասաց Գևորգյանը:
Գործադիրի ծրագրում նշվում է նաև, թե խնդիր է դրվել՝ ապահովել արտահանման աճի նշանակալի տեմպեր՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի: Նպատակադրված է նաև ներկայումս պաշտոնական թվերով շուրջ 30 տոկոս կազմող աղքատության ցուցանիշն իջեցնել 12 տոկոսով, ինչպես նաև ապահովել նվազագույն աշխատավարձի 25 տոկոսի աճ:
Հայկ Գևորգյանը վստահ է, որ հինգ տարում աղքատության այդչափ նվազում հնարավոր չէ ապահովել, եթե իշխանությունները չդրսևորեն քաղաքական կամք․ «Ինչու է աղքատությունն այդքան շատ, որովհետև ֆինանսական ռեսուրսները կենտրոնացած են մի խումբ մարդկանց մոտ, իսկ բևեռացումը փոքրացնելու համար պետք է քաղաքական որոշում, որովհետև այդ շատ հարուստները իշխանության հովանավորությունը վայելողներն են»:
Չնայած ապրիլյան ընտրություններում Հանրապետականի հաղթանակից հետո վարչապետի պաշտոնում վերանշանակված Կարապետյանի գլխավորած կառավարությունը ներկայացրել է ծրագիր առաջիկա հինգ տարիների համար, այդուհանդերձ, հաջորդ տարի, երբ ավարտվեն Սերժ Սարգսյանի նախագահական լիազորություններն, ու երկիրն անցնի լիարժեք խորհրդարանական կառավարման՝ կառավարությունը պետք է դարձյալ հրաժարական ներկայացնի: