Ամերիկահայ բարերարների ֆինանսավորմամբ հիմնադրված «Արդա» բարեգործական հիմնադրամը ավարտում է Գյումրիում սոցիալական 11 բնակարանների կառուցումը։ Անի թաղամասի կիսակառույցներից մեկում օգոստոսին բնակարանները շահագործման կհանձնվեն:
Գյումրիում առաջին անգամ կառուցված սոցիալական բնակարանները կհատկացվեն տնակներում ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին։ Շուրջ 100 միլիոն դրամ է հատկացվել սոցիալական բնակարանաշինական այս ծրագրին, իր 15 տոկոս մասնաբաժնով մասնակցություն է ունեցել նաև Գյումրիի քաղաքապետարանը:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը և «Արդա»-ի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը քննարկեցին, թե ինչ չափորոշիչներ են սահմանվելու և ում են բաժին հասնելու բնակարանները:
«Չափորոշիչները՝ բալերով, ամեն ինչով, մշակեք, կազմակերպեք, հայտարարություն տվեք անպայման, որ մարդիկ ներկայանան՝ ըստ չափորոշիչների, այսինքն՝ որպեսզի մենք կարողանանք նաև էդ շահառուներին գտնենք, տնակների մեջ: Մեր համապատասխան բաժնի հետ աշխատեք և էդ չափորոշիչները դնելով», - մասնավորապես ասաց քաղաքապետը:
«Կոնկրետ մարդկանց, ընտանիքներին տրամադրումը, ոնց որ Գյումրիում արդեն էդ ավանդույթը կա՝ վիճակահանությամբ: Ցավոք, ավելի քիչ են բնակարանները, քան՝ կարիքավորները», - լրագրողների հետ զրույցում ասաց Հրահատ Ստեփանյանը:
Սամվել Բալասանյանը «Ազատության» հարցին՝ արդյոք սոցիալական բնակարանաշինությունը 3 հազար անօթևան ընտանիք ունեցող Գյումրիի համար ելք է, պատասխանեց․ - «Դե հարցը ո՞նց է լուծվում՝ կամաց-կամաց լուծում ենք, էլի: Կարելի է ասել, որ այո, ինչո՞ւ չէ, 11 բնակարան․․․ Հիմա էնտեղ նորից եթե բարերարները համաձայնեն, մոտավորապես ստացվելու է, էդ շենքի հետ կապված կիսակառույց, մոտ 34 բնակարան»:
Հարցին էլ՝ սոցիալական բնակարանների այլ առաջարկություն ստացե՞լ են, քաղաքապետն արձագանքեց․ - «Կան մարդիկ, որոնք էսպիսի առաջարկություն են կատարում՝ բնակարան են գնում, հարցնում են մեզ՝ ո՞նց տանք: Բայց ես հակում ունեմ, որ մենք ոչ թե սոցիալական, այլ մարդկանց սեփականաշնորհված տանք իրենց, բայց պայման դնենք, որն է՝ հանկարծ չարտագաղթի, չվաճառի, և այլն, և այլն, ես համամիտ եմ էդ տարբերակին: Բայց քանի որ «Արդա»-ն սոցիալական բնակարանների ծրագիր է իրականացնում, ես ողջունում եմ նաև էդ ծրագիրը»:
Թե սոցիալական բնակարանները ում հաշվեկշռում են լինելու և ինչ կարգավիճակով են հատկացվելու արդեն շահառու դարձած 11 ընտանիքներին՝ պարզաբանեց «Արդա»-ի գործադիր տնօրենը․ - «Քաղաքապետարանինն է լինելու, որովհետև սոցիալապես անապահով ընտանիքներն են, որոնք, քանի կենդանի են, քանի ապրում են՝ իրենց սեփականության պես կօգտագործեն, եթե ուրիշ խնդիր՝ էդ ժամանակ արդեն ուրիշ նմանատիպ ընտանիքների կտանք»:
Հրահատ Ստեփանյանը նաև չբացառեց, որ առաջիկայում սոցիալական բնակարաններ կառուցելու ծրագիրը շարունակվի․ - «Վստահ եմ, որ պիտի շարունակություն լինի, որովհետև ցանկացած աշխատանքի հաջող ավարտը նոր ծրագրի սկիզբ է լինում, իսկ սա, իսկապես, լավագույններից մեկն է ստացվում»: «Վստահ եմ, որ էդ նույն ոգևորությունը, դոնորը իր վերաբերմունքը կունենա շարունակության», - նշեց նա:
«Հիմա շատ կարևոր է շատ ճիշտ, թափանցիկ ու արդար ընտրություն անենք», - ասաց «Արդա» հիմնադրամի գործադիր տնօրենը:
Մեկ նպաստող հանգամանք ևս ծրագրի շարունակման համար. բարերարը, պարզվեց, գյումրեցու փեսա է: «Գյումրեցի չի, ավելի քան գյումրեցի է՝ գյումրեցու փեսա է», - ասաց Ստեփանյանը, ի պատասխան լրագրողների հարցի նաև նշելով բարերարի ազգանունը՝ Սևեջյան:
«Արդա» հիմնադրամը Գյումրիում ավելի վաղ էր նախատեսում սկսել սոցիալական բնակարանների շինարարությունը, սակայն այն ժամանակ քաղաքային իշխանությունների հետ համաձայնության չեկան, ու ծրագիրը Վանաձոր տեղափոխվեց, որտեղ արդեն տասնյակ բնակարաններ են կառուցվել:
Բարերարների՝ օգոստոսին կատարելիք այցից կախված կլինի նաև ծրագրի շարունակվել-չշարունակվելու հարցը:
Հիշեցնենք, կառավարությունն այս տարի ավարտել է 1988-ի երկրաշարժից հետո անօթևաններին բնակարանով ապահովելու բոլոր ծրագրերը, թեև Գյումրիում 3 հազարից ավելի ընտանիք դեռ շարունակում է ժամանակավոր տնակներում ապրել։