Մատչելիության հղումներ

Մեկ օրում 4 հայ զինծառայող է զոհվել․ Ստեփանակերտը «թիրախային և անհամարժեք» պատասխան է խոստանում


ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ
ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ

Լեռնային Ղարաբաղում շփման գծում վերջին մեկ օրվա ընթացքում 4 հայ զինծառայող է զոհվել։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի։ Մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող 20-ամյա Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

Երեկ էլ, ինչպես հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, ժամը 18-ի սահմաններում հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են ՊԲ 20-ամյա զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը, Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը և Վարդան Ծովակի Սարգսյանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, կիսելով կորստյան ծանր վիշտը, իր զորակցությունն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին և հավաստիացնում, որ «միջազգային համապատասխան կազմակերպությունների անհասցե հայտարարություններից ոգևորված հակառակորդի դարանակալ գործողությունների պատասխանը լինելու է թիրախային և անհամարժեք», ասված է գերատեսչության այսօրվա հաղորդագրությունում:

Հաղորդվում է, որ տեղի ունեցածի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ կա երկու վիրավոր, որոնք տեղափոխվել են Երևան՝ նրանց վիճակը կայուն ծանր է։

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելելով սահմանային զորամասեր՝ հայտարարել է, որ նման հանցագործություններն անպատիժ չեն մնալու։

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում խստորեն քննադատեց Ադրբեջանի գործողությունները, ակնկալելով միջազգային կառույցների հասցեական քննադատությունը՝ ուղղված ադրբեջանական կողմին։

«Մենք ակնկալում ենք, որպեսզի համանախագահները, ասել է թե՝ միջազգային հանրությունը, շարունակի հասցեական և կոշտ դիրքորոշումը իր արտահայտել՝ բացեիբաց, նամանավանդ, որ դրա համար կան բոլոր հիմքերը՝ և՛ պատճառները, և՛ առիթները: Եթե դա տեղի չունենա, ապա Ադրբեջանը, որը փորձում է այս վերջին հայտարարությունը ներկայացնել որպես անհեթեթություն և ընդհանրապես՝ տարօրինակություն, կհասնի իր նպատակին: Իսկ մենք չենք ուզում, որպեսզի դա տեղի ունենա․ նախ և առաջ՝ դա այդպես չէ, մենք հարգում ենք Մինսկի խմբի համանախագահների՝ խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված ջանքերը, երկրորդը՝ պետք է, որպեսզի միջազգային հանրությունը երբևիցե, էսպես, շանտաժի չենթարկվի», - ընդգծեց Բաբայանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը մեկ ամիս առաջ էր, միջնորդները թերևս առաջին անգամ հասցեական քննադատություն էին հնչեցրել՝ գրել էին, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերին լարվածության աճը սկսվել է ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետևանքով: Ավելի վաղ գրեթե նույն հայտարարությամբ հանդես էր եկել Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Դավիթ Բաբայանը անտրամաբանական պահվածք է որակում ադրբեջանական կողմի գործողությունները հատկապես Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցելության շրջանում։ Ընդամենը օրեր առաջ Մինսկի խմբի համանախագահները Երևանում էին, ինչից հետո մեկնել էին Ստեփանակերտ։

«Երբ որ համանախագահները պետք է այցելեն, դրա նախօրեին, այցելության ընթացքում և կամ դրանից անմիջապես հետո նրանք [ադրբեջանական կողմը] դիմում են այսպիսի աննորմալ քայլերի: Համանախագահները այցելել են Ստեփանակերտ, Երևան, մոտ օրերս կլինեն Բաքվում: Այս այցելությունը մի քիչ տարբերվելու է մնացած բոլոր այցելություններից, նախ և առաջ՝ առաջին անգամ կայցելեն իրենց այս վերջին հասցեական և թերևս միակ հասցեական և կոշտ հայտարարությունից հետո, երկրորդը՝ այս դեպքերից անմիջապես հետո», - ասաց Բաբայանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ այսօր տարածած հայտարարությունում պնդում է, թե իրենց գործողությունները պատասխանն են հայկական կողմի «սադրանքների», որոնց հետևանքով հունիսի 15-ին ադրբեջանական կողմը կորուստներ է ունեցել: Թե ինչ կորուստներ է կրել Ադրբեջանը՝ հայտարարությունը չի մանրամասնում: Երեկ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնել էր զինծառայող Սուլթան Շահվալադովի զոհվելու մասին:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական կողմը միջազգային որևէ կառույցի, այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների՝ տարածաշրջան այցի շրջանում խախտում է հրադադարի ռեժիմը։ Սա Ադրբեջանի բնական կեցվածքն է, որն ավելի շատ քաղաքական նպատակներ ունի, գնահատեց քաղաքագետը։

«Երբեմն նաև ինչ-որ նոր զինատեսակներ, կամ ինչ-որ ռազմական գործողություններ վարելու ինչ-որ նոր ձևեր են օգտագործում, օրինակ՝ երեկվա դեպքը այդպես կոչված հաստոցավոր նռնականետերի օգտագործումն էր ռազմաճակատում: Դա «բնական» կեցվածքն է ադրբեջանական կողմի, որը նաև ոչ թե այնքան ռազմական, այլ քաղաքական նպատակներ ունի», - ասաց Մինասյանը:

Հայաստանի արտգործնախարարությունը տարածած հաղորդագրությունում մեղադրում է Ադրբեջանին զինադադարի ռեժիմը կոպտորեն խախտելու համար։ Արտաքին գերատեսչությունը հիշեցնում է Մինսկի խմբի համանախագահների վերջին՝ հայտնի հայտարարությունը, ընդգծելով՝ «Ադրբեջանը այսպիսի սադրանքներով է արձագանքում այդ հասցեական հայտարարությանը` ի ցույց դնելով իր ողջ արհամարհանքը»։

«Բաքու համանախագահների այցի նախաշեմին, առանց միջազգային պարտավորություններին համապատասխան ծանուցման լայնածավալ զորավարժությունների անցկացումը, 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի շարունակական խախտումները, իրավիճակի սրմանն ուղղված նոր քայլերը, Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից միջազգային հանրությանը, առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահ երկրներին նետած հերթական մարտահրավերն է, որին համարժեք արձագանքի բացակայությունը կարող է ընկալվել Ադրբեջանի կողմից որպես նոր արկածախնդրությունների խրախուսում», - ասված է հայտարարությունում։

Հայաստանի արտգործնախարարությունը համոզված է, որ պաշտոնական Բաքուն, «չկարողանալով խաղաղ կարգավորման գործընթացը տանել իր նախընտրած ուղիով, փորձում է առավելության հասնելու պատրանք ստեղծել առաջնագծում, որը նույնպես դատապարտված է ձախողման, և հղի է անկանխատեսելի հետևանքներով, առաջին հերթին իրավիճակի լարումը նախաձեռնող կողմի համար»:

Հիշեցնենք՝ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում հրադադարի խախտումների քննության մեխանիզմների ներդրման մասին: Այդ համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը քանիցս շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հայկական կողմը մշտապես պատրաստակամություն է հայտնում դրանք կատարել: Ադրբեջանը, մինչդեռ, խոչընդոտում է նման մեխանիզմների ներդրումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG