Մատչելիության հղումներ

Այսօր ևս ՊԲ զինծառայող է զոհվել․ ԼՂ ՊՆ-ը «թիրախային և անհամարժեք» պատասխան է խոստանում


Երեկ հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 9:40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի 20-ամյա զինծառայող Նարեկ Տիգրանի Գասպարյանը: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսելով կորստյան ծանր վիշտը, իր զորակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին և հավաստիացնում, որ միջազգային համապատասխան կազմակերպությունների անհասցե հայտարարություններից ոգևորված հակառակորդի դարանակալ գործողությունների պատասխանը լինելու է թիրախային և անհամարժեք», - ասված է հաղորդագրությունում:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ նախագահ Բակո Սահակյանը Նարեկ Գասպարյանին և երեկ զոհված ՊԲ զինծառայողներ Վարդան Սարգսյանին, Արայիկ Մատինյանին, Վիգեն Պետրոսյանին հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն էլ երեկ հաղորդել էր իրենց մեկ զինծառայողի զոհվելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG