Այսօր «Թվիթերում» արած գրառմամբ Միացյալ Նահանգների նախագահը ըստ էության հաստատել է, որ հետաքննության տակ է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Քոմիին պաշտոնանկ անելու համար։ Ընդդիմախոսները Քոմիին պաշտոնանկ անելու Թրամփի որոշումը համարում են արդարադատության իրացմանը խոչընդոտելու փորձ:
«Ես հետաքննության տակ եմ ՀԴԲ տնօրենին պաշտոնանկ անելու համար մի մարդու կողմից, ով ինձ խորհուրդ էր տվել գործից ազատել ՀԴԲ տնօրենին։ Վհուկների որս է»,- «Թվիթեր»-ում գրել է Թրամփը։
Հայտնի չէ՝ արդյոք Թրամփը հետաքննության տակ լինելու մասին պաշտոնական ծանուցում է ստացել, թե պարզապես արձագանքել է մամուլի հրապարակումներին։ «Վաշինգտոն Փոստ»-ը, հղում կատարելով իր անանուն աղբյուրներին, այս շաբաթ գրել էր, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությունից բացի քննում է նաև հնարավորությունը, որ Թրամփը փորձել է խոչընդոտել արդարադատության իրացմանը՝ աշխատանքից ազատելով Քոմիին։
Նախքան մայիսի 9-ին պաշտոնանկ արվելը Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հետաքննությունը վարում էր ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Քոմին։