Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու արտահերթ նիստն անցավ լարված մթնոլորտում


Ի տարբերություն նախորդի, այս նիստը «Երկիր Ծիրանին» չբոյկոտեց:

Ընդվզումները սկսվեցին հենց առաջին հարցից, որը վերաբերում էր Կամո Արեյանին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելուն։

Ավագանու ընդդիմադիր անդամ Հայկ Պետրոսյանը դիմեց Տարոն Մարգարյանին՝ որքանո՞վ եք արդյունավետ համարում կրկին տեղակալ նշանակալ մի մարդու, ով 90-ականների վերջից աշխատում է համակարգում, ու իր կառավարման տարիները աչքի են ընկել կանաչապատ տարածքների նվազմամբ, ճարտարապետական շինությունների քանդմամբ։

Տարոն Մարգարյանն արձագանքեց․ - «Հանրապետականի թիմը, այո, պարոն Արեյանին առաջադրում է քաղաքապետի առաջին տեղակալ»:

«Երկիր Ծիրանի»-ից, այնուամենայնիվ, պնդում էին, որ առաջին տեղակալի պաշտոնում «նոր կադր է պետք»։ Պնդում էին ու թվարկում Արեյանի բացթողումները․ - «Այս քաղաքը ընդամենը թալանվել է, կանաչ տարածքները հնարավորինս ծառահատվել են, քաղաքի կենտրոնը, արդեն էլ տեղ չկա, կառուցապատում է: Կոնկրետ ես դեմ եմ պարոն Արեյանի պաշտոնավարմանը» (Սոնա Աղեկյան):

Հարցը դրվեց քվեարկության․ «Երկիր Ծիրանի»-ն դեմ քվերակեց, «Ելքը» ձեռնպահ մնաց, իսկ Հանրապետականի 45 կողմ ձայներով Արեյանը վերանշանակվեց։

Ու մինչ կանցնեին օրակարգի երկրորդ հարցին՝ «Երկիր Ծիրանի»-ն նոր հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ չեն աշխատում էլեկտրոնային քվեարկության կոճակները: Ավագանու ընդդիմադիր անդամ Մարինա Խաչատրյանի այս հարցին քաղաքապետն արձագանքեց․ - «Եկել եք քաղաքի կառավարմանը մասնակցելու, սա ամենափոքր դժվարությունն է: Դժվարությունները դեռ առջևում են»:

Կրքերը հանդարտվեցին, բայց քիչ անց կրկին թեժացան՝ երբ քննարկման դրվեցին Վահե Նիկոյանի, Դավիթ Օհանյանի և Արամ Սուքիասյանի նշանակման հարցերը։ Գործող փոխքաղաքապետերին վերանշանակելը հավանության չարժանացավ ընդդիմադիրների կողմից։ «Ելք» խմբակցությունը, հիշեցնելով «մահվան Գազելների» մասին, Նիկոյանին զգուշացրեց՝ նրա ոչ մի քայլը չի վրիպելու իրենք ուշադրությունից․ - «Մեր ապագա քվեարկությունը խնդրում եմ ընդունել որպես Ձեր գործունեության կրեդիտ և նաև «Ելք» խմբակցության կողմից այն պարտավորությունը, որով նաև մենք հանգիստ չենք տալու Ձեզ Ձեր աշխատանքների մեջ»:

Առողջապահության ոլորտի համար պատասխանատու Դավիթ Օհանյանի գործունեությունն էլ բավարար չգնահատվեց։ «Երկիր Ծիրանի»-ից մասնագիտությամբ բժիշկ Մարինա Խաչատրյանը նկատեց, որ ամբուլատորիաներում ամեն ինչն այնպես գեղեցիկ չէ, ինչպես ներկայացվում է: Օրինակ, ջեռուցումը միացվում է ու անջատվում շատ ուշ։

Կրթության ոլորտի համար պատասխանատու փոխաքաղաքապետի թեկնածու Արամ Սուքիասյանի աշխատանքին էլ գնահատականներ տրվեցին։ «Երկիր Ծիրանի»-ն խոսեց շատերին հուզող մանկապարտեզների գերհագեցվածության, նաև գումարների հավաքագրման ու անգամ մաղարիչի մասին․ - «Հարգելի քաղաքապետ, լուրեր են պտտվում, որ անձամբ Ձեզ փոխանցում են երկու հարյուր դոլար կաշառք, որպեսզի երեխան կարողանա այցելել նախադպրոցական հիմնարկ: Եթե երեխայի ծնողը չի կարողանում վճարել այդ երկու հարյուր դոլարը, ապա նա այդպես էլ չի հաճախում մանկապարտեզ»:

Տարոն Մարգարյանի արձագանքը․ - «Հարգելի ավագանու անդամ, կխնդրեմ իրականությանը մոտենալ, 14-րդ դարից վերադառնալ 21-րդ դար»:

Հարցերից ու պատասխաներից հետո քվեարկության արդյունքում երեք փոխքաղաքապետերն էլ վերանշանակվեցին։

Մինչև մյուս հարցին անցնելը հայտարարված ընդմիջման ընթացքում Կամո Արեյանը, ի պատասխան «Ազատության» հարցին, թե արդյոք ճիշտ չէր համարում իր տեղը զիջել երիտասարդ կադրերին, ասաց․ - «Ես իմ տեղը լավ գիտեմ: Եվ որտեղ ես եմ, պատիվ եմ բերում այդ տեղին: Իմ աշխատանքը գնահատողը երևանցիներն են, հինգ հոգու կարծիքը դեռ երևանցիների կարծիքը չէ»:

Նիստը վերսկսվեց մեկ այլ կարևոր հարցով։ Սեղանին քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարների աշխատակազմի հաստիքացուցակն ու աշխատավարձերի հաստատումն էր։ «Ելք»-ը ցուցակներում հակասություններ է նկատել և հանդես եկավ առաջարկությամբ՝ օպտիմալացնել վարչական շրջանների աշխատակիցների թիվը:

«Համեմատեցի Արաբկիրի, Շենգավիթի կոմունալ բաժինները․ Արաբկիրում՝ 21, Շենգավիթում՝ 13․․․ Ես որքան գիտեմ, բնակչության տարբերությունը չնչին պետք է լինի: Կրթությունը՝ 11 հոգի Արաբկիր, 8՝ Շենգավիթ․․․ Հիմա ուզում եմ հասկանալ՝ ո՞ր վարչությունն է թերանում, կամ արդյո՞ք էստեղ չունենք ավել մասնագետներ յուրաքանչյուր վարչությունում», - հարցրեց ավագանու ընդդիմադիր անդամ Արայիկ Հարությունյանը:

Վահե Նիկոյանն ի պատասխան ասաց, թե տաբերություն կա, բայց որևէ ավելորդ հաստիք վարչական շրջաններում չկա։

Համայնքային իշխանությունը մոտ 2000 աշխատակից ունի, որոնց միջին աշխատավարձը կազմում է 218 հազար դրամ։

Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ այս պահին չեն կարող գնալ օպտիմալացման: ««Երկիր Ծիրանին» անմիջապես ակնարկի հնարավորություն խնդրեց։ Քաղաքապետը նշեց՝ խոսելու իրավունք ունի միայն խմբակցության ղեկավարը։ Նկատենք, որ Զարուհի Փոստանջյանը եկել էր, բայց զուսպ էր մեկնաբանությունների հարցում։

Ի վերջո հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց։ Կողմ քվեարկեց միայն Հանրապետական խմբակցությունը։

Նիստի ավարտին, անդրադառնալով լարվածությանը, Տարոն Մարգարյանը ասաց, թե «շատ հաճելի նիստ էր»։ «Ազատության» հարցին, թե արդյոք առաջիկա 5 տարիներին նիստերը նման ոճով են շարունակվելու, Մարգարյանն արձագանքեց․ - «Եթե եկել են միայն մեր առաջարկությունները քննադատելու, փորձելու ցեխ նետել մեր առաջարկություններին, այո՛, մենք չենք հանդուրժելու և նման ձևի անցկացնելու ենք նիստերը»:

Քաղաքապետը անդարադրձավ նաև այն հարցին, որ «Երկիր Ծիրանի» խմբակցությունը պատրաստվում է իրենց դատի տալ Երևանի ջրահեռացման համակարգի թերի աշխատանքի համար՝ ասելով, որ այդ մասին տեղեկացել է մամուլից և լուրջ չի ընդունել։ Իսկ ընդդիմադիրների առաջարկեց խնդիրները լուծել միասին, այլ ոչ թե դատարանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG