Արմավիրի մարզի Մրգաստան գյուղը օրեր առաջ տեղացած կարկուտի հետևանքով մնացել է առանց մրգի ու բանջարեղենի։ Գյուղացիներն ասում են՝ այդ օրը կարկտահարված 8 գյուղերից ամենաշատը իրենք են տուժել:
«Մրգաստան գյուղը, որ մրգերով, բանջարեղենով ապահովում էր քաղաքին: Իսկ հիմա չկա», - «Ազատության» հետ զրույցում բողոքում էր այգեգործներից մեկը: - «Էս տարի մի կերպ դուք էլ յոլա պիտի էթաք, մեզ էլ ընենց անեք, որ կարողանանք հասնել հաջորդ գարուն», - հավելում էր նա:
Դաշտերը մշակել են վարկերով՝ հուս ունենալով, որ գոնե այս տարվա բերքով նախորդ տարվա կարկուտի վնասները կփակեն։ Շատերի տներն ու ավտոմեքենաները վարկի տակ են և հույս էլ չունեն, որ այս տարի պետությունից որևէ աջակցություն կստանան։
22-ամյա Գուրգենը, ով իր ազգականների հետ 33 հեկտար հող է մշակում, գյուղատնտեսությունից դուրս ապրուստի միջոց վաստակելու միակ տարբերակը արտագնա աշխատանքն է համարում․ - «Երեխա վախտվանից ես իմ ծնողների հետ գյուղատնտեսությամբ եմ զբաղվում: Մեր աշխատանքը էդա․․․ ու էսօրվա դրությամբ էլ մենք էս օրին ենք, որովհետև բնական աղետա: Ի՞նչ պիտի անենք մենք հիմա»:
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հանձնարարել էր գյուղատնտեսության և տարածքային կառավարման նախարարներին և Արմավիրի մարզպետին եռօրյա ժամկետում ուսումնասիրել և ամփոփել կարկուտի հետևանքով առաջացած վնասները և Կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն և տեղեկանք: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն էլ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում կոչ էր արել գյուղացիներին գյուղատնտեսությամբ զբաղվելուց առաջ գնահատել ռիսկերը․ - «Գյուղատնտեսը պետք է որոշի, գնահատի իր ռիսկերը և որոշի՝ զբաղվի, թե՞ չզբաղվի»:
«Նախարարությունից էլ թող գան՝ մեզ հետ նստեն, հաշվարկենք», - արձագանքում են մրգաստանցիները: Ասում են՝ հողը մշակելուց առաջ ռիսկերը գնահատում են, բայց հուսով, որ Կառավարությունը գոնե այս տարի հակակարկտային կայաններ կտեղադրի իրենց գյուղում։
Արդեն կրած վնասների դեպքում էլ ուզում են, որ գոնե վարկերը ժամանակավորապես սառեցվեն։
Հայաստանի ագրարագյուղացիական միավորում հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ գյուղացին հոգնել է խոստումներից և նախարարի խոսքերը ընդամենը կնպաստեն գյուղերի դատարկմանը։
«Նախարարը պետքա պատասխան տա էս բառերի համար վարչապետի առաջ, թե ինչ նկատի ուներ, ի՞նչ էր ուզում սրանով ասեր: Եթե գնում ենք Հայաստանի գյուղերը հայաթափելու, ազգաբնակչությանը ուղարկելու, այստեղ արդեն ուրիշ խնդիր է», - մեկնաբանում է բերբերյանը: