«Ցուցանիշները ամբիցիոզ են բավականին: Եվ մենք չենք վախենում մեր առջև դնենք ավելի բարձր թիրախային ցուցանիշներ: Ընդ որում, այդ բարձր նշաձողը, ես պետք է նշեմ, որ նախագահը իր ելույթում նաև դրեց կառավարության առջև, և մենք պարտավոր ենք դա իրագործել», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Արամյանը:
Նախորդ տարվա 0.2 տոկոս տնտեսական աճից հետո կառավարությունն այս տարվա բյուջեով նախատեսել է միայն 3.2 տոկոս տնտեսական աճ: Համաշխարհային բանկը, մինչդեռ, այս տարի Հայաստանի համար կանխատեսել է ավելի քիչ՝ ընդամենը 2.7 տոկոսի աճ:
Ֆինանսների նախարարը վստահ է, որ տնտեսական աճի ցուցանիշները բարելավվելու են ներդրումների, ինչպես նաև կառուցվածքային բարեփոխումների ու արտահանման շնորհիվ․ - «3.2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը մեր ամբիցիաները չէ, մեր հավակնությունները չէ: Որպեսզի մենք կարողանանք սոցիալական խնդիրները ավելի դյուրին լուծել, մենք պետք է հավակնել ավելի բարձր տնտեսական աճի: Հավակնությունը դա նշանակում է ջանքեր: Կհաջողվի թե չէ՝ ժամանակը ցույց կտա»:
Իշխող Հանրապետականի ղեկավար մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ ասաց, որ իշխող ուժը կառավարությանն առաջարկել է ապահովել տարեկան 5 տոկոս տնտեսական աճ, առաջիկա 5 տարիներին 25 տոկոսով բարձրացնել նվազագույն աշխատավարձը, գործազրկությունը նվազեցնել մինչև 12 տոկոս, լուրջ ուշադրություն դարձնել հակակոռուպցիոն բարեփոխումներին, բարելավել Հայաստանի դիրքը Doing Business-ում՝ հասցնելով այն 25-րդ հորիզոնականին:
«Ազատության» հարցին, թե արդյո՞ք ինքը հրաժարական կներկայացնի, եթե չկարողանա ապահովել իշխող ուժի առաջադրած ցուցանիշները, Վարդան Արամյանը հստակ չպատասխանեց՝ ասելով, թե կան բազմաթիվ գործոններ, որոնք կարող են խանգարել տնտեսական ցուցանիշների բարելավմանը․ - «Ասենք, 2013 թվականին որևիցե մեկը չէր կարող կանխատեսել, որ սանկցիաների պատերազմ կսկսվի Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև: Բայց դա իրագործվեց: Կա՞ր դրա հետևից տնտեսական էֆեկտներ: Այո, իհարկե կար»:
Չորս տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանը պահանջեց այն ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունից ապահովել տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, հակառակ պարագայում, ըստ Սարգսյանի՝ կառավարությունը պետք է հրաժարական ներկայացներ: Սերժ Սարգսյանի խոսքերից հետո երկրորդ կառավարությունն է փոխվում, սակայն տարեկան 7 տոկոս տնտեսական աճն այդպես էլ իրականություն չդարձավ:
Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանն այսօր «Ազատության» եթերում նշեց, որ փաստորեն իշխող ուժը տնտեսական աճի նշաձողը 7-ից իջեցրել է 5 տոկոսի, սակայն դրա ապահովման դեպքում էլ քաղաքացիների կյանքի որակն էապես չի փոխվի․ - «Զարգացող տնտեսության համար 5 տոկոսանոց տնտեսական աճը դա, կարելի է ասել, ոչինչ ա: Հինգ տարվա համար են ասում․ հինգ տարվա ընթացքում տարեկան 5 տոկոս եթե տնտեսական աճ լինի, հինգ տարի հետո մեր ՀՆԱ-ն կկազմի, ասենք, 13 կամ 14 միլիարդ դոլար ընդամենը՝ այն դեպքում, երբ որ հիմա 11 միլիարդ ա: Դա շատ փոքր ցուցանիշ է»:
Ֆինանսների նախարարն այսօր նաև տեղեկացրեց, որ այս տարվա առաջին եռամսյակում համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 6.5 տոկոս, ինչը լավ ցուցանիշ է, քանի որ ամբողջ տարվա համար թիրախավորվել է 3.2 տոկոսի աճ: Արամյանը նաև փոխանցեց, որ 2017-ի առաջին հինգ ամիսներին արտահանումը երկու տոկոսով ավելի արագ է աճել, քան ներմուծումը:
Ըստ նախարարի՝ հարկերի հավաքումը տարվա առաջին եռամսյակում նախատեսածից 13 միլիարդ դրամով ավելի բարձր է եղել․ - «Երկու ամիսների ընթացքում մենք ավելի քան 10 միլիարդ դրամով նախորդ տարվա նկատմամբ ևս ունենք հարկերի հավաքագրումների աճ: Եվ այս սցենարը եթե մենք շարունակում ենք ամբողջ տարվա ընթացքում, կանգնում ենք մենք 1 տրիլիոն 197 միլիարդ ծրագրային ցուցանիշի վրա: Իհարկե, մենք բազմիցս ասել ենք, որ այդ նշաձողը բավականին ամբիցիոզ է, մենք ջանքեր ենք գործադրելու, բայց առայժմ հարկերի հավաքագրման այս վարքագիծը թույլ է տալիս ենթադրել, որ մենք կկարողանանք 1 տրիլիոն 197 միլիարդ ամբիցիոզ ծրագիրը իրագործել»:
Արամյանի փոխանցմամբ՝ առաջին եռամսյակում շուրջ 26 միլիարդ դրամով նախատեսվածից ավելի քիչ ծախս է իրականացվել: Ցուցանիշների ներկայացումը նախարարն ամփոփեց դրական եզրակացությամբ․ - «Այն թիրախները, որոնք որ մեզ համար մենք սահմանել էինք, Ֆինանսների նախարարությունը ամբողջությամբ կատարել է»:
Այսօր նաև ներկայացվեց Ֆինանսների նախարարության նորացված կայքը: Նախարարի խոսքով՝ կայքը թարմացվել է նախարարության աշխատակիցների կողմից՝ առանց հավելյալ ծախսերի: Խնդիր է դրվել հնարավորինս պարզ ու հասանելի հարթակ ստեղծել քաղաքացիների համար: