Մատչելիության հղումներ

GIF ֆորմատը 30 տարեկան է


Նկարների թվային տեսքով ներկայացման GIF ֆորմատը 30 տարեկան է:

GIF հապավումը բացվում է որպես Գրաֆիկայի փոխանակման ֆորմատ (Graphics Interchange Format): Բիտային քարտեզների հիման վրա նկարները թվային տեսքով ներկայացնելու այս ֆորմատը ստեղծվել է 1987 թվականին՝ ծրագրավորող Սթիվ Ուիլհայթի կողմից, ով այդ ժամանակ աշխատում էր ամերիկյան առաջին խոշոր ինտերնետային ծառայություն մատուցող ընկերությունում՝ CompuServe-ում: Ուիլհայթին առաջադրանք էր տրվել ներբեռնվող գունավոր նկարները ինտերնետում տեղադրելու ֆորմատ ստեղծել: 1995 թվականին GIF ֆորմատում ավելացավ միանգամից մի քանի նկար հաջորդաբար նվագարկելու՝ այլ կերպ ասած անիմացիա ներկայացնելու հնարավորություն:

GIF-երը սովորաբար օգտագործվում են կարճ անիմացիաների և ցածր կետայնությամբ, անձայն, կրկնվող տեսաշարերի համար:

GIF-երը շատ էին օգտագործվում Ինտերնետի ստեղծման առաջին տարիներին՝ 90-ականներին: Այնուհետև, որոշ ժամանակ դրանց օգտագործումը պակասել էր, սակայն սոցցանցերի օգտագործողները նոր կիրառություններ գտան կարճ անիմացիաների համար և վերջին տարիներին արդեն երրորդ տասնամյակը թևակոխած ֆորմատը մեծ աճ արձանագրեց: Այսօր անիմացիոն GIF-եր կարելի է տեսնել Twitter, Facebook և WhatsApp հարթակներում, ինչպես նաև տեքստային հաղորդագրություններում:

Facebook-ը ավելացնում է GIF-եր՝ մեկնաբանություններում

Ի պատիվ GIF ֆորմատի 30-րդ տարեդարձի՝ Facebook սոցիալական ցանցը ավելացրել է մեկնաբանություններում GIF-եր տեղադրելու հնարավորություն:

«GIF-ը ինտերնետային հաղորդակցությունը ավելի ուրախ, ավելի վիզուալ և, եկեք անկեղծ լինենք՝ շատ ավելի ծիծաղելի է դարձրել», - ասված է այս առիթով սոցցանցի հրապարակած հաղորդագրությունում․ - «Մենք գիտենք, որ մարդիկ սիրում են օգտագործել GIF-եր կարճ հաղորդագրություններում, և մենք նաև պարզեցրել ենք Facebook-ում դրանց օգտագործումը: Այսօրվանից մենք ներկայացնում ենք մեկնաբանություններում GIF-եր տեղադրելու հնարավորություն ամբողջ աշխարհում: Պարզապես սեղմեք GIF կոճակը մեկնաբանությունների դաշտում, տպեք այն արտահայտությունը, որին համապատասխանող GIF եք ուզում տեղադրել և ընտրեք առաջարկված տարբերակներից այն մեկը, որը ամենաճիշտն է արտացոլում Ձեր ասելիքը»:

Ինչպե՞ս արտասանել GIF

Նույն հաղորդագրությունում Facebook-ը նաև օգտատերերին առաջարկել է պատասխանել այն հարցին, թե ինչպես է հարկավոր արտաբերել ֆորմատի անունը՝ ԳԻՖ, թե՞ ՋԻՖ:

Նշենք, որ այս թեմայով վիճաբանությունները չեն դադարում տարիներ շարունակ:

Ֆորմատի ստեղծողը՝ Ուիլհայթը, 2013 թվականին փորձեց պարզաբանել հարցը՝ պնդելով, թե ցանկալի է արտաբերել փափուկ G, այսինքն՝ ՋԻՖ:

«Օքսֆորդի Անգլերենի Բառարանը երկու արտասանություն էլ ընդունում է», - նշել էր ծրագրավորողը: - «Նրանք սխալվում են: Դա փափուկ G է, արտասանվում է ՋԻՖ: Այդքան բան», - հավելել էր Ուլհայթը:

Այդուհանդերձ, նույնիսկ ֆորմատի ստեղծողի այս հայտարարությունից հետո արտասանության շուրջ վերջնական համաձայնություն չկա: Ամերիկյան տեխնոլոգիական լրագրողները հաճախ արտասանում են ԳԻՖ/ՋԻՖ, հիշատակելով երկու տարբերակն էլ:

XS
SM
MD
LG