Մատչելիության հղումներ

Փոստանջյան. «Ելք»-ը ստեղծվել է իշխանության կողմից»


Ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» կուսակցությունը մեղադրում է «Ելք» դաշինքին ոչ-իրական ընդդիմություն լինելու մեջ:

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը պնդում է՝ «քաղաքական այդ ուժը ստեղծվել է իշխանության կողմից, որպեսզի այն ընդդիմության անվան տակ ծառայություններ մատուցի գործող ռեժիմին»:

Փոստանջյանը պատահական չի համարում, որ տարբեր հարցերի շուրջ «Ելք»-ի քաղաքական դիրքորոշումները համընկնում են իշխանության քաղաքական գծին:

Ըստ Փոստանջյանի, նախ դաշինքի անդամները հրաժարվեցին պայքարել սահմանադրական փոփոխությունների դեմ՝ համարելով դա «կեղծ օրակարգ», այժմ էլ «Ելք»-ի անդամները քննադատում են «Սասնա ծռեր»-ին՝ պնդելով, թե նրանք «հանցագործներ են»։

«Ելք»-ը կարող է բազմիցս տարբեր հայտարարություններ անել, որը վերաբերում է իրենց դիրքորոշումներին, դա այն է, որ կեղծ օրակարգ է սահմանադրական հանրաքվեն, մինչդեռ սահմանադրական հանրաքվեն փաստացի շեմն է այն նվազագույն, որը հիմք պետք է դներ այսօրվա այս կոշտ ավտորիտարիզմի անցման համար», - ասաց Փոստանջյանը՝ շարունակելով. - «Ակնհայտ է իրենց քաղաքական դիրքորոշումներից, որ նրանք ընդդիմություն չեն կարող լինել, որովհետև այդ դիրքորոշումները, որը իրենք հայտնում են, դրանք ուղղակի համընկնում են այսօրվա գործող ապօրինի ռեժիմի դիրքորոշումների հետ։ Հետևաբար ի՞նչ ընդդիմության մասին կարող է լինել խոսքը։ Դեռ ավելին՝ նրանք հայտարարում են, որ «Սասնա ծռեր»-ը քաղաքական հալածյալներ չեն, և ուղղակի ասում են, որ նրանք քրեական հանցագործներ են։ Հետևաբար այս ամենը պետք է գնահատես նույն տիրույթում, և գնահատականը հետևյալն է՝ որ նրանք նույնպես նույն քաղաքականության գիծը կրողն են, սպասարկողն են, ինչպես գործող ապօրինի իշխանությունը»։

«Ազատություն». - Նպատակը ո՞րն է, ինչո՞ւ է, Ձեր կարծիքով, «Ելք»-ը գնացել իշխանության հետ նման համագործակցության։

Փոստանջյան. - Չի գնացել, իրենց կողմից ստեղծված, կազմակերպված այս խումբն է, հետևաբար իրենց կողմից ստեղծվածն է, իրենց ծառայություններ պետք է մատուցի։ Սա է։

«Ազատություն». - Որպես ընդդիմությո՞ւն։

Փոստանջյան. - Այդ անունն ուղղակի պետք է կրի, որպեսզի ցույց տա, որ իբրև թե Հայաստանում գոյություն ունի ընդդիմություն, և իրենց է այդ դերակատարությունը տրվել։

«Ազատություն». - Սա նշանակում է, որ Դուք համագործակցություն դժվա՞ր եք պատկերացնում ավագանիում։

Փոստանջյան. - Մենք արդեն իրենց ասեցինք, որ նրանք հաճախորդներ են, հետևաբար հաճախորդների հետ մենք չենք կարող համագործակցել։ Այսինքն՝ այդ քաղաքական ուժն ինքը հաճախորդաց քաղաքական ուժ է, հետևաբար բացառվում է։

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, մինչդեռ, հակադարձում է՝ Զարուհի Փոստանջյանը Ազգային ժողովի պատգամավորական մանդատը կորցնելուն զուգահեռ՝ քաղաքական ողջախոհությունն է կորցրել:

Հարցին՝ արդյո՞ք բացառում են իրենց կապը իշխանության հետ, Խաժակյանը պատասխանեց, թե «Ելք» դաշինքն ամենահզոր ընդդիմադիր ուժն է, որի նպատակն է Հայաստանում իրական փոփոխությունների հասնել:

Ինչ վերաբերում է իրենց քննադատներին, ապա, ըստ Խաժակյանի, նրանք առաջիկայում մարգինալ են դառնալու՝ դուրս մղվելով քաղաքական դաշտից: «Քաղաքական ծաղրածուները միշտ էլ կարող են տեղ գտնել հասարակության մեջ», - հակադարձում է ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը:

«Ելք» դաշինքը հայտարարում է, որ իր գործունեությունը միտված է Հայաստանում իշխանության փոփոխության նկատմամբ։ Իրենք պարզապես չեն պատկերացնում իշխանափոխության ճանապարհը, իրենց պատկերացնում են մշտապես ընդդիմություն մնալ, և ես վստահ եմ, որ նման ճանապարհով իրենք նույնիսկ ընդդիմություն էլ չեն մնա, կմարգինալանան և դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական դաշտից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաժակյանը։

Մինչդեռ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը պատահական չի համարում, որ «Ելք»-ի ավագանու անդամներն այս շաբաթ մասնակցեցին քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը, որին ներկա էր և ելույթ ունեցավ Սերժ Սարգսյանը:

Այս արարողությունից հետո «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ՝ շեշտելով, թե «ժողովրդավարություն խաղալու համար Սերժ Սարգսյանին և Հանրապետականին խիստ անհրաժեշտ են ընդդիմադիրների մասնակցությամբ տեսարանները»։

«Երկիր Ծիրանի»-ն դատապարտում է ընդդիմադիր անվան տակ գործող խմբակի մատուցած ծառայությունները Սերժ Սարգսյանին և Հանրապետականին», - ասված էր հայտարարության մեջ:

Ի դեպ քաղաքապետի երդմնակալության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում ուշագրավ հայտարարություն արեց, ասելով, թե Տարոն Մարգարյանը պետք է գիշեր-ցերեկ աշխատի, որպեսզի հաջորդ ընտրություններում է՛լ ավելի շատ քվեներ հավաքի և շարունակի կառավարել Երևանը:

Նկատենք, մայիսի 14-ի ավագանու ընտրություններում Տարոն Մարգարյանի գլխավորած Հանրապետականի ցուցակն ավելի քան 71 տոկոս ձայն էր ստացել:

«Պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել, որպեսզի կարողանաս հաջորդ ընտրություններին ավելի շատ քվեներ վաստակել և շարունակել կառավարել Երևանը», - ասել էր Սերժ Սարգսյանը։

Ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարի համոզմամբ, Սերժ Սարգսյանի այս հայտարարությունն ուղերձ էր այն մասին, որ նա հեռանալ չի պատրաստվում:

«Դա ուղղված չէր ո՛չ Տարոնին, ո՛չ էլ ընդհանուր հանրությանն, այլ ուղղված էր իր շրջապատին, որ նա չի պատրաստվում հեռանալ, և 2018 թվականից հետո նա պատրաստվում է մնալ, բայց, իհարկե, դա դեռ չի նշանակում, որ նա կմնա, կամ մենք թույլ կտանք, որ նա մնա», - ասաց Փոստանջյանը։

Թե արդյոք 71 տոկոսից էլ ավելի քվե ստանալու պարագայում իշխանությունը մտավախություն չունի՞, որ կարող է համեմատվել բռանտիրական ռեժիմների հետ, իշխող Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հակադարձեց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի օրինակով, ով ընտրություններում ստացել էր 66 տոկոս ձայն:

«Մինչև այդ տարբեր փորձագետներ ասում էին, որ եթե 51 չլինի... բայց Մակրոնը հենց 66 տոկոսով հաղթեց արդեն ոնց որ բան չեն խոսում։ Էդ ո՞նց է լինում։ Այսինքն՝ ժողովրդի ընտրությունը քննարկման ենթակա չէ», - ասաց ՀՀԿ խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG