Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանը, ով երեկ վերընտրվել է նույն պաշտոնում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոստովանեց, որ ծերերի խնամքի կենտրոնում խնդիրներ կան, սակայն ինքը ընդամենը երեք ամիս է աշխատում և միանգամից դրանք լուծել չի կարող:
Արձագաքնելով սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութին, որտեղ ծերերը պատմում են իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի մասին՝ Զուրաբյանը նախ ասաց, թե «տեսանյութը չափազանցված էր», ապա հավելեց, որ այդուհանդերձ մեղավորները պատժի ենթարկվել են․ - «Մեծ մարդիկ են, չի բացառվում, որ իրենք կարողանան աշխատակցին հունից հանել: Չնայած իմ համար դա ընդունելի չի: Պատժել եմ՝ նկատողության եմ ենթարկել»:
«Հայկական ժամանակի» օրաթերթի տեսանյութում ծերերը սարսափելի պատմություններ են պատմում, թե ինչպես են ծեծի ենթարկվում, ինչ ահավոր պայմաններում են ապրում, և որ ղեկավարությունը պարզապես աչք է փակում այդ ամենի վրա:
Մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ ասել էր, որ իր ղեկավարած գրասենյակը խնդիրներ է արձանագրել ինտերնատում՝ հիգիենիկ պայմանների, դիետիկ սննդի, սնունդն ուշացնելու հետ կապված:
Տնօրեն Զուրաբյանը, սակայն, ընդունում է քննադատության մի մասը միայն․ - «Ձեր տանն էլ, եթե դուք նստեք հաց ուտեք, վերջում էղածը գդալով ճզմեք, դա նկարեք, գցեք «Ֆեյսբուք», որ նայեն, կասեն խոզի լափ են ուտում․․․ Հակահիգիենիկ պայմաններ ունենք, բայց գրեթե լուծել ենք դրա 80 տոկոսը: Ընդամենը երեք ամսում ինչի որ ես հասել եմ, ես էլ գոհ չեմ դրանով»:
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում այս տարվա ընթացքում 25 խնամյալ է մահացել:
Զուրաբյանը դժվարացավ վիճակագրություն կամ որևէ բացատրություն ներկայացնել այս խնդրի հետ կապված: Մինչդեռ հայտնի տեսանյութում ծերերն ասում էին, թե մարդիկ մահանում են, որովհետև զրկված են տարրական բուժօգնությունից:
Մտահոգիչ է նաև հոգեկական շեղումներով մարդկանց ներկայությունը ինտերնատում: Զուրաբյանն այստեղ նույնպես խնդիր տեսնում է, ասում է, որ աշխատակիցիներն առանձացրել են 30 հոգու, ովքեր մասնագետի կարիք ունեն: Իսկ ինքն անցած ամիս նամակով դիմել է Նուբարաշենի հոգեբուժարանին, սակայն դեռ պատասխան չի ստացել․ - «Մինչև իրենք չգան, եզրակացությունը չտան, ես որոշում չեմ կարող կայացնել՝ ունե՞նք հոգեկան հիվանդ, թե՞ ոչ»:
Մինչդեռ ինտերնատի հոգեբան Գայանե Կիրակոսյանը, ով երեկ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, վստահ է, որ նոր ղեկավարությունը չի ցանկանում խնդիրները լուծել: «Ազատության» հետ զրուցում նա պատմեց, որ տնօրինությունն ակնհայտ հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց է ընդունում՝ առանց հոգեբանի հետ խորհրդակցելու: Ավելին՝ հոգեկան խնդիրներով մարդիկ հետագայում հայտնվում են առողջ մարդկանց հետ նույն սենյակում․ - «Երբ որ ես բարձրաձայնում եմ, որ նման բան չի կարելի թույլ տալ, որ առողջ մարդը ապրի հոգեկան հիվանդի հետ, ինձ ընդհանրապես առհամարհում են: Ես երեք տարում չեմ հասել ո՛չ ընդունելության մասնակցելու պահին, ո՛չ տեղափոխման ժամանակ են որևէ իմ կարծիքը հարցրել»:
Խնդրահարույց են նաև ինտերնատի շենքային պայմանները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացանք, որ այս տարի շուրջ 322 միլիոն դրամ է հատկացվել ինտերնատին: Այդ գումարի մեկ երրորդը ծասխվել է 4 ամսվա ընթացքում՝ միայն աշխատավարձերի, սննդամթերքի, կոմունալ ծախսերի վրա:
Նոր տնօրենն այսօր ասաց, որ պետական բյուջեից ստացվող գումարները չեն բավարարում և ընդգծեց, որ նոր դոնորների հետ են աշխատելու: Նաև տեղեկացրեց, որ Քուվեյթի ֆինանսավորմամբ կառուցվել է նոր մասնաշենքը, որտեղ շուտով կտեղափոխեն 250 խնամյալներից 72-ին:
«Ազատության» դիտարկմանը, թե այս ամենից հետո հանրությունը դժվարանում է հավատալ, որ ինտերնատին տրվող կամ տրվելիք գումարները նպատակային են օգտագործվում, Զուրաբյանն արձագանքեց, թե իր նախորդին չի փնովի՝ խոստանալով մինչև տարեվերջ շոշափելի փոփոխություններ իրականցնել:
Աղմկահարույց այս փաստերի մասին առաջին անգամ ահազանգել էին «Ելք» դաշինքի պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ու Երևանի ավագանու անդամ Հարություն Բաբայանը:
Այսօր «Ազատության» հետ զրույցում Բաբայանը ասաց, թե տնօրենի փոփոխությամբ արմատացած խնդիրները չեն լուծվի: Նրա ձևակերպմամբ՝ համակարգի անկատարության հետևանքով տուն-ինտերնատն ասյօր վերածվել է համակենտրոնացման ճամբարի․ - «Երկհարկանի շենք, որը կոչվում է․․․ մահացողների պալատ: Այստեղ խնդիրը լրիվ պատկանում է մարդու իրավունքներին, եկեղեցուն, սոցապնախարարությանը, դատախազությանը․․․ այդ խնդիրն արդեն իրենցն է»:
Դեռևս այս տարվա հունվարին նախ Վերահսկիչ պալատը, ապա Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ստուգումներ էին իրականացրել թիվ 1 տուն-ինտերնատում և բացահայտել շատ լուրջ խախտումներ՝ հավելագրումներ և գումարի յուրացումներ: Այս առիթով հարուցվել էր քրեական գործ:
Ի դեպ, այսօր լրագրողներին խնդրեցին չայցելել ինտերնատ՝ պատճառաբանելով, թե տարեց մարդիկ հոգնել են տեսախցիկներից: