«Սահմանադրության համաձայն, վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը գալիք տարի հրաժարական է ներկայացնելու, իսկ ինչպիսի կառավարություն կլինի մյուս տարի` կխոսենք 2018-ին», - հինգշաբթի երեկոյան Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Մինչ այդ Ազգային ժողովի փոխխոսնակը տեղեկացրեց, որ իշխող ուժի ղեկավար մարմնի նիստում քննարկվել է առաջիկայում խորհրդարանին ներկայացվելիք կառավարության ծրագիրը, որը հիմնված է նախագահ Սերժ Սարգսյանի՝ մայիսի 18-ի ծրագրային ելույթի վրա, և ՀՀԿ-ն, ըստ Շարմազանովի, կառավարությանն առաջարկել է ապահովել տարեկան 5 տոկոս տնտեսական աճ, առաջիկա 5 տարիներին 25 տոկոսով բարձրացնել նվազագույն աշխատավարձը, գործազրկությունը նվազեցնել մինչև 12 տոկոսի, լուրջ ուշադրություն դարձնել հակակոռուպցիոն բարեփոխումներին, բարելավել Հայաստանի դիրքը Doing Business-ում՝ հասցնելով այն 25-րդ հորիզոնականին:
«Ազատության» հարցին, որ եթե կառավարությունը չապահովի տարեկան 5 տոկոս տնտեսական աճ, հրաժարակա՞ն է ներկայացնելու, Շարմազանովը պատասխանեց. - «Ես «եթե»-ներով հարցերին չեմ պատասխանում: Ընդամենը ես ձեզ ասել եմ, որ մենք լավատես ենք, մենք կարծում ենք, որ մեկ միասնական ուժերով պետք է հասնել նրան, որպեսզի այսօրվա կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը՝ սա, կրկնում եմ, Հանրապետական կուսակցության և Հայ հեղափոխական դաշնակցության քաղաքական պատասխանատվությունը կրող կառավարություն է, հինգ տարի անց ունենա այն դրական չափանիշները, որը որ դրվել է։ Մեկ տարի անց, բնականաբար, ըստ Սահմանադրության, այս կառավարությունը հրաժարական պետք է տա, ինչպիսի կառավարություն կլինի՝ դա արդեն կխոսենք 2018 թվականին»։
Հանրապետական գործչին հիշեցրեցինք չորս տարի առաջ՝ 2013 թվականի մարտին նախագահ Սերժ Սարգսյանի պահանջը կառավարությունից՝ 2017-ը ներառյալ տարեկան ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, հակառակ պարագայում առաջարկել էր կառավարությանը հրաժարական ներկայացնել: «Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով՝ սա վերաբերում է 2013 թվականին, 2014-ին, 2015-ին, 2016-ին, 2017-ին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա», - ասել էր նախագահը։
Սերժ Սարգսյանի խոսքերից հետո երկրորդ կառավարությունն է փոխվում, սակայն տարեկան 7 տոկոս տնտեսական աճն այդպես էլ իրականություն չդարձավ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 2013-ից 2016 թվականների ընթացքում տարեկան միջին աճը կազմել է ընդամենը 2.5 տոկոս։ Սա ներկայացրեցինք Շարմազանովին: «Ես չեմ ճանաչում աշխարհում մի կառավարություն, չեմ ճանաչում աշխարհում մի իշխանություն, նույնիսկ չեմ էլ կարդացել, ինձ չի էլ հանդիպել, որը կարողացել է 100 տոկոսով հասնել իր բոլոր նախանշած թիրախների լուծմանը և ամբողջությամբ իրականացնել», - ասաց ՀՀԿ փոխնախագահը։
ՀՀԿ ԳՄ նիստին հաջորդած մամուլի ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․