Առաջին անգամ «վոկալ» անվանակարգում անցկացված մրցույթի 46 մասնակիցներից երրորդ՝ եզրափակիչ փուլ էին անցել 8-ը, որոնց միջև էլ միջազգային հեղինակավոր ժյուրիի որոշմամբ բաշխվեցին մրցանակները:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային 13-րդ մրցույթի առաջին մրցանակը հանձնվեց Երևանի պետական կոնսերվատորիայի մագիստրոս, սոպրանո Ջուլիետա Ալեքսանյանին: Նա իր կատարումներով հիացրեց ոչ միայն ժյուրիի անդամներին, այլև մրցույթի ընթացքին հետևած և երեկ գալա համերգին ներկա հանդիսատեսին:
«Ազատության» հետ զրույցում Ալեքսանյանն ասաց․ - «Սա ինձ համար մեծ իրադարձություն էր, ոչ թե հարթակ, որտեղ ես պետք է մրցեի իր ընկերների, շատ լավ երգիչների հետ: Սա շատ մեծ իրադարձություն է երգիչների և առհասարակ հայ ազգի համար, որ մենք ունենք այսպիսի լավ մրցույթ»:
Նա պատմեց, որ ծնվել է Երևանում, Ալ․ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Կոմիտասի անվան կոնսերվատորիա, սովորել է Ռաֆայել Հակոբյանի դասարանում, իսկ վերջինիս մահից հետո՝ Սուսաննա Մարտիրոսյանի դասարանում․ - «Ուզում եմ երգել: Դա ամենակարևորն է, որովհետև ես շատ սիրում եմ բեմը, շատ սիրում եմ երաժշտությունը»:
Երկրորդ մրցանակի, նաև մի քանի այլ հատուկ մրցանակների արժանացավ Ղազախստանից մրցույթին մասնակցող բարիտոն Ազամատ Ժելտիրգուզովը: Նա նաև ժյուրիի անդամ, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թոփչյանից համագործակցության առաջարկ ստացավ:
Երրորդ մրցանակին արժանացավ մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երկրորդ կուրսի ուսանող Գագիկ Վարդանյանը: Նա իր հասուն կատարումներով իրոք զարմացրեց թե՛ ժյուրիի անդամներին, թե՛ հանդիսատեսին:
«Ազատության» հարցին, թե հույս ուներ, որ կզբաղեցնի երրորդ տեղը, Վարդանյանը պատասխանեց․ - «Անկեղծ ասած՝ և՛ ունեի, և՛ ոչ: Շատ բարդ մրցույթ էր, շատ անսպասելի լուծումներ եղան, չէի մտածում, որ կարող է եզրափակչում լիներ: Հատուկ մրցանակի սպասում էի, բայց դափնեկիրը չէի սպասում: Երեկ ծննդյանս օրն էր, և սա շատ մեծ նվեր էր»:
Հավելենք, որ երեկ երեկոյան տեղի ունեցած գալա համերգի ընթացքում մրցույթի երրորդ փուլի մասնակիցներից մի քանիսը ևս հատուկ մրցանակների արժանացան տարբեր կազմակերպությունների և ժյուրիի անդամների կողմից: