Մատչելիության հղումներ

Զախարովա․ Ղարաբաղյան կարգավորման հաստատված ձևաչափը ենթադրում է փոխզիջման որոնում


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

Գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հաստատված ձևաչափ, որը ենթադրում է փոխզիջման որոնում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, այսօր ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյոք ի չիք չե՞ն դարձնում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում արդեն 23 տարի շարունակվող բանակցային գործընթացում կատարված աշխատանքը, մասնավորապես՝ «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող մշակված փաթեթը, պաշտոնական Բաքվի հայտարարությունները, թե ստատուս քվոն պետք է փոխվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 1990-ականների սկզբին ընդունած չորս բանաձևերին համապատասխան:

«Կարծում եմ, երկու կողմերն իրենց հայացքներն ունեն այդ հարցի լուծման վերաբերյալ: Գոյություն ունի այդ հիրավի հին հիմնախնդրի լուծման հաստատված ձևաչափ, որը ենթադրում է փոխզիջման որոնում: Փոխզիջման որոնումը կողմերի դիրքորոշումների մերձեցումն է՝ անկախ նրանից, թե որքանով տրամագծորեն հակադիր կարող են դրանք լինել», - Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ շեշտել է Զախարովան:

«Դա դիվանագիտական աշխատանքի միջազգային պրակտիկան է՝ գտնել հանգուցալուծումներ անլուծելի թվացող հարցերով», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը՝ շարունակելով․ - «Իրավիճակը պահանջում է լուծում և առաջխաղացում: Այդ իսկ պատճառով, հատկապես վերջին ժամանակներս ինտենսիվացել են շփումները: Դրանք անցնում են տարբեր ձևաչափերով»:

«Ռուսաստանը իր կողմից՝ որպես համապատասխան ձևաչափի մասնակից, անում է անհրաժեշտ առավելագույնը, որպեսզի այդ փոխզիջումը գտնվի: Ցանկալի կլիներ, որպեսզի այն գտնվեր, ընդ որում՝ որքան շուտ, այնքան՝ լավ, բայց ոչ ի վնաս երկու երկրների ժողովուրդների ապագայի և, անշուշտ, Լեռնային Ղարաբաղում անմիջականորեն ապրող մարդկանց», - ընդգծել է Մարիա Զախարովան:

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հաստատված ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որի երեք համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG