Կյանքի 89-րդ տարում վախճանվել է հայտնի ռուս դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բատալովը: Նրա մահվան լուրը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հաստատել են դերասանի հարազատները:
Ավելի վաղ Բատալովի կինը հայտնել էր, որ իր ամուսինը ոտքի կոտրվածքի պատճառով երկու ամիս անցկացրել է հիվանդանոցում: Վերջին օրերին նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ալեքսեյ Բատալովի մահը «վիթխարի կորուստ է» համարել ոչ միայն թատրոնի և կինոյի, այլև «արտիստի ֆիլմերով մեծացած» բազմաթիվ ռուսաստանյան ընտանիքների համար:
Ալեքսեյ Բատալովը ծնվել է 1928 թվականին: Կինոյում իր նորամուտն արել է 1944 թվականին՝ կատարելով դպրոցականի դեր Լեո Արնշտամի «Զոյա» ֆիլմում: Ընդհանուր առմամբ, նա նկարահանվել է ավելի քան 40 կինոնկարներում: Կինոսիրողների լայն շրջանակներին նա առավել հայտնի է խորհրդային միակ օսկարակիր՝ «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում ունեցած դերակատարմամբ: