Թբիլիսիից հարավ գտնվող Վազիանիի ռազմակայանում ավարտին են մոտենում «Կովկասյան արծիվ 2017» անվանումը կրող վրաց-թուրք-ադրբեջանական եռակողմ զորավարժությունները: Դրանց մասնակցում է երեք պետությունների զինված ուժերը ներկայացնող մեկական դասակ, ինչպես նաև երկու ուղղաթիռ և մեկ տրանսպորտային օդանավ:
«Կովկասյան արծիվ» զորավարժությունների ընթացքում վրացական, թուրքական և ադրբեջանական ստորաբաժանումները տակտիկական մի շարք խնդիրներն էին լուծում: Դրանց թվում էին ուղղաթիռներից դեսանտավորումը և շենքերի գրավումը, ինժեներական որոշ խնդիրների լուծումը: Կարող եմ ասել, որ լավագույն ստորաբաժանումները լավագույն արդյունքը ցուցադրեցին», - տասնօրյա զորավարժությունների հերթական օրվա ավարտին հայտարարում էր Վրաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը` բրիգադային գեներալ Զազա Չխեիձեն:
Զորավարժությունների սցենարը նաև համատեղ հակաահաբեկչական գործողություններ էր նախատեսում: Խոսքը նախևառաջ պատանդների ազատագրմանն ուղղված հատուկ գործողությունների և դրանց ընթացքում վրացական, ադրբեջանական ու թուրքական ստորաբաժանումների քայլերի համադրման մասին էր:
Վրացական փորձագիտական շրջանակներում համոզված են` «Կովկասյան արծիվ» զորավարժությունները իրենց բնույթով նախևառաջ ուժի ցուցադրություն են, և դրանց գլխավոր հասցեատերերից մեկը Հայաստանն է:
«Այս զորավարժությունների ընթացքում հիմնականը ոչ թե Թուրքիայի կամ Վրաստանի, այլ Ադրբեջանի դիրքորոշումն է: Ադրբեջանը փորձում է ողջ աշխարհին ցույց տալ, որ բավարար ռազմական ներուժի է տիրապետում իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար», - Sputnik-ի վրացական ծառայության հետ զրույցում նշում էր թբիլիսցի փորձագետ Մամուկա Արեշիձեն:
Վերջում հավելենք, որ 2009 թվականից ի վեր Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները «Կովկասյան արծիվ» զորավարժություններ անցկացնում են արդեն երրորդ անգամ: Առաջին երկուսը կազմակերպվել էին Թուրքիայի տարածքում: