Մատչելիության հղումներ

Խոշորացումով համայնքների, գյուղերի բնակիչների իրավունքներն ավելանում են և ոչ թե նսեմացվում. Տերտերյան


Փոխնախարարը նաև վստահեցրեց, որ խոշորացման արդյունքում ոչ մի դպրոց չի փակվելու։

Համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում բարձրանում է համայնքների կառավարման արդյունավետությունը, տնտեսվում են ռեսուրսներ և մեծանում են ներդրումների հնարավորությունները: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Փոխնախարարը վստահեցրեց, որ «խոշորացման արդյունքով համայնքների, գյուղերի, քաղաքների կոնկրետ ֆիզիկական բնակիչների իրավունքները, հնարավորություններն ավելանում են և ոչ թե պակասում կամ նսեմացվում»։

«Ոչ մեկի գյուղը չի փակվում, ոչ մեկի գյուղի ավանդույթը չի ոտնահարվում, ոչ մեկի գյուղի ինքնանույնականացումը չի փոքրանում՝ կոնկրետ բնակչի տեսանկյունից ի՞նչը վատ կլինի», - ասաց նա։

Բնակիչների այն դժգոհություններին, թե, օրինակ, խոշորացման արդյունքում գյուղի դպրոցը կփակվի, կտեղափոխվի այլ գյուղ, երեխաները դժվարություններ կունենան հեռու դպրոց գնալ-գալու հետ կապված, Վաչե Տերտերյանն այսպես արձագանքեց. - «Ոչ մի դպրոց չի փակվելու, դա թյուր տպավորություն է, հակառակը՝ դպրոցները վերանորոգվելու են, դպրոցներում իրականացվելու են ծախսեր։ Անմիջապես պետք է ասել, որ դպրոցների թեման խոշորացման թեմաների հետ չի առնչվում, հիմա շատ են դրա մասին խոսում, կրկնում եմ՝ մենք խոշորացման պարագան չենք դիտարկում դպրոցների օպտիմալիզացիայի հետ զուգահեռ կամ դրա համատեքստում։ Որ դպրոցներում խնդիր ունենք՝ իհարկե ունենք, որ դպրոցներում պետք է ինչ-որ բաներ փոխենք՝ իհարկե ունենք, բայց վստահաբար ասում եմ՝ կառավարության որևէ քննարկման կամ որևէ բանավեճի ժամանակ դա չի քննարկվել, խոշորացման ծրագրի հետ դա որևէ կապ չունի, ես վստահաբար հայտարարում եմ, դպրոցները կմնան իրենց տեղում, հատկապես տարրական դասարանները։ Բոլոր այդ խնդիրները վստահաբար շատ շահագրգիռ, շատ հաշվենկատ քննարկվում են, բոլորը հասկանում են, որ դպրոցից դպրոց երեխա տեղափոխելը՝ դա միայն ասել չէ»։

Օրեր առաջ, հիշեցնենք, Գեղարքունիքի մարզի մոտ 20 գյուղերի բնակիչներ փակել էին Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը՝ իրենց բողոքը հայտնելով համայնքների խոշորացման ծրագրի դեմ: Գյուղացիներն ասում էին, որ խոշորացումը կկասեցնի սահմանամերձ համայնքների զարգացումն ու կդառնա արտագաղթի պատճառ:

Համայնքների խոշորացումից դժգոհում էին նաև հայ-թուրքական սահմանի մերձավորությամբ ապրող հայկաձորցիները, նրանք ասում էին, որ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու համայնքն աշնանը միավորելու են Մարալիկին։ Նրան վրդովված էին, ասում էին՝ «գյուղը կկործանվի»։

Տերտերյանը նշեց, որ որևէ բնակավայր խոշորացված համայնքի կազմում չի ստանալու ավելի պակաս ռեսուրս, քան ստացել է մինչև այժմ, երբ եղել է ոչ-խոշորացված։

«Այդ համայնքին հատկացվող գումարն ավելի փոքր չի լինելու, քանի թե նախորդում, երբ որ ինքը բյուջեից ստանում էր համայնքում։ Օրինակ՝ համայնքը հիմա ստանում է 20 միլիոն, ենթադրենք, գումար՝ ամեն եկամուտի աղբյուրներից, էդ եկամուտի 70 տոկոսը աշխատավարձ էր։ Հիմա ես համայնքի բնակչին եմ դիմում, ասում եմ՝ ես ձեզ առաջարկում եմ հետևյալ տարբերակը․ դուք էլի ստացեք 20 միլիոն, ինչպես որ ստանում էիք առաջ, բայց ոչ թե 15 միլիոնը ծախսեք ձեր աշխատակազմի վրա, որը գյուղապետարանի աշխատակազմն է, այլ դուք հնարավորություն ունեք այդ 15 միլիոնը ծախսել մանկապարտեզի վրա՝ ևս մի խումբ ավելացնել և երիտասարդ երկու կադր ընդունել», - ասաց փոխնախարարը։

Նշենք, որ առաջիկայում Հայաստանի տարբեր մարզերի 328 գյուղեր կմիավորվեն 34 համայնքներում: Ընդդիմադիր ուժերի կողմից քննադատության արժանացած օրինագիծն անցած շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG