Մատչելիության հղումներ

Ձերբակալություններ ԱՄՆ-ում` Թուրքիայի դեսպանատան ծեծկռտուքի գործով


Միացյալ Նահանգներում երկու թուրք է ձերբակալվել անցած ամիս` նախագահ Էրդողանի այցի օրերին, Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով:

Վաշինգտոնի ոստիկանության հաղորդմամբ, ձերբակալվածներից մեկը Սինան Նարինն է` Վիրջինիայից, մյուսը` Էյուփ Յըլդըրըմը Նյու Ջերսիից. երկուսն էլ մեղադրվում են Էրդողանի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու համար:

Պաշտոնական աղբյուրները չեն հստակեցնում` ձերբակալվածները Էրդողանի աջակիցնե՞րն են, թե՞ նրա անվտանգության աշխատակիցները:

Foreign policy պարբերականը, հղում անելով Վաշինգտոնում գործող Washington Hatti թուրքալեզու կայքին, նշում է, թե Յըլդըրըմը Նյու Ջերսիում գործող շինարարական մի ընկերության սեփականատեր է և, ըստ հաղորդումների, ծեծկռտուքի ամենաակտիվ մասնակիցներից մեկը:

New York Times-ն ավելի վաղ սեփական հետաքննությունն էր անցկացրել և, ուսումնասիրելով տեսանյութերը, արձանագրել` ինչպես են ձերբակալվածները հարվածում ու գետնին տապալում ցուցարար կանանց: Նրանցից մեկը թերթի հետ զրույցում պնդել էր, թե գնացել է այդ քայլին ինքնապաշտպանության համար:

BuzzFeed News-ին տված պարզաբանման մեջ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյան նշել է. - «Մենք հաստատակամ ենք պատասխանատվության ենթարկել մայիսի 16-ին տեղի ունեցած այդ մտահոգիչ բռնության մեղավորներին, և հիմա, երբ կան առաջադրված մեղադրանքներ, պետդեպը կկշռադատի ձերբակալվածների նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորությունները, որոնք կլինեն առաջադրված մեղադրանքներին համաչափ»:

Ամերիկացի պաշտոնյաները անանուն մնալու սկզբունքով հաղորդել են նաև, որ ոստիկանությունը պարզել է ծեծկռտուքի 42 մասնակիցներից 34-ի ինքնությունը, և չի բացառվում, որ առաջիկայում լինեն նոր ձերբակալություններ: AP գործակալության հաղորդմամբ,մասնավորապես, այսօր երեկոյան Վաշինգտոնի քաղաքապետի և ոստիկանապետի մասնակցությամբ ասուլիսին հայտարարվելու է նաև Թուրքիայի Ազգային անվտանգության ծառայության շուրջ մեկ տասնյակ աշխատակիցների մեղադրանք առաջադրելու մասին: Գործակալությունը փաստում է, որ Էրդողանի թիկնապահները նախագահի հետ հայրենիք են վերադարձել և հստակ չէ, թե ինչպես են հիմա ամերիկյան իրավապահ մարմինները նրանց պատասխանատվության ենթարկելու: «Այդուամենայնիվ, նրանք կարող են կանգնել Միացյալ Նահանգներ վերադառնալու դեպքում ձերբակալման սպառնալիքի առջև, կամ վտարվել Նահանգներից, եթե դեռևս գտնվում են երկրի տարածքում»,-փաստում է AP-ը ընդգծելով՝ սա էլ ավելի կսրի երկկողմ հարաբերություններում ի հայտ եկած այս ճգնաժամը:

Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ նախագահ Էրդողանի այցի ժամանակ Թուրքիայի դեսպանի առանձնատան մոտ բռնության զոհ էր դարձել 11 մարդ, այդ թվում` մեկ ոստիկան: Ընդ որում, ծեծկռտուքին մասնակցել էին նաև Ռեջեփ Էրդողանի թիկնապահները: Ինքը` Էրդողանը իրադարձությունների զարգացմանը հետևել էր դեսպանատան մերձակայքում կայանված ծառայողական մեքենայից:

Միջադեպը զայրույթի ալիք էր բարձրացրել Նահանգներում` քննադատության արժանանալով թե՛ վարչակազմի, թե՛ օրենսդիրների կողմից:

«Մենք պաշտպանում ենք ազատ կամարտահայտման ու խաղաղ ցույցերի իրավունքն ամենուրեք», - հայտարարել էր Պետդեպարտամենտի խոսնակը:

Ազդեցիկ սենատորներից մեկը` Ջոն ՄըքՔեյնը, կոչ էր արել նախագահ Թրամփի վարչակազմին երկրից վտարել Թուրքիայի դեսպանին, իսկ Ներկայացուցիչների պալատը անցած շաբաթ միաձայն բանաձև էր ընդունել` միջադեպի համար դատապարտելով Թուրքիայի իշխանություններին:

Ծեծկռտուքից անմիջապես հետո ամերիկացի իրավապահները ձերբակալել էին Էրդողանի թիկնազորի երկու անդամների, կարճ ժամանակ անց, սակայն, երկուսին էլ ազատ արձակել:

Լրատվամիջոցները հաղորդում են, որ Նահանգներում Թուրքիայի դեսպանատունը դեռևս հրաժարվում է մեկնաբանել ծագումով թուրք երկու ամերիկացիների ազատազրկումը:

Ավելի վաղ պաշտոնական Անկարան կատարվածի մեջ մեղադրել էր ցուցարարներին, պնդելով, թե նրանք «ագրեսիվ կերպով սադրել են Նահանգներում բնակվող թուրքերին, որոնք հավաքվել էին` նախագահ Էրդողանին ողջունելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG