Իրավապահները նոր մանրամասներ են հաղորդում այսօր Միացյալ Նահանգներում տեղի ունեցած հրաձգությունից, որի հետևանքով վիրավորվել էր հինգ մարդ, այդ թվում՝ Լուիզիանայից ընտրված կոնգրեսական Սթիվ Սքալիսը` հանրապետականների երրորդ ամենաբարձրաստիճան պաշտոնյան Ներկայացուցիչների տանը:
Ըստ վերջին տվյալների, հարձակման մեջ կասկածվում է 66-ամյա Ջեյմս Հոջկինսոնը, ով, ըստ նախագահ Թրամփի, միջադեպից ժամեր անց մահացել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ ստացած վնասվածքներից:
Հաղորդվում է, որ Իլինոյսում ապրող Հոջկինսոնը ակտիվ հետաքրքրվել է քաղաքականությամբ, սոցիալական ցանցերում բազմաթիվ քննադատական գրառումներ թողել նախագահ Դոնալդ Թրամփի ու հանրապետականների հասցեին, իսկ ավելի վաղ` նախընտրական քարոզարշավի ժամանակ, աջակցել Դեմոկրատական կուսակցությունից նախագահության հավակնորդ Բերնի Սանդերսին:
Դեմոկրատ Սանդերսը խստորեն քննադատել է հարձակումը` ասելով. - «Ես ցնցված եմ այս զազրելի գործողությունից և ուզում եմ հնարավորինս հստակ լինի. բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է մեր հասարակությունում»:
Ոստիկանությունն ու Հետաքննությունների դաշնային բյուրոն առայժմ խուսափում են հստակ նշել` արդյոք կատարվածը մահափո՞րձ էր, ահաբեկչությո՞ւն, թե՞ հարձակվողն այլ դրդապատճառ ուներ:
Բժիշկների հաղորդմամբ, կոնգրեսական Սթիվ Սքալիսը վիրահատության է ենթարկվել, նրա վիճակը մնում է ծանր:
Արյունալի միջադեպը տեղի էր ունեցել Վաշինգտոնի արվարձաններից մեկում, երբ Կոնգրեսի մոտ երկու տասնյակ ներկայացուցիչներ ու աշխատակիցներ բեյսբոլի մարզումներ էին անցկացնում հանրապետականների և դեմոկրատների միջև վաղը կայանալիք հանդիպմանն ընդառաջ:
Հարձակումից հետո նախագահ Թրամփը չեղյալ էր հայտարարել մինչ այդ նախատեսված հանդիպումները, քիչ անց էլ Թվիթերում գրել. - «Սքալիսը, ով իսկական ընկեր է ու հայրենասեր, ծանր վնասվածքներ է ստացել, սակայն լիովին կապաքինվի, մեր մտքերն ու աղոթքները նրա հետ են»: