Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին կից այսուհետ կգործի աշխատանքային խումբ՝ «Անալիտիկ խորհուրդ», որում ներգրավելու հրավեր են ստացել քաղաքագետներ, փորձագետներ, արևելագետներ, նախկին պաշտոնյաներ, ում վերլուծությունների շրջանակում Հայաստանի արտաքին քաղաքականությունն է։
Խումբը ստեղծելու նախաձեռնությունը հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանինն է: «Անալիտիկ խորհուրդը» հուլիսին իր առաջին նիստը կանցկացնի, երեկ նախնական հանդիպումն էր՝ հրավիրված փորձագետների հետ:
«Նոր պառլամենտը պլանավորում է, որ ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն պիտի վարի՝ առնվազն պառլամենտական դիվանագիտություն, և փորձում էին հասկանալ՝ ինչ կարող է դա Հայաստանի պայմաններում նշանակել», - «Ազատության» հետ զրույցում պատմեց հանդիպմանը մասնակցած քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
Քաղաքագետն ասում է՝ հատկապես պարզ չէ, թե ինչո՞ւ պետք է անկախ փորձագետները ներգրավվեն խորհրդարանի աշխատանքային խմբում․ - «Ինչի՞ համար պիտի մարդը իր գործերը թողնի, գնա այնտեղ աշխատի: Նպատակը ո՞րն է՝ այդ հարցերի պատասխանները չկան: Եթե մարդ հստակ իմանա, որ դա հստակ ինստիտուտ է, ինքը այնտեղ աշխատող է՝ վճարվում է և այլն, դա ուրիշ հարց է»:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, քաղաքագետ Թևան Պողոսյանը նկատում է՝ ինքը նախորդ տարիներին մի քանի նման առաջարկ է արել, սակայն դրանք այդպես էլ քննարկման չեն հասել: Եղել են նաև փորձեր այլ հանձնաժողովներին կից նման խմբեր ստեղծել, սակայն դրանք առանձնապես մեծ արդյունք չեն ունեցել: Նորաստեղծ «Անալիտիկ խորհրդին», Պողոսյանի կարծիքով, արդյունավետ աշխատելու համար ավելի լուրջ՝ ինստիտուցիոնալ հիմք է պետք:
«Խնդիրը այդպես չեմ պատկերացնում, որ միայն գամ, իմ տեսակետը արտահայտեմ, ասեմ՝ այստեղ այսպես եմ մտածում», - մեկնաբանեց նա՝ շարունակելով․ - «Հարկավոր է այն դաշտը ձևակերպել, որտեղ աշխատանքը միտված է լինելու որևէ նպատակի: Նպատակը տեսակետ ասելը չէ, և բոլորս հասկանում ենք»:
Թևան Պողոսյանը կարծում է՝ դեռ վաղ է գնահատականներ տալ, սակայն փորձում է դրականը տեսնել․ փորձագիտական խումբը կարող է օգտակար լինել խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը հատկապես եվրոպական ուղղությամբ, և օժանդակել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի վերահսկողական գործառույթներին:
«Խորհուրդը կարող է ներազդել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի վրա, որ պահանջատեր լինի տարբեր հարցերում: Ի վերջո՝ մենք փոխվեցինք դեպի պառլամենտական երկիր և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պետք է ստանձնի նաև վերահսկողական ֆունկցիաներ գործադիրի վրա, չէ՞ որ դա իրենց քաղաքական ոլորտն է լինելու», - կարծիք հայտնեց նա:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կարծում է իր նախաձեռնած աշխատանքային խումբը կաշխատի, փորձագետներն էլ կներգրավվեն վերլուծական կենտրոնում՝ թեև չեն վճարվելու․ - «Ես կաշխատեցնեմ ու կաշխատեմ այդ խորհրդի հետ միասին, բոլոր այն մարդկանց հետ, այն փորձագետների ու քաղաքական գործիչների, որոնք հավատում են, որ միտքը ավելի կարևոր է, քան փողը, որոնք հավատում են, որ երկրի քաղաքական մարտահրավերներին սեփական ինտելեկտը ծառայեցնելը պատիվ է և հնարավորություն: Փորձագիտական հանրույթը երկար տարիներ ասում էր, որ իրենց աշխատանքը գնահատված չէ, որ պետական մարմիններում իրենց հետազոտությունները ընթացք չեն ստանում, իրենց կարծիքը չեն լսում և այլն: Սա հրաշալի ձևաչափ է նման կարծրատիպը կոտրելու և համագործակցության նոր մեխանիզմ դնելու»: