Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ավետիսյանների իրավահաջորդների դիմումը


Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից երկու տարի առաջ սպանված գյումրեցի ընտանիքի հարազատները, Հայաստանի գերագույն դատական ատյանից պահանջում են հակասահմանադրական ճանաչել Շիրակի մարզի դատարանի որոշումը, որով նրանց արգելվեց Ռուսաստանից 450 հազար եվրո փոխհատուցում պահանջել։

Գործը Սահմանադրական դատարանը ներկայացրած փաստաբաններ Լուսինե Սահակյանի ու Արամազդ Կիվիրյանի պնդմամբ՝ քաղաքացիական հայցի մերժմամբ տուժող կողմը զրկվել է արդար դատաքննության իրավունքից։

«Բոլոր իրավական նորմերը գոյություն ունեին և առկա են, որպեսզի դատարանը իրականում քննության առարկա դարձներ: Այն հանգամանքը, որ Վերաքննիչ քրեական դատարանը նաև հղում կատարեց, որ տվյալ դեպքում Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում ոչ-նյութական վնասի հատուցման հնարավորությունը քրեական դատավարության շրջանակներում, դա իրավաչափ չէ: Դա հակասում է նաև Սահմանադրական դատարանի մի շարք այլ որոշումներին, որոնք որ կայացվել են», - փաստարկեց Արամազդ Կիվիրյանը:

Լուսինե Սահակյանի համոզմամբ՝ Ռուսաստանը պարտավոր էր փոխհատուցել այդ գումարը, Շիրակի մարզի դատարանը, սակայն, «ստանձնեց այդ պետության պաշտպանի դերը»․ - «Այդ պետությունը իր զինվորի համար, և այն զինվորի, որը ուներ առողջական խնդիրներ, պատասխանատվություն է կրում կյանքի իրավունքի խախտման համար»։

«Քանի որ կողմը Ռուսաստանի Դաշնությունն է, և որոշակի ինչ-որ հարաբերություններ միգուցե կան, և ընդհանուր դա ավելի շատ քաղաքական մի քիչ որոշում է եղել, այլ ոչ թե իրավական, և քաղաքական որոշումներից ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ դատարանները ուղղակի չցանկացան այդ գործը քննության առարկա դարձնել», - նշեց Կիվիրյանը:

«Նպատակը նա էր, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը, նաև ֆինանսական որոշակի պատասխանատվություն կրելով, հասկանար, որ Հայաստանի Հանրապետություն իրավունք չունի ուղարկելու նման զինվորներ ծառայելու, ինչպիսին Պերմյակովն էր: Եվ ինքը կյանքի իրավունքի խախտման համար պատասխանատու էր», - հավելեց Լուսինե Սահակյանը:

Ըստ փաստաբանների, քաղհայցի ուսումնասիրությունը դատավարության ընթացքում դաժան սպանդի վերաբերյալ նաև նոր փաստեր ջրի երես դուրս կբերեր։ «Դատարանը ստիպված էր լինելու այդ փաստական հանգամանքների մասով քննություն կատարել: Բացի դրանից, այդ պրոցեսի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը նաև պետք է դիրքորոշում արտահայտեր», - նշեց Կիվիրյանը:

Հայաստանյան դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը նախորդ ամիս տեղափոխվեց Ռուսաստան։ Ըստ փաստաբանների, եթե բարձր դատարանը հակասահմանադրական որակի քաղհայցը մերժելու որոշումը, ապա քրեական գործը կարող է վերաբացվել: Հակառակ պարագայում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները մտադիր են գործն ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրանք ցավով նշում են, որ ավելի քան կես միլիոն դոլար փոխհատուցումն արդեն ստիպված կլինեն Ռուսաստանի փոխարեն պահանջել Հայաստանից։

«Սա, իհարկե, շատ ցավալի է: Մենք սրա մասին ասում էինք և հորդորում էինք, որպեսզի Ռուսաստանի Դաշնության բեռը Հայաստանի Հանրապետությունը իր վրա չվերցնի: Սակայն ստացվեց, որ Հայաստանի Հանրապետությունը այնպիսի իրավիճակում է գտնվում, որ նույնիսկ կարող է Ռուսաստանի Դաշնության բեռը իր վրա վերցնել, սակայն գոնե ծանուցագիր չուղարկել Ռուսաստանի Դաշնություն, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը, որպես պատասխանող իմանա: Եվ հնարավոր է, որ նյութական վնասի հարցը լուծվեր», - ասաց Լուսինե Սահակյանը:

Սահմանադրական դատարանը գործը կքննի այս տարվա հոկտեմբերին, պատասխանող կողմը կլինի Ազգային ժողովը, որի կողմից ընդունվել է Քրեական դատավարության օրենսգիրքը: Հենց այս օրենսգրքին է հղում կատարելով է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը հրաժարվել քննել Ավետիսյանների իրավահաջորդների հայցը:

XS
SM
MD
LG