Մատչելիության հղումներ

Աղվան Վարդանյան. «Կարեն Կարապետյանի եռանդը մեզ բավարարում է»


Ըստ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղարի, էական չէ, թե ով կիրականացնի կառավարության ծրագիրը։

ՀՅ Դաշնակցությունը տպավորված է կառավարության նոր ծրագրից: Թեև վարչապետ Կարեն Կարապետյանն այն դեռևս Ազգային ժողովի քննարկմանը չի ներկայացրել, սակայն իշխանական կոալիցիայի մաս կազմող «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներն աշխատանքային տարբերակին արդեն ծանոթացել են, և ինչպես խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր վստահեցրեց, կառավարությունը հավակնոտ ծրագիր է մշակել:

«Շատ մանրակրկիտ կազմված ծրագիր է՝ հստակ ժամանակացույցով, ժամկետներով, ոլորտային հստակ առաջադրանքներով, հավակնոտ, լուրջ առաջադրանքներ պարունակող ծրագիր է՝ տարի առ տարի, որ ոլորտում, ինչ պետք է կատարվի, և սա նաև ենթադրում է հստակ պատասխանատվություն։ Այսպիսի մանրակրկիտությամբ, այսպիսի հստակ թիրախներով ծրագիր նախկինում չկար», - ասաց Վարդանյանը՝ շարունակելով. - «Սա ոչ միայն իրատեսական, այլև ավելի հավակնոտ, ավելի լուրջ խնդիրներ առաջադրող ծրագիր է»։

Հարցին, թե ի՞նչ է հաջողվել Կարեն Կարապետյանին փոխել վարչապետության 9 ամիսների ընթացքում, Դաշնակցություն խմբակցության քարտուղարը պատասխանեց, թե ցանկացողները կարող են տեսնել, որ Հայաստանում սկսվել է որակական փոփոխությունների փուլ։

Վարդանյան. - Նույն հարկային, մաքսային ոլորտներում, նույն դատական համակարգում, եթե ուշադիր լինեք, տնտեսության տարբեր ճյուղերում իսկապես նախաքայլերն են կատարվում, հիմքերն են դրվում այդ փոփոխությունների։

«Ազատություն». - Պարոն Վարդանյան, Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ այդ հավակնոտ ծրագիրն անհայտ է, թե ով է իրականացնելու, որովհետև հանրապետականները իրենք չգիտեն՝ 2018-ից հետո ով է լինելու վարչապետ։

Վարդանյան. - Հարգելի՛ լրագրողներ, մի սևեռվեք մի հարցի վրա, որն այսօր գոյություն չունի։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ այն ծրագիրը, խնդիրները, որոնք ձևակերպված են, մեր երկիրն այլընտրանք չունի, այդ ծրագրերը պետք է իրականացվեն։

«Ազատություն». - Էակա՞ն չէ, թե ով է իրականացնելու։

Վարդանյան. - Իհարկե, էական չէ։

«Ազատություն». - Դաշնակցությունը կուզենա՞ր, որ Կարեն Կարապետյանը շարունակեր իր գործունեությունը։

Վարդանյան. - Դաշնակցությունը կուզենար, որ այն փոփոխությունները, որոնք երկրում սկսվել են, դրանք լուծվեն, անձերը կարևոր չեն։ Կարեն Կարապետյանի այսօրվա գործունեությունը լիովին բավարարում է Դաշնակցությանը՝ իր եռանդով, էներգիայով, կոնցեպտուալությամբ, խնդիրներ դնելու և լուծելու կարողականությամբ։

Ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքում դեռևս չեն շտապում ասել, թե արդյոք կողմ են քվեարկելու Կարեն Կարապետյանի նոր ծրագրին:

Դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե մինչև դիրքորոշում հայտնելը նախևառաջ հաշվետվություն են պահանջելու վարչապետից` իր գործունեության անցած 9 ամիսների, այդ թվում՝ մոտ 800 միլիոն դոլարի ներդրման խոստումն իրականացնելու մասին:

Զոհրաբյանը, սակայն, շեշտում է, որ ինքն անձամբ Կարեն Կարապետյանի վարչապետության ամիսներին տնտեսության մեջ տեսանելի տեղաշարժեր չի արձանագրել:

«Երբ որ ծրագիրը կգա, մենք նաև հաշվետվություն կակնկալենք խորհրդարանական քննարկումների ժամանակ անցած ամիսներից արված, որովհետև, որքան ես տեղյակ եմ, այդ ներդրումների խումբը, որ ստեղծվել է 2017 թվականի համար 850 միլիոն դոլարի ներդրում պետք է արվեր։ Ամեն դեպքում գուցե արվել է, մենք տեղյակ չենք, գուցե արդեն հստակ ինչ-որ պայմանագրեր, պայմանավորվածություններ կան, երբ որ մեզ կներկայացվի հաշվետվություն անցած ամիսների վերաբերյալ՝ ինչ է արվել, ինչ է արվելու, մենք խմբակցությունում կքննարկենք և որոշումը քվեարկության տեսքով կհայտնենք։ Ես տեսանելի տեղաշարժ տնտեսության ոլորտում չեմ տեսել, բայց դա իմ անձնական կարծիքն է, ես այս պահին իրավասու չեմ խմբակցության դիրքորոշումը ներկայացնելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանը լավատես չէ նաև իշխանությունների նախաձեռնած կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: Վերջինիս համոզմամբ, նորաստեղծ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարողանալու պայքարել այդ երևույթի դեմ, քանի դեռ երկրում լուծված չէ պաշտոնյաների ապօրինի հարստացման խնդիրը։

«Որևէ կոռուպցիայի հանձնաժողով, ինչպես իմ գործընկերներից մեկը ասաց, անգամ, եթե բաղկացած լինի տոտալ հրեշտակներից, այդ տոտալները շատ կարճ ժամանակում վերածվելու են կամ անգործ, անգյալ հրեշտակների, կամ՝ լուցիֆերների, որովհետև ուղղակիորեն հնարավոր չէ այդ խնդիրը կարգավորել մի քանի հոգու բարի կամքի, կամ մի քանի հոգու վստահելիության բարձր գործակցի միջոցով։ Կրկնում եմ՝ մեր երկրում պետք է լուծվի ապօրինի հարստացման խնդիրը», - ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ շարունակելով. -«Օրենքն ընդունվեց, սկայան այսօր մենք տեսնում ենք, որ պաշտոնյան հայտարարագրում ներկայացված է որպես «բոմժ», բայց մենք տեսնում ենք, թե ինչպիսի հնարավորություններ ունի ինքն ու իր ընտանիքը, որը հայտարարագրված չէ հայտարարագրերում, այլ ձևակերպված է նրա հեռավոր ազգականների... ես ասել եմ մեզանում շատ զարգացած է զոքանչների հանդեպ տոտալ վստահության ինստիտուտը, զոքանչները չեն մտնում, այսպես ասեմ, պաշտոնյայի հայտարարագրի տիրույթում, և մարդիկ ձևակերպում են իրենց ազգականների անունով։ Մինչև մենք չկարողանանք լուծել այդ խնդիրը, որ պաշտոնը մեր երկրում չդիտարկվի ապօրինի հարստացման ուղիղ ճանապարհ, մինչև այդ բանաձևը մեզանում չքանդվի, ոչ մի հանձնաժողով ի զորու չի լինելու լուծել կոռուպցիայի խնդիրը»։

Զոհրաբյանն ամեն դեպքում շեշտեց՝ ի տարբերություն վարչապետին կից կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի և Բաղրամյան 26-ում տեղակայված Պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ունի որոշակի անկախություն և առաջիկայում պարզ կդառնա, թե ինչպես կաշխատի այդ նոր մարմինը:

Հավելենք, որ 5 անդամից բաղկացած նորաստեղծ հանձնաժողովը կսկսի գործել 2018 թվականի ապրիլից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG