Մատչելիության հղումներ

Սեշընզը հերքում է մեղադրանքները և հրաժարվում հրապարակել Թրամփի հետ զրույցները


ԱՄՆ - Գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզը Սենատում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 13-ը հունիսի, 2017թ․
ԱՄՆ - Գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզը Սենատում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 13-ը հունիսի, 2017թ․

Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ և արդարադատության նախարար Ջեֆ Սեշընզը երեկ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում լսումների ժամանակ «նողկալի սուտ» է որակել ենթադրությունը, թե ինքը պայմանավորվել էր ռուսների հետ 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու հարցով, և դեմոկրատ սենատորների դժգոհությունն է հարուցել՝ հրաժարվելով ներկայացնել իր և նախագահ Դոնալդ Թրամփի զրույցների մանրամասները:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գլխավոր դատախազի հետ հարցուպատասխանը Սենատի հանձնաժողովում շարունակվել է շուրջ 2․5 ժամ և բավական լարված է անցել:

Մասնավորապես, Սեշընզը հրաժարվել է հայտնել՝ արդյոք Թրամփը Ջեյմս Քոմիին Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնից ազատելուց առաջ իր հետ քննարկել էր տվյալ հարցը:

Գլխավոր դատախազը շեշտել է, որ արդարադատության նախարարության քաղաքականությունն է՝ չքննարկել նախագահի հետ խորհրդապահական զրույցները:

Սեշընզի վկայությունները Թրամփի ընտրարշավի և ռուսների միջև ենթադրյալ կապերի առնչությամբ որևէ նոր վնասաբեր տեղեկատվություն չտրամադրեցին, սակայն ԱՄՆ նախագահի հետ զրույցների բովանդակությունը հրապարակելուց նրա հրաժարվելը նոր հարցեր բարձրացրեց, թե արդյոք Սպիտակ տունը թաքցնելու բան ունի, նկատում է Reuters-ը:

Հիշեցնենք՝ Ջեյմս Քոմին օրեր առաջ Սենատի նույն հանձնաժողովում լսումների ժամանակ ակնարկել էր, թե լիովին չի վստահում Սեշընզին, հաշվի առնելով նաև նրա նախկին հանդիպումները Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG