Մատչելիության հղումներ

Հունիսի 22-ին Բաքվում կմեկնարկի Ալեքսանդր Լապշինի գործով դատավարությունը


Ալեքսանդր Լապշին, արխիվ
Ալեքսանդր Լապշին, արխիվ

Ադրբեջանի իշխանությունները հայտնել են, որ հունիսի 22-ին Բաքվում սկսվելու է բլոգեր Ալեքսանդր Լապշինի դատավարությունը: Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը հաստատել է Բաքվի դատարանում նախնական լսումները մեկնարկելու նշված ամսաթիվը:

Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող բլոգերը մեղադրվում է Ադրբեջանի պետական սահմանը անօրինական հատելու, երկրի տարածքային ամբողջականության օրենսդրությունը խախտելու, առանց պաշտոնական Բաքվի թույլտվության Լեռնային Ղարաբաղ այցելելու մեջ:

Լապշինը 2011 և 2012 թվականներին այցելել է Լեռնային Ղարաբաղ և սոցիալական ցանցերում երկու անգամ կոչ է արել ճանաչել Ղարաբաղի անկախությունը:

40-ամյա բլոգերը բնակվում է Մոսկվայում: Նա ռուսերենով ճամփորդական-բլոգերային կայք է վարում: Թվարկելով իր ճամփորդած երկրները՝ Լապշինը Լեռնային Ղարաբաղը ներկայացրել էր որպես անկախ պետություն:

Ադրբեջանի պահանջով՝ անցած դեկտեմբերին նա ձերբակալվել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Չնայած Մոսկվայի առարկություններին, անցած փետրվարին Բելառուսը Լապշինին արտահանձնեց Ադրբեջանին:

Նրա գործի քննությունն ավարտվել է, և դատախազությունն այն ուղարկել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան:

Եթե Բաքվի դատարանը Լապշինին մեղավոր ճանաչի, նրան Ադրբեջանում մինչև ութ տարվա ազատազրկում է սպառնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG