«Ավրորա» մարդասիրական մրցանակի այս տարվա դափնեկիր Թոմ Քաթինային Սուդանի պատերազմական Նուբա լեռներում մեկ ամսով փոխարինած երեք հայ բժիշկները՝ բժիշկ Արմինե Բարխուդարյանը և զինվորական բժիշկներ, փոխգնդապետ Գևորգ Ոսկանյանն ու մայոր Հայկ Հովհաննիսյանը վերադարձել են հայրենիք:
Աֆրիկյան ամենավտանգավոր գոտիներից մեկում աշխատելու որոշումը դժվար չի տրվել:
«Անցյալ տարի «Ավրորայի» մրցանակաբաշխությունը նայելուց Թոմ Քաթինայի մասին տեղեկությունները ներսումս ինչ-որ բան փոխեցին, ինքս էի ուզում գնալ, օգնել», - պատմեց զինվորական բժիշկ, փոխգնդապետ Գևորգ Ոսկանյանը:
«Որոշում կայացնելը չերկարեց, հրաժարվել, ուղղակի, ինձ համար ընդունելի չէր», - հավելեց Հայկ Հովհաննիսյանը:
Մայիսի 28-ին Երևանում 1 միլիոն դոլարի «Ավրորա» մրցանակը ստացավ ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինան, ով վերջին 9 տարիներին աշխատում է Նուբայի ավելի քան 750,000 բնակիչների համար՝ Սուդանի կառավարության և Սուդանի ազգային ազատագրական շարժման միջև տևական քաղաքացիական պատերազմի պայմաններում։ Բժիշկ Թոմը, կամ ինչպես նրան ասում են՝ «Նուբայի Հիսուս Քրիստոսը», միակ վիրաբույժն է, ով մշտապես աշխատում է այդ պատերազմական գոտում և ստիպված է տարեկան իրականացնել շուրջ 1000 վիրահատություն:
Նյու Յորքից Սուդան տեղափոխված բժիշկը Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից շնորհվող «Ավրորա» մրցանակի հավակնորդների թվում էր նաև նախորդ տարի, սակայն չկարողանալով թողնել հիվանդներին և գալ Երևան: Այս տարի, հայ բժիշկների շնորհիվ, Քաթինան երկար տարիներ ի վեր առաջին անգամ կարողացավ լքել Նուբայի լեռները:
Մեկ ամիս ամերիկացի վիրաբույժին փոխարինելուց հետո հայրենիք վերադարձած հայ բժիշկները պատմում էին Նուբայի լեռներ տանող դժվարին ճանապարհի մասին․ ուղևորությունը շուրջ 6 օր է տևում:
Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետ, շուրջ 23 տարի Հայաստանի զինված ուժերում ծառայող փոխգնդապետ Գևորգ Ոսկանյանի խոսքով Նուբայում աշխատանքային, ինչպես նաև կենցաղային պայմանները համեմատելի չեն Հայաստանի հետ:
«Մենք միայն ֆիլմերում էինք տեսել այդպիսի բարձր մրջնաբներ», - պատմեց բժիշկը, - «Մրցանակ էինք սահմանել, թե ամենաշատ կարիճ ով կսպանի՝ Արմինեն ամենաշատը սպանեց»:
Այդուհանդերձ բժիշկները պատրաստակամություն հայտնեցին կրկին վերադառնալ օգնելու Թոմ Քաթինային:
Բժիշկ Արմինե Բարխուդարյանն էլ պատմեց, որ դեռ նախորդ տարի Թոմ Քաթինայի պատմությունը լսելուց հետո տեղափոխվել է Քենիա՝ աշխատանքի, իսկ արդեն այս տարի ուրախությամբ ժամանակավորապես փոխարինել է ամերիկացի վիրաբույժին:
«Ինձ համար շատ դժվար էր՝ բժիշկ լինելով, պատկերացնել իրավիճակը՝ ինքը ինչպես է ապրում, ինչ պայմաններում, ինչ հիվանդներ է բուժում, ու ես ինձ համար Երևանում, շատ լավ պայմաններում․․․ դա ինձ համար մի քիչ անընդունելի վիճակ էր․․․ դրանից հետո սկսեցի ակտիվ հետաքրքրվել, թե ինչպես կարող եմ գնալ Աֆրիկա, որպես կամավոր», - պատմեց նա:
Կրկնելով «Ավրորա»-ի դափնեկրի խոսքերը՝ բժիշկներն ասացին, որ ամենադժվարը հիվանդների մահը տեսնելն էր:
Թոմ Քաթինան Երևանում մրցանակը ստանալուց հետո ասել էր, որ պատրաստվում է իրեն տրված 100 հազար դոլար պարգևը ծախսել հոսպիտալի կարիքների համար: Երևան վերադարձած բժիշկները վստահություն հայտնեցին, որ «Ավրորա»-ի շնորհիվ Նուբայի բնակիչների և օրական 400 հիվանդի սպասարկող Քաթինայի կյանքը կբարելավվի:
«Առաջին ամենաանհրաժեշտ բանը արհեստական շնչառության ապարատն է, որի չլինելու պատճառով ես հիվանդ եմ կորցրել, երեք օր շատ տանջվել եմ: Այդ գումարը այնտեղ հաստատ ծառայելու է բժշկությանը: Իհարկե, համոզված եմ՝ կտեսնենք արդյունքը», - նշեց բժիշկ Գևորգ Ոսկանյանը:
Չնայած մեր դժվարություններին՝ պետք է օգնության ձեռք մեկնել նաև ուրիշներին, Լեռնային Ղարաբաղից տեսակապով ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը․ - «Չնայած մենք ապրում ենք ոչ շատ հեշտ պայմաններում, մեր առջև շատ չլուծված պրոբլեմներ ունենք, մենք մեր մեջ ուժ ենք գտնում և համարում ենք դա կարևոր, ոչ թե միայն մեզ համար, այլ նաև աշխարհի համար, որ ուրիշներին օգնության ձեռք տանք»:
Պատերազմական գոտուց վերադարձած բժիշկներն ասացին, որ իրենց հերոսներ չեն համարում, իսկ լավ գործ անելու համար էլ Աֆրիկա հասնել պարտադիր չէ՝ «մեր տանը, մեր բակում, մեր քաղաքում, մեր գյուղում շատ ու շատ տեղեր կան ծառայելու»: