Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասում սպառազինությունների ծավալի աճը մտահոգում է ՆԱՏՕ-ին


Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:

«ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները մտահոգված են տարածաշրջանում սպառազինությունների ծավալի աճով», - ասում է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:

«Իրավիճակը մտահոգիչ է հատկապես այն պատճառով, որ դրան զուգընթաց նաև քաղաքական լարումներն ու թշնամական գործողությունների դրսևորումներն են ավելանում: Ինչպես գիտեք, ՆԱՏՕ-ի երկու դաշնակից երկիր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են, և մենք բոլորս համանաագահների թե՛ գործողսւթյուններից և թե՛ հայտարարություններից կարող ենք տեսնել, որ նրանք հավատարիմ են խաղաղ հանգուցալուծում գտնելուն: Առհասարակ ՆԱՏՕ-ի ընդհանուր քաղաքականությունը լարվածության և բախումների նվազեցմանն ու խաղաղ հանգուցածուծմանը ձգտելն է», - հավելեց Ապաթուրայը:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն ասաց․ - «Մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին այս տարածաշրջանում, պարբերաբար թարմ տեղեկություններ ենք ստանում: Եվ անկեղծ ասած, մեր մտահոգությունը իրավիճակի վերաբերյալ այժմ ավելի մեծ է թե՛ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներում առանձին-առանձին, թե՛ ՆԱՏՕ-ում, քանի որ (և դա դուք ինձնից լավ գիտեք) վերջին տարում մենք ավելի մեծ ռազմական ակտիվության ականատես եղանք, եղան զոհեր և վիրավորներ, ավելի շատ ռազմատենչ հայտարարություններ հնչեցին»:

Նա հավելեց, որ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն ներգրավված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն դաշինքը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին․ - «Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբին, և մենք անվերապահորեն կսատարենք թե՛ երկու երկրների, թե՚ Մինսկի խմբի քայլերը, որ ուղղված կլինեն հակամարտության հանգուցալուծմանը»:

Ջեյմս Ափաթուրայը գերազանց գնահատեց ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը՝ շեշտելով, որ ՆԱՏՕ-ն հարգում է Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը․ - «Մենք լիովին հարգում ենք Հայաստանի հավասարակշռված արտաքին հարաբերությունները: Մեզ համար բնավ մտահոգիչ չէ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կամ Եվրասիական տնտեսական միությանը: ՆԱՏՕ-ի համար Հայաստանը եղել և մնում է վստահելի գործընկեր»:

Միևնույն ժամանակ նա «շեշտակի ցատկեր» հարաբերությունները զարգացնելու առումով չի ակնկալում․ - «Մեր համագործակցությունը շարունակվում է: Անկեղծ ասած, ես շեշտակի առաջընթաց, զարգացումներ չեմ տեսնում, քանի որ ես չեմ կարծում, թե Հայաստանն էլ նման մտադրություն ունի: Մենք կշարունակենք մեր հաստատուն համագործակցությունը և գործնական աշխատանքը բոլոր այն ուղղություներում, որտեղ դա ողջամիտկ համարվի»:

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Հայաստանում է երկու օրով: Այսօր նա հանդիպումներ է ունեցել Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարների հետ: Վաղը ծրագրված են նրա հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG