Այսօր նաև Տարոն Մարգարյանի հոր՝ հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է: Նախագահ Սերժ Սարգսյանը, դիմելով քաղաքապետին, ասաց․ - «Տարոն ջան, Երևանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի: Ես քեզ մի անգամ ասել եմ․ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես: Չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես և Հանրապետականի ղեկավարներից մեկը: Դու ուղղակի պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել, որպեսզի կարողանաս ավելացնել երևանցիների հարգանքն ու վստահությունը քո նկատմամբ, որպեսզի կարողանաս պահել Երևանում ամենամեծ վարկանիշ ունեցող գործիչի դիրքը, որպեսզի կարողանաս հաջորդ ընտրություններին ավելի շատ քվեներ վաստակել և շարունակել կառավարել Երևանը»:
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի անցած հինգ տարիների աշխատանքը՝ Սերժ Սարգսյանը նրա ուշադրությունը հրավիրեց մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ու խցանումների խնդրին, առանձնացրեց բնակֆոնդի հարցը, ընդգծեց աղբի վերամշական գործարան ստեղծելու անհրաժեշտությունը․ - «Գիտեմ, որ հեշտ խնդիր չեմ դրել, գիտեմ, որ միջազգային խորհրդատուի հետ միասին աշխատում եք այս ուղղությամբ: Բայց դա պետք է լինի ձեր աշխատանքի ամենահիմնական ուղղություններից մեկը, և այդ աշխատանքներին պետք է արագություն հաղորդել»:
Տարոն Մարգարյանի երդման արարողությանը ներկա էր նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, ով լրագրողների հետ զրույցում դժվարացավ մատնանշել որևէ բացթողում քաղաքապետի աշխատանքում:
«Ազատության» խնդրանքով վարչապետը նաև անդարարձավ իր հրաժարականի մասին լուրերին՝ ասելով, թե նման մտադրություն չունի, իսկ նախագահ Սարգսյանի հետ հարաբերությունները «լարված չեն»․ - «Շատ լավ, աշխատանքային, հարգալից գործնական [հարաբերություններ են]»:
Երևանի նախկին քաղաքապետերից Գագիկ Բեգլարյանն ու Երվանդ Զախարյանը նույնպես դրական գնահատեցին Տարոն Մարգարյանի աշխատանքը:
Գագիկ Բեգլարյանն ասաց, որ իր կառավարման ժամանակ եղել են բազմաթիվ բարեփոխումներ․ - «Նախկինում մարզպետարան կարգավիճակից փոխվեց համայնք: Այդ փոփոխությունները, որը կատարվեց մեկ տարվա ընթացքում, երևանիցին երբեք ստրես չտարավ»:
Երվանդ Զախարյանն ընդգծեց, թե ոչ ոք Տարոն Մարգարյանից լավ չգիտի քաղաքի խնդիրները․ - «Ավելի շատ, քան Տարոն Մարգարյանը, ոչ մեկը չի տիրապետում իրավիճակին, և չգիտեն քաղաքի հոգսերը»:
Զախարյանի խոսքով, առաջնահերթ խնդիրներն են ստորգետնյա կոմունիկացիաները, ճանապարհային հանգույցները և տրանսպորտը՝ շեշտելով, սակայն, որ դա Տարոն Մարգարյանի աշխատանքի բացթողումը չի համարում:
Աժ պատգամվոր Սամվել Ալեքսանյանը Տարոն Մարգարյանին քննադատողներին խորհուրդ տվեց նրան գովել․ - «Շատ սխալ են անում, որ մեր քաղաքապետին քննադատում են: Պտի գովեն մենակ, որ ավելի ոգևորվի, ավելի լավ աշխատի»:
«Երկիր Ծիրանի» խմբակցությունը, ի դեպ, բոյկոտեց քաղաքապետի երդմնակալություն պաշտոնական արարողությունը՝ իր 5 անդամներով զուգահեռ նիստ անցկացնելով քաղաքապետարանի իրենց աշխատասենյակում:
Ավագանու ընդդիմադիր մյուս ուժի՝ «Ելք» խմբակցության անդամներն էլ ցուցադրաբար նստած մնացին իրենց տեղերում, մինչ արարողության մյուս մասնակիցները հոտնկայս ծափողջյուններով դիմավորեցին ամբիոնին մոտեցող նախագահ Սերժ Սարգսյանին:
Երդմնակալության արարողությունից առաջ «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անցած 5 տարիների ընթացքում իր բարձրացրած ավելի քան 200 խնդիրների ընդամենը 30 տոկոսն է լուծվել, ինչը, ըստ նրա, բավարար չէ․ - «Հուսամ, էս անգամ ավելի լավ կլինի: Թե՛ Տարոն Մարգարյանը, թե՛ ես իրար փշերը փորձել ենք արդեն տրորել: Հիմա մնում է շարունակենք՝ ի օգուտ երևանցու»: