Մատչելիության հղումներ

Մարուքյան․ «Սասնա ծռերի» գործողություններում քրեական հանցակազմ կա


Ընդդիմադիր «Ելք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործողություններում քրեական հանցակազմ կա:

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդաշարի եթերում Մարուքյանը, միաժամանակ, խուսափեց քաղբանտարկյալներ կոչել անցած տարվա հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր»-ի անդամներին:

«Քաղաքական բանտարկյալներ են կամ քաղաքական բանտարկյալներ չեն՝ ասելով չի: Այնտեղ խնդիրներ կան, մարդիկ կան, ովքեր այդ ցույցերին մասնակցել են, ովքեր այնտեղ են եղել ու հիմա ազատազրկված են, որոնց գործերով ես լուրջ խնդիրներ տեսնում եմ, օրինակ՝ Արայիկ Խանդոյանի եղբոր գործով ես անգամ հարցումներ եմ իրականացրել», - մեկնաբանեց պատգամավորը: - «Բայց այնտեղ նաև կա լուրջ խնդիր, որ մենք ունենք սպանված մարդիկ, մենք ունենք ապօրինի զենքի շրջանառություն: Եթե ես, օրինակ, զենքը ուսիս գցեմ ու փողոցով գամ «Ազատություն» ռադիոկայան՝ հարցազրույց տալու, և ինձ կալանավորեն, մենք կարո՞ղ ենք պնդել, որ Էդմոն Մարուքյանը քաղաքական բանտարկյալ է: Թող դատավարությունը գնա՝ կտեսնենք, որովհետև ես հիմա չգիտեմ: Կա պնդում, որ անգամ այդ ոստիկանները, որոնք սպանվել են, ընդհանրապես որևէ կապ չկա «Սասնա ծռերի» հետ: Այսինքն, ես այս պահին չեմ շտապի որևէ գնահատական տալ», - հավելեց Էդմոն Մարուքյանը:

«Ազատության» հարցին՝ այսինքն սպանության դրվագներո՞վ է պայմանավորված իր դիրքորոշման թեականությունը, որ չի կարող վերջնական պնդել, որ նրանք քաղաքական հայացքների համար են ազատազրկված, պատգամավորը պատասխանեց․ - «Ոչ միայն․․․ նաև՝ գունդ գրավել․․․ գործողություններ կան, որ ընդհանրապես իմ քաղաքական մտածողության մեջ չեն տեղավորվում: Հիմա ես զենք ճարեմ ու գնամ «Հ1»-ը գրավեմ ու ասեմ՝ լավ չեք եթեր տալիս, ուզենամ մտնել եթեր, հետո ինձ բռնեն, կալանավորեն, ասեմ՝ ես ուզում էի ազատ խոսքը իրացնել»:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն, այնուամենայնիվ, որպես իրավաբան քրեական հանցակազմ տեսնո՞ւմ է նրանց գործողություններում, Մարուքյանն արձագանքեց․ - «Միանշանակ: Եթե մենք ասենք, որ չկա նման բան, ինչ են արել որ․․․ դա էլ մյուս ծայրահեղություն է: Բայց եթե մարդիկ ավտոմատներով մտնում են գունդ գրավելու, ես կարո՞ղ եմ այնտեղ միանշանակ ասել՝ նորմալ է, նրանց գործողություններում որևէ հանցակազմ չկա»:

«Սասնա ծռերի» դատավարությունը սկսվեց անցած հինգշաբթի: Ըստ մեղադրանքի, «Սասնա ծռեր»-ի 14 անդամները՝ մասնավորապես «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանը, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արմեն Լամբարյանը, Արեգ Կյուրեղյանը և այլոք, անցած տարի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահվող զենքի գործադրմամբ զավթել են ոստիկանության շենքը, այնտեղ պատանդ պահել ոստիկանության և շտապբուժօգնության աշխատակիցներին, գույք ոչնչացրել։ Այս գործով ավելի քան 60 մարդ է անցնում: «Սասնա ծռերը» պնդում են, թե ապստամբության փորձ էին արել՝ իշխանափոխության նպատակով։

Նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և գնդի գրավումից մեկ ամիս առաջ կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը պահանջող զինված խումբը ՊՊԾ գնդի տարածքը գրաված պահեց 15 օր, ինչից հետո զենքերը վայր դրեցին և հանձնվեցին իրավապահներին։ Այդ ընթացքում երեք ոստիկան զոհվեց։ Նախաքննական մարմինը ոստիկաններ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրում է Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։ «Սասնա ծռերի» անդամներից և ոչ ոք առ այսօր ցուցմունք չի տվել։ Նրանք շարունակում են հայտարարել, որ քաղաքական ակցիա են կատարել։

Իշխող Հանրապետականը շարունակում է պնդել՝ «Սասնա ծռերի» անդամները քաղբանտարկյալներ չեն: Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով անցած տարի Արդարադատության նախարարն էր, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականում» վերահաստատեց այդ դիրքորոշումը․ - «Ես այդ հարցին արդեն պատասխանել եմ, ընդ որում՝ պատասխանել եմ հաշվի առնելով մի կարևոր հանգամանք ու չափանիշ․ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների կողմից տրված չափանիշները: Այդ չափանիշների համատեքստում է եղել իմ գնահատականը, որը շարունակում է մնալ նույնը»:

«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի համոզմամբ, «Սասնա ծռերի» անդամները «միանշանակ քաղբանտարկյալներ են»:

«Ամենաբարձր ատյանից՝ այդ ժամանակ Գևորգ Կոստանյանն էր, հայտարարվեց, որ մենք քրեական հետապնդում չենք իրականացնելու, քանի որ այդ հոդվածները իրենց մեջ նաև պարունակում են խրախուսում, երբ դադարում են գործողությունները: Այդ մասին ոչ միայն նա հայտարարեց՝ Կոստանյանը, այլ նաև թռուցիկներ էին ուղղաթիռից շպրտում նույն բովանդակությամբ և զգուշացնում էին «Սասնա ծռերին», որ՝ դադարեցրեք ձեր գործողությունները, ձեր նկատմամբ տեղի չի ունենալու քրեական հետապնդում», - հիշեցրեց ընդդիմադիր գործիչը՝ շարունակելով․ - «Եվ ես, նաև որպես իրավաբան, ասում եմ, որ նրանց գործողությունների մեջ չկա հանցակազմ, քանի որ իրենք կամավոր դուրս են եկել այդտեղից, վայր են դրել զենքը և նաև լքել են այդ շինությունը»:

Ըստ Փոստանջյանի, զոհերի մասով պետք է քննությունը պարզի մեղավորներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG