Մատչելիության հղումներ

Ռուսաստանի օրվա առթիվ Սարգսյանը շնորհավորել է Պուտինին և Մեդվեդևին, այցելել ՌԴ դեսպանատուն


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին, մաղթել խաղաղություն և բարօրություն, հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:

Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում Սարգսյանն ընդգծել է, որ անցած տարիներին հայ-ռուսական հարաբերությունները՝ հենված երկու երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության և եղբայրության ամուր հիմքի վրա, հարստացել են որակապես նոր բովանդակությամբ: Ակտիվ քաղաքական երկխոսությունը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանցքային հարցերի շուրջ կառուցողական փոխգործակցությունը, տնտեսական, ռազմատեխնիկական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ նախագծերի համատեղ իրականացումը, Հայաստանի նախագահի խոսքով, լիովին համապատասխանում են երկու երկրների դաշնակցային հարաբերությունների շահերին:

«Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշնակցության ամբողջ համալիրի հետագա աճը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման», - ասված է Վլադիմիր Պուտինին Սերժ Սարգսյանի հղած շնորհավորական ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG