ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը Կատարին մեղադրել է ահաբեկչությունը «ամենաբարձր մակարդակով» հովանավորելու մեջ՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով Պետդեպարտամենտի գործադրած ջանքերը Պարսից ծոցում ծագած լարվածությունը թուլացնելու և արաբական մի շարք երկրների կողմից Կատարի շրջափակումը վերացնելու ուղղությամբ:
«Կատարի պետությունը, ցավոք, իր ողջ պատմության ընթացքում ֆինանսավորել է ահաբեկչությունը ամենաբարձր մակարդակով», - Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը։ «Այնպես որ, մենք պետք է որոշում կայացնեինք՝ գնալ հեշտ ճանապարհո՞վ, թե՞ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: Մենք պետք է դադարեցնենք ահաբեկչության ֆինանսավորումը: Ես որոշում եմ կայացրել․․․ ժամանակն է, որպեսզի Կատարը դադարեցնի ահաբեկչության ֆինանսավորումը», - հայտարարել է Դոնալդ Թրամփը, հավելելով, թե ինքն անձամբ մասնակցել է արաբական պետությունների կողմից Կատարի դեմ կատարված քայլերի պլանավորմանը:
Արաբական աշխարհի 7 պետություններ, այդ թվում` Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը, անցած շաբաթվա սկզբին հայտարարեցին, թե սառեցնում են դիվանագիտական կապերը Կատարի հետ, քանի որ նավթով ու գազով հարուստ այդ երկիրը աջակցում է ահաբեկիչներին ու փորձում ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:
Պաշտոնական Դոհան կտրականապես հերքում է այս մեղադրանքները:
Այս ճգնաժամը դիվանագիտական մեծ փորձություն է Միացյալ Նահանգների համար, որը մերձավոր դաշնակցային հարաբերություններ ունի թե՛ Սաուդյան Արաբիայի, թե՛ Կատարի հետ: Թրամփի վարչախումբը ճգնաժամի լուծման հարցում հակասական հայտարարություններով է հանդես եկել:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ է արել կողմերին հանգուցալուծում գտնել: «Մենք կոչ ենք անում Սաուդյան Արաբիայի Թագավորությանը, Արաբական Միացյալ Էմիրություններին, Բահրեյնին և Եգիպտոսին թուլացնել Կատարի շրջափակումը», - Վաշինգտոնում հայտարարել է Թիլերսոնը:
Իր հերթին, ամերիկյան պաշտպանական գերատեսչությունը՝ Պենտագոնը, փաստել է, որ Կատարի շրջափակումը խոչընդոտում է տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի երկարաժամկետ ծրագրերին:
Հիշեցնենք՝ Կատարում տեղակայված ամերիկյան Ալ Ուդեյդ ավիաբազայում ԱՄՆ և դաշնակցային ուժերի ավելի քան 11 հազար զինծառայող է տեղաբաշխված: Սա տարածաշրջանում ամերիկյան խոշորագույն ռազմաբազան է և կարևոր նշանակություն ունի «Իսլամական պետության» դեմ կոալիցիոն ուժերի պայքարում: