Ռուսաստանում «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի ղեկավար, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին երեկ ուշ երեկոյան հայտարարել է, որ չեղարկում է Մոսկվայի իշխանությունների հետ համաձայնեցված կոռուպցիայի դեմ բողոքի հավաքը Սախարովի հրապարակում՝ կոչ անելով իր կողմնակիցներին հավաքվել այսօր Տվերսկայա փողոցում։
Նավալնիի փոխանցմամբ, Կրեմլն արգելել է բարձրախոսներ, բեմ և անհրաժեշտ սարքավորումներ տրամադրող ընկերություններին համագործակցել իրենց հետ։
«Կրեմլը խաղ է վարում է, ասում է՝ «թող իրենք իրենց բողոքի ակցիան անցկացնեն ոչ-կենտրոնական՝ Սախարովի հրապարակում՝ առանց ելույթների։ Թող հավաքվեն, լուռ կանգնեն և տուն վերադառնան»։ Բայց մենք չենք մասնակցի այդ խաղին և թույլ չենք տա, որ մեզ նվաստացնեն։ Ես բոլորիդ կոչ եմ անում հավաքվել վաղը Տվերսկայա փողոցում՝ դա Սահմանադրությամբ ամրագրված մեր իրավունքն է», - երեկ երեկոյան հայտարարել է Նավալնին և կոչ արել իր կողմնակիցներին, որոնց մեծ մասը երիտասարդներ են, այդ թվում նաև՝ անչափահաս դպրոցականներ, դուրս գալ կոռուպցիայի դեմ բողոքի երթի, որն արտոնված չէ Մոսկվայի իշխանությունների կողմից։
Այսօր Ռուսաստանը տոնում է անկախության օրը։ Մոսկվայի կենտրոնական հատվածը հիմնականում փակ է երթևեկության համար, այդ թվում նաև՝ Տվերսկայա փողոցը։ Նախատեսված են մի շարք համերգներ կենտրոնում։
Նավալնիի կողմնակիցները մտադիր են բողոքի ակցիաներ անցկացնել նաև Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում։ Սանկտ Պետերբուրգում ակցիան նույնպես արտոնված չէ։ Սակայն Նավալնին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի բնակիչներին կոչ է արել դուրս գալ խաղաղ բողոքի ակցիայի։
Հավելենք, որ ընդդիմադիր կայքերը հայտնել են, թե Ռուսաստանի իշխանությունները որոշ աշխատանքներ են իրականացրել՝ արգելելու ուսանողներին և դպրոցականներին մասնակցել բողոքի ակցիաներին։ Ուսանողներին պարզապես հավաքում են բուհերում և արգելում մասնակցել այդ երթերին՝ սպառնալով, որ հակառակ դեպքում լուրջ պրոբլեմներ կունենան։
Վերջին անգամ նման բողոքի ակցիա Նավալնին, հիշեցնենք, կազմակերպել էր մարտի 26-ին, որի ժամանակ եղան բախումներ ոստիկանության հետ, ձերբակալվեցին հարյուրավոր ցուցարարներ, այդ թվում նաև՝ դպրոցականներ։