Մատչելիության հղումներ

Մակրոնի կուսակցությունը կարող է մեծամասնություն ապահովել Ֆրանսիայի խորհրդարանում


Նախագահական ընտրություններից հինգ շաբաթ անց Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում:

Անցկացվող հարցումների համաձայն նախագահ Էմանյուել Մակրոնի նորաստեղծ En Marche! կուսակցությունը շատ նպաստավոր դիրքերում է հայտնվել և կարող է բացարձակ մեծամասնություն ապահովել մինչև 400 մանդատ ստանալ 577 տեղ ունեցող խորհրդարանում: Սպասվում է, որ 100 մանդատ կունենա Հանրապետական կուսակցությունը, 35-ը` Ազգային ճակատը, մոտ 30-ը` Սոցիալիստականը:

Ֆրանսիացի վերլուծաբանները փորձում են բացատրություն գտնել Մակրոնի նման հաջողությանը: Շատերը մատնանշում են ավանդական երկու կուսակցությունների՝ Հանրապետականների ու Սոցիալիստների սխալները, փաստելով, որնախագահական ընտրություններում այս ուժերի թեկնածուները չանցան երկրորդ փուլ՝ առաջին անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Միևնույն ժամանակ, կենտրոնամետ Մակրոնի գլխավորած ուժը վստահություն է ներշնչում որքան աջ, նույնքան էլ ձախ կողմնորոշումներ ունեցողներին: Բոլոր վերլուծաբանները համամիտ են, որ այսօրվա ընտրությունները լրջագույնս վերաձևակերպելու են Ֆրանսիայի ողջ քաղաքական համակարգը:

Առայժմ հայտնի չէ, թե այս փոփոխությունները ինչպես կանդրադառնան Ֆրանսիայի հայ համայնքի վրա, քանի որ համայնքի կազմակերպությունների հետ տարիների աշխատանք կատարած և Հայ դատին նվիրյալ պատգամավորների մի զգալի մասը թեկնածություն չի առաջադրել այս ընտրություններում:

Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել, նշելով, որ անկախ Ֆրանսիայի քաղաքական դաշտում տեղի ունեցող վերաձևավորումներին, անհրաժեշտ է շարունակել քաղաքական գործունեությունը ի նպաստ Հայ դատին, լինի դա Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը ու հատուցմանը հետամուտ լինելը, թե Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն ու Ֆրանսիա - Հայաստան հարաբերությունների ամրապնդումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG