Երեկ երեկոյան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պիտի ներկայացվեր Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը, որը հրավիրվել էին դիտելու աշխարհի տասնյակ երկրներից ժամանած Արամ Խաչատրյան մրցույթի մասնակիցները, միջազգային ժյուրիի անդամները և պատվավոր հյուրեր Միացյալ Նահանգներից, Իտալիայից, Հունգարիայից և այլ երկրներից:
Ներկայացումը հոբելյանական էր` նվիրված «Գայանե» բալետի ստեղծման 75-ամյակին, բայց ներկայացումն այդպես էլ տեղի չի ունեցել. նվագախմբի երաժիշտները բոյկոտել են և հրաժարվել նվագելուց:
Օպերային թատրոնի տնօրինությունը այսօր հանդիպում էր կազմակերպել լրագրողների և երաժիշտների միջև, սակայն վերջիններս այդպես էլ չեկան հանդիպմանը:
Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Կարինե Կիրակոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց, որ առայժմ` քանի դեռ իր ձեռքին չեն ներկայացումը տապալած երաժիշտների բացատրագրերը, նրանց արարքի կոնկրետ պատճառների մասին ոչինչ չի կարող ասել:
«Երեկ տեղի է ունեցել շատ տհաճ միջադեպ: Այսօր այդ առթիվ տեղի է ունեցել մեր կոլեկտիվի ընդհանուր ժողով, մասնակցել է նախարար Ամիրյանը, փոխնախարարները», - պատմեց Կիրակոսյանը: - «Մեր ժողովի ընթացքում հնչեց այդ միտքը, որ անպայման մեղավորները պատժվելու են: Հիմա բոլորը բացատրագիր են գրում, թե ինչու երեկ չեն ներկայացել աշխատանքի և խափանել են ներկայացումը», - հավելեց նա:
Այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ շեշտում էր, որ երաժիշտների բոյկոտը «միտումնավոր էր» և ուղղված էր Օպերային թատրոնում կառուցվածքային բարեփոխումների դեմ:
«Այդ բարեփոխումները գալիս են կարգավորելու մեր աշխատանքը, մեր այն տեսլականը իրականացնելու, որը մենք պատկերացնում ենք Օպերայի հետագա աշխատանքի համար», - մանրամասնեց նախարարը:
Օպերային թատրոնում տեղի ունեցող բարեփոխումների շրջանակում օրերս աշխատանքից ազատման մասին ծանուցումներ են ստացել թատրոնի ընդհանուր կառավարման հարցերի գծով տնօրենի տեղակալ Նարեկ Անտոնյանը, պլանավորման և շահագործման գծով տեղակալ Հրաչ Գիրգորյանը և շենքի սարքավորումների սպասարկման հարցերի գծով տնօրենի տեղակալ Սուրեն Աղաբաբյանը:
«Ազատության» այն հարցին, թե արդյոք երաժիշտների բոյկոտը կարող էր կապված լինել աշխատանքից հեռացված տնօրենի տեղակալների հետ, նախարար Ամիրյանը պատասխանեց. - «Ինչո՞ւ չէ` կարող է և լինել: Մենք դեռ պետք է պարզաբանենք, ծանրութեթև անենք և հետո որոշում կայացնենք: Այնուամենայնիվ, ես այսօր ժողովի ժամանակ խնդրեցի և պահանջեցի, որպեսզի այն մարդը, ով կազմակերպել է, վերցնի իր վրա պատասխանատվությունը և բարձրաձայնի, թե ինչի համար է արել դա: Բայց ես չլսեցի պատասխանը: Սա նշանակում է, որ մենք գործ ունենք ոչ միայն սաբոտաժի հետ, ոչ միայն ներկայացումը տապալելու հետ, այլ նաև թաքնված ուժերի հետ, որոնք տակից կարող են խարխլել ամբողջ Օպերային թատրոնի աշխատանքը և խաղալ Օպերային թատրոնի վարկի և բարի համբավի հետ»:
Արմեն Ամիրյանը խոստացավ, որ ամեն ինչ պարզելուց հետո անպայման կբարձրաձայնեն և «իրերը կկոչեն իրենց անուններով»:
«Այսօր ես թատրոնում, այնուամենայնիվ, տեսա նաև շատ առողջ մտածող աշխատակիցներ, որոնք դատապարտում էին սույն քայլը: Մասնավորապես` և՛ նույն նվագախմբից, և՛ բալետի արտիստները, և՛ մենակատարները, և՛ սպասարկող անձնակազմը: Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք», - ասաց նախարարը` շարունակելով. - «Եվ եթե նման իրավիճակներ են ստեղծվում, և եթե կան մեր շրջանակում մարդիկ, որոնք ստեղծում են այդ իրավիճակը, սա մեկ անգամ ևս փաստում է, որ մենք իսկապես կարիք ունենք բարեփոխումների, առողջացման և կառուցվածքային փոփոխությունների»: