Մատչելիության հղումներ

Իշխանությունները պնդում են, որ հնարավորինս բացառել են «պրիմիտիվ գողությունները»


Ֆինանսների նախարարության պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը զրուցում է լրագրողների հետ
Ֆինանսների նախարարության պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը զրուցում է լրագրողների հետ

Պետական գնումների ոլորտում իրականացված փոփոխությունները հնարավորինս բացառում են «պրիմիտիվ գողությունները», այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց Ֆինանսների նախարարության պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը:

«Մենք փորձել ենք օրենսդրությունը այնպես կառուցել, որպեսզի այդ կարգի դրսևորումներ չլինեն կամ գոնե դրանք նվազագույնի հասցվեն», - նշեց Շահնազարյանը: - «Դրա համար նոր համակարգ սկսեց գործել, որը բավականին բարդացնում է այդ դրսևորումները: Բայց մենք խոսում ենք 3800 պատվիրատուի մասին, ու հնարավոր է, որ մեկը մի տեղ, ինչ-որ մի գործողություն ճիշտ չանի: Բայց համակարգը այնպես է կառուցված, որ օրինակ ցածր գին տվող մարդը չի կարող մրցույթից դուրս մնալ», - հավելեց նա:

Նախորդ տարի՝ պաշտոնը ստանձնելուց օրեր անց, վարչապետ Կարեն Կարապետյանը խոսեց պետական գնումների ոլորտում կատարվող «պրիմիտիվ գողության» մասին, սակայն այս հայտարարությունից հետո այդպես էլ իրավապահները որևէ մեկին պատասխանատվության չենթարկեցին:

Գնումների ոլորտը համակարգող մարմնի ներկայացուցչի պնդմամբ այս տարվա ապրիլից ուժի մեջ մտած գնումների մասին նոր օրենքը հնարավորինս թափանցիկ է դարձնում պետական բյուջեից իրականացվող գնումները:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը համաձայն է, որ գնումների մասին նոր օրենքը վերահսկողության լծակներ է ավելացրել, սակայն հավելում է․ - «Ինչքան ուզում ես օրենքը կատարելագործի, եթե չկա ցանկություն նորմալ աշխատելու, գողությունը կշարունակվի»:

Նախորդ տարի «Թրանսփարենսի ինթենեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակեց զեկույց, ըստ որի՝ 2015 թվականին պետական գնումների 70 տոկոսն իրականացվել է մեկ անձից գնման եղանակով՝ այսինքն առանց բաց մրցույթի:

Այսօր Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը նշեց, որ 2015-ին մեկ անձից կատարվող գնումները կազմել են ընդհանուր գնումների միայն 18.7 տոկոսը, իսկ նախորդ տարի այս թիվն ավելի է կրճատվել՝ հասնելով 7.2 տոկոսի:

Հասարակական կազմակերպության և պետական վիճակագրության նման տարբերության պատճառն այն է, որ հակակոռուպցիոն կենտրոնը հաշվել է նաև բնական մենաշնորհներ հանդիսացող գնումները, պարզաբանեց նախարարության ներկայացուցիչը:

«Այլընտրանք չկա ուղղակի՝ ասենք հոսանքը, ջուրը կամ պոլիկլինիկական ծառայությունները առնել մրցույթներով», - նշեց Սերգեյ Շահնազարյանը:

Մինչդեռ, հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցչի պնդմամբ առանց բաց մրցույթի իրականացված գնումների վիճակագրության մեջ իրենք ներառել են նաև բնական մենաշնորհներ հանդիսացող գնումները, քանի որ դրանք ևս վիճահարույց են:

«Իսկ արդյո՞ք այս բնական մոնոպոլիաների այսպիսի մասշտաբները իսկապես արդարացված են: Այսինքն, եթե ասում ենք էլեկտրաէներգիան ստիպված պիտի առնենք․․․ իսկ ինչո՞ւ պիտի չլինի մի քանի մատակարար», - հակադարձեց Վարուժան Հոկտանյանը:

Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը նաև փոխանցեց, որ 2015 թվականի համեմատ նախորդ տարի պետական գնումների ոլորտում մրցակցությունը կրկնապատկվել է: ԵՏՄ օրենսդրության պատճառով վերացվել է շրջանակային համաձայնագրերով գնումների ընթացակարգը, ընդհանուր առմամբ՝ նախկինում գործող գնման 7 ձևերից թողնվել է 4-ը: Գնումների մասին նոր օրենքով պարզեցվել ու հեշտացվել են մրցույթներին մասնակցության պայմանները:

Ֆինանսների նախարարության ներկայացուցիչն այսօր նաև փոխանցեց, որ այս տարի պետական գաղտնիք չպարունակող, մրցակցային պայմաններով պետական գնումների վրա նախատեսվում է ծախսել 87 միլիարդ դրամ, անցած տարի ծախսվել էր ավելի շատ՝ 90.5 միլիարդ դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG