Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը բոյկոտեց նորընտիր ավագանու առաջին նիստը: Ավագանու «Երկիր Ծիրանի» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր թիմով սեփական «նիստն» անցկացրեց քաղաքապետարանի բակում:
«Սիրելի երևանցիներ, դահլիճում անցկացվող նիստի հետ զուգահեռ մենք վարում ենք մեր նիստը այստեղ, որովհետև մենք չենք ճանաչում այս բռնազավթիչներին որպես օրինական իշխանություններ և իրենց հետ մեր շփումը լինելու է դատարանների միջոցով, պաշտոնական լեզվով, գրագրությունների միջոցով», - ասաց Փոստանջյանը՝ շարունակելով. - «Պետք է բռնենք այս կրիմինալ իշխանությունների ձեռքը, պետք է հասնենք նրանց պատասխանատվության կանչելուն և նրանց նկատմամբ արդարացի պատիժ կիրառելուն»։
«Երկիր Ծիրանիի» անդամների ձեռքին կարմիր փուչիկներ էին, վրան գրված՝ ՀՀԿ: Փոստանջյանն ասաց՝ հետևելու են, թե բյուջեն ինչպես է ծախսվելու, իսկ քաղաքաշինության ոլորտի խնդիրները վեր հանելու ու դրանք լուծելու համար որպես ուղեցույց են ընտրել ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի գիրքը: Հայտարարեց՝ չի բացառվում, որ իրենց նիստերն ու գործունեությունը առհասարակ կշարունակեն դրսում:
Մինչ այդ քաղաքապետարանում նիստ անցկացրեցին ավագանու 65 անդամներից 60-ը` Հանրապետական կուսակցության ու ընդդիմադիր «Ելք» դաշինքի խմբակցությունները: Ավագանու առաջին նիստում այսօր կազմվեցին հանձնաժողովներ, ընտրվեցին դրանց նախագահներն ու քարտուղարները:
Դահլիճում նիստն ավարտելուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասած՝ շարունակելու է իր աշխատանքը: Հայտարարեց՝ նիստերն անցկացնելու համար ինքը մեկ վայր գիտի՝ քաղաքապետարանի համապատասխան դահլիճը:
«Այն խմբակցությունը, որը ժողովրդի կողմից քվե է ստացել՝ ինձ թվում է ավելի արդյունավետ կլինի, երբ որ նիստերին մասնակցեն և առաջարկություններով հանդես գան», - նշեց քաղաքապետը:
Ըստ օրակարգի ձևավորվեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով, քննարկվեցին քաղաքապետի երդման արարողության կազմակերպչական հարցեր, կազմավեցին մշտական 4 հանձնաժողովները, որոնցից միայն մեկը` մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կնախագահի «Ելք»-ի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը:
ՀՀԿ-ի 46 հոգանոց թիմը կղեկավարի Սերգեյ Մկրտչյանը:
Ավագանու 14 անդամներից բաղկացած «Ելք» դաշինքի ղեկավարը 23-ամյա Դավիթ Խաժակյանն է:
«Երկիր Ծիրանին» ավագանու 5 անդամ ունի, խմբակցությունը կղեկավարի Զարուհի Փոստանջյանը:
Ի դեպ` «Ելք»-ի անդամ, հաշմանդամություն ունեցող Զարուհի Բաթոյանի համար նիստերի դահլիճը մատչելի չէր, գործընկերները նրան սայլակով գրկած ուղեկցեցին դեպի դահլիճ:
«Սա նաև չափանիշ է, որովհետև այս նիստերը բաց են և մասնակցել կարող է ցանկացած քաղաքացի, և պետք է հետևողական լինել, որպեսզի այդ հնարավորությունը ապահովենք մեր քաղաքացիների համար», - ստեղծված իրադրությունը մեկնաբանելով` նշեց Բաթոյանը:
Տարոն Մարգարյան. «Ես միլիոնատեր չեմ»
Նախորդ տարի 250 միլիոն դրամ հայտարարագրած Երևանի քաղաքապետն ասաց` «ես միլիոնատեր չեմ», հերթական անգամ հրաժարվելով մանրամասնել, թե ինչ ճանապարհով է կուտակել շուրջ 600,000 դոլարը, մեծաքանակ անշարժ ու շարժական գույքը և այլ ունեցվածք:
«Նախ` ես միլիոնատեր չեմ: Եթե Դուք դրանից հաճույք եք ստանում` ամեն օր հարցնելուց, ես Ձեզ ամեն օր նույն պատասխանն եմ տալու», - «Ազատության» հարցին ի պատասխան նշեց Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 12-ին: