Մատչելիության հղումներ

Շարմազանով. Ճիշտը աչքերի մեջ նայելն ու խոսելն է


Չնայած իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ընդդիմության հետ միաձայն այսօր ընդունեց «Ազդարարման համակարգի մասին» օրենքը, որը թույլ է տալիս կոռուպցիոն հանցագործությունների մասին ազդարարել տարբեր մարմիններին, նաև անանուն հաղորդումներ տալ, Ազգային ժողովի փոխնախագահ, օրենքին կողմ քվեարկած Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այս գործիքից չի օգտվի:

«Ազատության» հետ զրույցում Շարմազանովը նշեց, թե ճիշտ չէ, որ օրինակ, գործընկեր պատգամավորները միմյանց դեմ թաքուն հաղորդումներ ներկայացնեն։ Ճիշտը, ըստ ԱԺ փոխնախագահի, աչքերի մեջ նայելն ու խոսելն է:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ այն աշխատի հենց Ազգային ժողովի ներսում, այսինքն՝ պատգամավորը, տեսնելով, որ իր գործընկերը ինչ-որ կոռուպցիոն ռիսկերի մեջ է, գործընկերոջ վերաբերյալ նման հաղորդումներ ներկայացնի, Շարմազանովը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ եթե խնդիր կա, պատգամավորը պետք է իր ընկերոջ աչքերի մեջ նայի, ուղիղ իրա հետ խոսի, ոչ թե գնա, թաքուն մեկ այլ մարմնին ասի։ Մենք բոլորս ընտրված ենք ժողովրդի կողմից, ավելի ճիշտ ու ազնիվ կլինի, համենայն դեպս ես այդպես եմ, երբ որ ասելիք կա, ես միշտ էլ ջանն էլ եմ պատգամավորի աչքերին նայելով ասում և' իմ քաղաքական օպոնենտներին, եթե կա դժգոհություն, քննադատություն ասում եմ, և նաև նույնը պահանջում եմ իմ ընկերներից, ոչ թե պատերի տակ խոսելով եմ առաջնորդվում` և՛ համոզմունքս եմ հայտնում ամբիոնից, և՛, եթե կա դժգոհություն, և՛ս ամբիոնից եմ ասում, կարծում եմ եթե պատգամավոր է, ճիշտը դա է»։

Ճշտող հարցին, եթե կարող են աչքերի մեջ նայելով այդ հարցերը լուծել, ինչո՞ւ նման մարմին ստեղծել, խորհրդարանի փոխնախագահը պատասխանեց. - «Որովհետև դրա անհրաժեշտությունը կա։ Խոսքը պատգամավորների մասին չէ, խոսքը գնում է, որ կան մարդիկ, ովքեր մի՞գուցե կաշկանդված կլինեն և ազդարարների ինստիտուտը կարող է օժանդակել»։

ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դժվարանում է ասել՝ արդյո՞ք պատգամավորները պատգամավորների դեմ կազդարարեն և կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդումներ կներկայացնեն, ամեն դեպքում, ըստ Ռուստամյանի, այդ հնարավորությունը տրված է և պետք է զգույշ լինել:

«Ազատության» հարցին, թե պատգամավորները պատգամավորների մասին կազդարարե՞ն, Ռուստամյանը պատասխանեց. - «Բոլորն էլ կարող են ազդարարել, բայց չգիտեմ՝ ով ում մասին կազդարարի, չեմ կարող այդ կանխատեսումն անել, բայց այդ հնարավորությունը տրված է, և կարծում եմ հիմա բոլորը պետք է զգույշ լինեն, որովհետև իրական մոնիթորինգ կարող է առաջանալ։ Ես նաև կարծում եմ, որ այդ խրախուսման մեխանիզմներն ազդարարման, որ գոյություն ունեն, դրանից շատերը կարող են օգտվել. օրական չորս բան ազդարարես, բավականին լուրջ գումար կարող ես ստանալ»։

Հիշեցնենք, սակայն, այս օրենքի ընդունման ժամանակ դաշնակցական պատգամավոր, Պետաիրավական հանձնաժողովի անդամ Անդրանիկ Կարապետյանի ելույթը ցնցել էր շատերին, ով խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե օրենքում տեղ գտած հանցագործության ազդարարման մասին դրույթը նման է գործ տալուն։

«Իմ կարծիքով՝ ազդարարի ինստիտուտը մեզ՝ հայերիս հարիր չէ, որովհետև երեկ, երբ որ այս օրենքը ես կարդում էի, առաջին հերթին իմ միտքն եկավ այն գաղափարը, որ ժողովրդական խոսքով ասած, սա գործ տալու ինստիտուտ է», - հայտարարել էր Կարապետյանը։

Օրենքին կողմ քվեարկած Արմեն Ռուստամյանը, սակայն, վստահեցնում է, որ իր գործընկերոջ՝ Անդրանիկ Կարապետյանի խոսքն աղավաղել են:

«Ինքն ուզում էր ասել, որ առաջին անգամը լինելով, սա ի չարս չօգտագործվի, այսինքն՝ չդառնանք այն վիճակը, որ ունեցել ենք 37 թվին, օրինակ, մարդկանց բռնելու համար, աքսորելու համար իրար վրա էսպես բաներ էին տալիս անհիմն՝ զրպարտություններ, զրպարտագրեր և այլն, այսինքն՝ կլյաուզնիկների այս շրջանակը սրանով չակտիվացնենք։ Այդ մտահոգությունը կա, որովհետև առաջին անգամ է սա գործի դրվելու, բայց այդքանը, մնացածը, ես կարծում եմ, որ ինքը, իհարկե, հավատում է և մեր խմբակցության դիրքորոշումն է եղել, որ այս հակակոռուպցիոն պայքարի այս մեխանիզմը պաշտպանի։ Նա մեր ներկայացուցիչն է եղել Պետաիրավական հանձնաժողովում, պարզապես բառապաշարն ուղղակի այնպես չկիրառեց, որ դարձավ այս երկու օրվա գլխավոր թեման», - ասաց Ռուստամյանը։

Ճշտող հարցին, թե հայի գենին սա չի՞ հակասում, ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց. - «Հայի գենը, ընդհակառակը, նա է, որ կարողանանք ինքներս նպաստել երկրում բացահայտենք հնարավորինս արագ բոլոր կոռուպցիոն դրսևորումներն ու հանցագործությունները»։

Հավելենք, որ Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ ​GRECO-ն, հրապարակել է իր տարեկան զեկույցը՝ անդամ 49 երկրների կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերի մասին: Զեկույցում նաև խոսվում է Հայաստանի պատգամավորների շրջանում կոռուպցիոն ռիսկերի մասին՝ շեշտելով, որ օրենսդիրների շրջանում կոռուպցիան կանխարգելելու ուղղությամբ GRECO-ի որևէ հանձնարարական մինչև 2016-ի ավարտը կյանքի չի կոչվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG