Այսօր «Երկիր Ծիրանի» խմբակցությունը բոյկոտեց ու չմասնակցեց Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին՝ հայտարարելով, որ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) թիմը ապօրինի է եկել քաղաքային իշխանության գլուխ։
Խմբակցությունը նաև հայտարարեց մշտապես ավագանու նիստերին զուգահեռ քաղաքապետարանի շենքի դիմաց նիստեր անցկացնելու մասին։
«Ազատության» հարցին, թե ինչպե՞ս են այս դեպքում պատրաստվում համագործակցել «Երկիր Ծիրանի»-ի խմբակցության հետ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանեց. - «Դա իրենց իրավունքն է, մենք շարժվելու ենք օրենքով սահմանված կարգով՝ Երևանի մասին օրենքով և մեր Երևանի ավագանու կանոնադրությամբ։ Ըստ կանոնակարգի, նիստերը միշտ տեղի են ունենում Արգիշտի 1 հասցեում, նիստերը պետք է քվորում ապահովեն, մեր այն խմբակցությունը, որը իշխանության կողմից քվե է ստացել, պետք է գար այդ քվեի պաշտպանը լիներ, նաև ներկայացներ իր ծրագրերը, իր մոտեցումները Երևանի կառավարման մեջ այս հինգ տարիներին։ Ավելի արդյունավետ կլինի, երբ որ նիստերին մասնակցեն, առաջարկություններով հանդես գան և իրենց տված բնակիչների քվեն էլ հարգեն»։
Մայիսի 14-ի ընտրությունների արդյունքներով, հիշեցնենք, իշխող Հանրապետական կուսակցությունը Հայաստանի մայրաքաղաքի ավագանիում ստացել է 46, «Ելք» դաշինքը՝ 14, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 5 մանդատ:
Նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությունը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ հունիսի 12-ին։