Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հավանում է իրեն շատ կոշտ քննադատող ամերիկացի սենատոր Ջոն ՄըքՔեյնին՝ նշելով, որ սա կատակ չէ։
Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունն իր ֆիլմում Պուտինին պատմում է, որ Միացյալ Նահանգների Սենատոր ՄըքՔեյնը մտադիր է Սենատին առաջարկել վետո սահմանել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները հանելու գաղափարի դեմ։ Պուտինն, ի պատասխան, նախ ասել է, թե ափսոսում է, որ ԱՄՆ-ում այդքան շատ նման սենատորներ կան, հետո հավելել. - «Իրականում ՄըքՔեյնին ես նույնիսկ մի քիչ հավանում եմ, այո՛, չեմ կատակում, ինքն ինձ դուր է գալիս իր հայրենասիրությամբ, ինձ դուր է գալիս, որ նա սկզբունքային է իր երկրի շահերը պաշտպանելու հարցում»։
Պուտինը ՄըքՔեյինին համեմատել է հռոմեացի քաղաքական գործիչ Մարկուս Պորցիուսի հետ, ով իր բոլոր ճառերն ավարտում էր «Կարթագենը պետք է կործանվի» արտահայտությամբ։
Պուտինի խոսքով՝ ՄըքՔեյնի պես մարդիկ ապրում են հին գաղափարներով։ «Նրանք չեն ուզում տեսնել, թե ինչպես է փոխվել աշխարհը, և չեն տեսնում իրական սպառնալիքները», - ասել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինը հայտարարել է նաև, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը շատ ընդհանուր սպառնալիքներ ունեն և պետք է միասին աշխատեն։
Նա Սթոունի ֆիլմում նշել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը դաշնակիցներ էին և՛ Առաջին, և՛ Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ։ Պուտինը նույնիսկ հիշել է, որ ժամանակին Ռուսաստանն աջակցում էր Միացյալ Նահանգներին անկախության համար պայքարում։
Սթոունն ասել է, որ Պուտինի մասին աղմուկ բարձրացրած ֆիլմը նկարահանել է, քանի որ չի ուզում, որ հարաբերությունները Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև վատանան։