«Անցած տարվա հուլիսին հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանական բռնությունները, հոգեբանական ճնշումները, հետապնդումներն ու հատուկ միջոցների կիրառումը թույլ են տալիս գնահատելու, որ իրավապահների կողմից դրսևորվել է դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք», - արձանագրում են հայաստանյան վեց իրավապաշտպան կազմակերպություններ ոստիկանական գնդի գրավման տարելիցին ընդառաջ՝ այսօր հրապարակած ծավալուն զեկույցում:
Իսկ բռնությունների նպատակը, ըստ իրավապաշտպանների, հավաքների մյուս մասնակիցների շրջանում վախի, ճնշման մթնոլորտ ձևավորելն ու շարունակվող հետագա հավաքներին մասնակցությունը կանխելն էր:
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար, հուլիսյան ցույցերի ակտիվ մասնակից Լևոն Բարսեղյանի համոզմամբ՝ բռնաճնշումների ցուցումն ամենաբարձր մակարդակով է տրվել․ - «Ոստիկանությունը այդ օրերի ընթացքում որոշեց, որ պիտի անցնի ահաբեկչական գործողությունների, ըստ ամենայնի՝ ունենալով Բաղրամյան 26-ի հրահանգը: Եվ այս ռեժիմի պայմաններում զարմանալի չէ, որ պարագլուխը այդ ամբողջի պիտի պարգևատրվեր Սերժիկ Սարգսյանի կողմից․ Երանոսյան կոչեցյալ հրոսակի մասին է խոսքը: Ես իրականում հույսեր և ակնկալիքներ չունեմ, թե այս ռեժիմի օրոք այդ հանցագործները երբևէ կպատժվեն: Մենք այս իմաստով լուրջ ճգնաժամի մեջ ենք»:
Հուլիսյան ցույցերի օրերին, ըստ զեկույցի, ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 700 մարդու, այդ թվում՝ հարակից փողոցների պատահական անցնորդների: 60-ից ավելի մարդ էլ ձերբակալվել է զանգվածային անկարգությունների, անօրինական
հավաքներ կազմակերպելու և մասնակցելու, իրավապաշտպանների որակմամբ՝ շինծու մեղադրանքներով:
150 էջանոց աշխատության հեղինակները առանձին բաժնով անդրադարձել են ոստիկանության կիրառած հատուկ միջոցների իրավաչափությանը՝ արձանագրելով, որ դրանք՝ 3 արցունքաբեր գազերը և 97 լուսաձայնային նռնակները ապօրինաբար են գործի դրվել խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ:
«Իրազեկ քաղաքացիների միավորման» անդամ Դանիել Իոաննիսյանն ասաց․ - «Ոստիկանները կրակելուց հետո գիլզաները վերցրել են և շպրտել են ցուցարարների ուղղությամբ՝ որպես հավելյալ ահաբեկում կամ․․․ Ամեն դեպքում որևիցե տեղ գրված չի, որ այս երկաթի կտորը կարելի է նետել ցուցարարների վրա: Քաղաքացի կա, ում մարմնից 75 բեկոր է հանվել բժիշկների կողմից: Դա անգամ պատերազմի գոտում մեղմ ասած ամեն վիրավորի հետ չի պատահում: 8 քաղաքացի աչքից է զրկվել ոստիկանության այս գործողությունների արդյունքում»:
Նաև ուժի գործադրման, ֆիզիկական բռնությունների, ցուցարարներին նվաստացնելու դեպքեր են մատնացույց անում իրավապաշտպանները՝ որոշ դեպքերում անգամ դրանք աննախադեպ գնահատելով իրենց տեսակով ու ծավալով:
«Ոստիկանությունը շատ մեծ ջանասիրությամբ փորձում էր խափանել այդ հավաքը՝ հավաքի մասնակիցներին բերման ենթարկելով, նրանց ծեծի ենթարկելով ոստիկանության մեքենաներում, նաև ոստիկանության շենքերում», - ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի անդամ Ռոբերտ Ռևազյանը:
Լրագրողների իրավունքների պաշտպաններն արձանագրում են, որ մասնագիտական պարտքն իրականացնող թղթակիցների դեմ լայնածավալ բռնություններից, հետապնդումներից, գույքի վնասումից մոտ մեկ տարի անց հիմնական մեղավորներն ու պատասխանատուները պատիժ չեն կրել: Մասնավորապես ոստիկանները դատարանի առջեւ չեն կանգնել:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե ղեկավար Աշոտ Մելիքյանը հիշեցրեց, որ պատասխանատվությունը ստանձնել են բացառապես քաղաքացիական անձինք․ - «Միտումնավոր հաշվեհարդար տեսնելու միտում է նկատվել: Եվ այսքանից հետո չեմ կարծում, որ այս իրավիճակում բոլոր մեղավորները կհայտնաբերվեն»:
Զեկույցը անդրադառնում է նաև պատճառներին, թե ինչու զինված գործողությունը մեծ աջակցության արժանացավ փողոցում:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյան․ - «Խաղաղ հավաքների այդ լայնամասշտաբ ծավալումը որպես նախապատմություն ուներ երկրում տիրող ընդհանուր սոցիալական, տնտեսական անարդարության, դժգոհության կուլմինացիոն փուլի առկայությունը, որը հանգեցրեց դրան և կարծես թե զարթոնքի ճիչ հանդիսացավ քաղաքացիների համար»:
«Մարդու իրավունքների խախտումները Հայաստանում 2016 թ․ հուլիսի 17-30-ը» վերնագրով զեկույցն ավարտվում է իշխանության տարբեր օղակներին ուղղված առաջարկություններով: Նախագահին մասնավորապես, կազմակերպությունները հորդորում են հրապարակայնորեն քննադատության ենթարկել քննչական մարմնի գործողությունները հարուցված քրեական գործերի նախաքննության առնչությամբ և պահանջ ներկայացնել՝ դրանց առավել արդյունավետություն հաղորդել: