Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են


Մեծ Բրիտանիա - Վարչապետ Թերեզա Մեյի և ընդդիմադիր լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինի քարոզչական պաստառների արտացոլումը լոնդոնյան խանութներից մեկի ցուցափեղկում, հունիս, 2017թ․
Մեծ Բրիտանիա - Վարչապետ Թերեզա Մեյի և ընդդիմադիր լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինի քարոզչական պաստառների արտացոլումը լոնդոնյան խանութներից մեկի ցուցափեղկում, հունիս, 2017թ․

Մեծ Բրիտանիայում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, որոնցով վարչապետ Թերեզա Մեյը հույս ունի ամրապնդել իր դիրքերը՝ «Բրեքզիթ»-ի շուրջ Եվրամիության հետ սպասվող բանակցություններից առաջ: Քվեարկության շեմին արված հարցումները, սակայն, փաստում են՝ վարչապետի վարկանիշը աճելու փոխարեն նվազել է, հատկապես՝ Մանչեսթրում ու Լոնդոնում իրականացված ահաբեկչություններից հետո:

Ապրիլին, երբ Թերեզա Մեյը անակնկալ հայտարարեց խորհրդարանը լուծարելու մասին, պահպանողականները շուրջ 20 տոկոսով գերազանցում էին մրցակիցներին, և վերլուծաբանները չէին բացառում, որ նրա կենտրոնամետ կուսակցությունը կարող է հասնել այնպիսի գերիշխող առավելության, որ ուներ, ասենք, Բրիտանիայի առաջին կին վարչապետը՝ Մարգարեթ Թեթչերը տասնամյակներ առաջ: Մինչդեռ քարոզարշավի շաբաթներն աշխատեցին ի վնաս պահպանողականների, և երեկ արդեն, երբ Մեյը՝ ամուսնու հետ, քարոզչական վերջին հանդիպումն էր անցկացնում Լոնդոնի շուկաներից մեկում, մսավաճառները բարձրաձայն վանկարկում էին՝ պետք է ձայն տալ լեյբորիստներին:

Ընդդիմախոսները շարունակ հիշեցնում են, որ մինչ վարչապետ դառնալը Թերեզա Մեյը վեց տարի եղել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարը՝ նախաձեռնելով կրճատումներ ոստիկանական համակարգում: Նրա պաշտոնավարման օրոք զինված ոստիկանների թիվը նվազել է շուրջ 20 հազարով, պնդում էր լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը:

«Հասարակության անվտանգության վրա չի կարելի խնայողություն անել, ոստիկանությունն ու անվտանգության ծառայությունները պետք է ստանան իրենց անհրաժեշտ միջոցները, ոչ թե կրճատումների ենթարկվեն: ժամանակին ոստիկանության ղեկավարությունը զգուշացնում էր հետևանքների մասին, մինչդեռ Թերեզա Մեյը մեղադրում էր նրանց անիմաստ աղմուկ անելու մեջ», - հայտարարել է Քորբինը:

Մանչեսթրում ու Լոնդոնում իրականացված արյունալի ահաբեկչություններից հետո Մեյը ստիպված էր կոշտացնել իր դիրքորոշումը, խոստանալով վերանայել անգամ մարդու իրավունքներին վերաբերող օրենքները՝ ահաբեկչության մեջ կասկածվողներին բացահայտելու ու երկրից վտարելու համար:

«Բա՛վ է, այսպես այլևս չի շարունակվի: Մենք պարտավոր ենք ավելին անել, շատ ավելին՝ իսլամական ծայրահեղականությունը, ատելության քարոզը արմատախիլ անելու համար», - ասել է Միացյալ Թագավորության վարչապետը:

Մեծ Բրիտանիայի համար բավական բարդ փուլում իշխանության ղեկը ստանձնած Թերեզա Մեյը քարոզարշավի ընթացքում քննադատվեց նաև մրցակցի հետո բանավեճերից խուսափելու և միևնույն հարցի շուրջ երկու տարբեր կարծիք արտահայտելու համար: Ընդդիմախոսները, մասնավորապես, հիշեցնում էին՝ ամիսներ առաջ նա կտրականապես հերքում էր արտահերթ ընտրությունների գնալու հնարավորությունը, հետո, սակայն, վերանայեց դիրքորոշումը, նախընտրական ծրագրում առաջարկում էր սոցիալական բարեփոխումներ, որոնցից, այդուհանդերձ, շատ արագ հրաժարվեց:

Քաղաքական այս հակասությունները ի վերջո երաժշտական հիթ դարձան, Լոնդոնում գործող խմբերից մեկը շաբաթներ առաջ թողարկեց «Նա ստում է, ստում, նրա ոչ մի խոսքին հնարավոր չէ հավատալ» երգը, որն անցած ուրբաթ արդեն չորորդ տեղն էր զբաղեցնում բրիտանական հիթերի տասնյակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG