Նորամուծությունները շատ են. նախատեսվում է, մասնավորապես, ընդլայնել հայտարարագրեր ներկայացնողների ցանկը և 500-ի փոխարեն 2200 պաշտոնյաների պարտավորեցնել հանրությանը ներկայացնել ունեցվածքը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հետևելու է հայտարարագրերին, քննելու է հայտարարագրմանն առնչվող խախտումներին վերաբերող գործեր: Հանձնաժողովի անդամներին ընտրելու է խորհրդարանը՝ պատգամավորների թվի ձայների մեծամասնությամբ: Հանձնաժողովի անդամներին առաջադրելու է հատուկ ձևավորվող խորհուրդը, որի անդամներին ներկայացնելու են Բարձրագույն դատական խորհուրդը, որը նոր պետք է ստեղծվի, Մարդու իրավունքների պաշտպանը, Փաստաբանների պալատը, Սահմանադրական դատարանի նախագահը և Հանրային խորհուրդը:
Օրինագծի հեղինակներից Ազգային ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը (ՀՀԿ) ասաց, որ միջազգային սկզբունքների հիման վրա են նման կազմ ընտրել, որպեսզի խորհուրդը ապաքաղաքական և չեզոք լինի․ - «Ապաքաղաքականացվածությունը, նրանց չեզոքությունը քաղաքական և, ամենակարևորներից մեկը՝ անկողմնակալությունը»:
Ընդդիմադիր պատգամավորները մտահոգություն հայտնեցին, որ ընդդիմությունը հնարավորություն չունի մասնակցելու այս հանձնաժողովի ձևավորմանը: Ապաքաղաքականության սկզբունքը պահպանելու պատրվակով ընդդիմադիրները դուրս են թողնվել գործընթացից:
Մինչդեռ, ինչպես նկատեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, թվարկված կառույցներն ամենևին էլ չեզոք չեն․ - «Թվարկածս կառույցների մեծ մասին Ֆելինիի երևակայությունը պետք է ունենալ՝ համարելու ապաքաղաքական և չեզոք կառույցներ: Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ էս կառույցների գերակշիռ մեծամասնությունը իշխանության քվոտայով, իշխանություն յուրիսդիկցիա տակ գործող կառույցներ են»:
«Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նկատեց․ - «Ես ինչքան հիշում եմ Հայաստանում հակակոռուպցիոն կամ կոռուպցիայի կանխարգելման մարմին ստեղծելու վերաբերյալ քննարկումները, անընդհատ խոսվել է, որ այս կարգավիճակը որպես հակաշիռ պետք է տալ ընդդիմությանը: Եվ այս իրավիճակում կա՛մ պետք է որոշակի արտոնություններ ունենա ընդդիմությունը, կա՛մ սա պետք է լինի ոչ թե կոլեգիալ մարմին, այլ, Գլխավոր դատախազության նման, ղեկավար լինի այդ հանձնաժողովի, և նրա թեկնածությունը առաջադրելու իրավունք պետք է ունենա ընդդիմությունը»:
Արփինե Հովյաննիսյանն ասաց, որ թեև իր կարծիքը չի փոխվել, սակայն կքննարկեն ընդդիմության մասնակցությունը հնարավոր դարձնելու հարցը․ - «Ես հայտնում եմ իմ պատրաստակամությունը ընդդիմության մրցութային խորհրդում տալու այդ տեղը»։
Թեժ բանավեճերի հանգեցրած մյուս խոշոր նորամուծությունը ազդարարների համակարգ և անանուն հաղորդումների միասնական էլեկտրոնային հարթակ ստեղծու առաջարկն էր: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Անդրանիկ Կարապետյանը (ՀՅԴ) կոռուպցիայի մասին ահազանգելը համեմատեց «գործ տալու» հետ. - «Իմ կարծիքով, ազդադարի ինստիտուտը մեզ՝ հայերիս հարիր չէ, որովհետև երեկ, երբ որ էս օրենքը ես կարդում էի, առաջին հերթին իմ միտքս էկավ այն գաղափարը, որ ժողովրդական խոսքով ասած՝ սա գործ տալու ինստիտուտ է»:
Մանե Թանդիլյանը («Ելք») արձագանքեց․ - «Խոսել մարդկանց մասին, ովքեր նախատեսվում է, որ կարող են լինել ազդարարներ կոռուպցիայի դեմ պայքարի կոնտեքստում և նրանց անվանել «գործ տվող», և համարել, որ դա հայեցի չէ, ես համարում եմ, որ հենց դա հայեցի չէ»:
Նիկոլ Փաշինյանին Անդրանիկ Կարապետյանի ելույթը ստիպեց երկրորդ անգամ ամբիոնին մոտենալ․ - «Ես կարծում եմ, որ մեզ համար պետք է լինի կոնսենսուս, որ մենք ընդհանրապես թույլ չտանք, որ էս ամբիոններից հնչեն ելույթներ և խոսքեր, որոն պատերի տակ պպզածներին թույլ կտան ավելի պինդ պպզել՝ իրենց զգալով Հայաստանի Հանրապետության տեր և տնօրեն: Եվ ես ձեզ ասեմ պատասխանատու կերպով, որպես «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին կալանավոր, որ այդ «գործ տալու» մասին ազդարարողները իրենք սահմանված ժամանակ և ձևերում վազում և շատ ակտիվ «գործ են տալիս» իրենց իսկ տրամաբանության սահմաններում ստեր գրելով և մարդկանց նկատմամբ զրպարտագրեր և ամենավատ բաները անելով»:
Որպեսզի անանուն հաղորդումները քննվեն, ըստ Արփինե Հովհաննիսյանի, ազդարարը պետք է բարեխիղճ լինի, իսկ հաղորդումը՝ հիմնավոր եւ ստուգելի․ - «Բավարար չափով հիմնավորված է: Սա նշանակում է ուղղակի գնալ և ասել՝ ես գիտեմ, որ էսինչ մեկը կաշառք է վերցրել, բացարձակապես ոչ մի նշանակություն չի կարող ունենալ, և, էստեղ, խնդրում եմ՝ մեխը սրա վրա՝ տվյալներ է պարունակում, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել»:
Հարցի քննարկումն այսօր առաջին ընթերցմամբ ավարտվեց: