Մոնտենեգրոն (Չեռնոգորիա) պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակից երկրների թիվը հասցնելով 29-ի: Անդամակցության փաստաթուղթն այդ երկրի ներկայացուցիչներին փոխանցվեց երկուշաբթի օրը Վաշինգտոնում՝ Պետդեպարտամենտում տեղի ունեցած արարողության ժամանակ:
Մոնտենգրոն բալկանյան փոքր երկիր է, մոտ 14 հազար քկ տարածքով և 600 հազարից քիչ ավելի բնակչությամբ: Զինուժում ընդամենը 2000 զինվորականներ են ծառայում, սակայն, երկիրն Ադրիատիկի ծովափնյա տարածաշրջանում կարևոր դիրք է զբաղեցնում: Մոնտենեգրոյի անդամակցությունը նաև ՆԱՏՕ-ի շարունակվող ընդլայնման քաղաքականության փաստագրումն է՝ վերջին ութ տարվա ընթացքում որևէ նոր երկիր Հյուսիսատլանտյան դաշինքին չէր անդամակցել: Այս ամենից զատ, Մոնտենեգրոն նաև համարվում էր Ռուսաստանի հետ ամուր կապեր ունեցող երկիր, որը նախկին Հարավսլավիայի փլուզմումից հետո մի քանի տարի Սերբիայի հետ դաշնություն էր կազմել՝ լիարժեքորեն անկախանալով միայն 2006 թվականին: ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցությունն այժմ գնահատվում է, որպես Բալկաններում Ռուսաստանի ազդեցության թուլացում:
Դաշինքին անդամակցության փաստաթղթի հանձման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Մոնտենեգրոյի վարչապետ Դուշկո Մարկովիչը, արտգործնախարար Սրջան Դարմանովիչը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերեգը, ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Թոմ Շենոնը: Շնորհավորելով Մոնտենեգրոյի մուտքը ՆԱՏՕ, դաշինքի գլխավոր քարտուղարն ասել է. «Այսօր Մոնտենեգրոն միանում է ՆԱՏՕ-ին, ունենալով հավասար տեղ՝ սեղանի շուրջ, հավասար ձայն՝ դաշինքում և անկախության երաշխիքներ: Մոնտենեգրոն որոշեց իր ճակատագիրը՝ միանալ դաշինքին, գնալ խաղաղության և ազատության ճանապարհով»:
ԱՄՆ փոխպետքարտուղար Թոմ Շենոնն ընդգծել է՝ Մոնտենեգրոն հաստատեց իր դաշնակիցներին ընտրելու ինքնիշխան իրավունքը, չնայած «դրսի ճնշումներին»: Շենոնը վերահաստատել է ԱՄՆ-ի հավատարմությունը դաշինքի ընդհանուր պաշտպանության սկզբունքներին, որն ամրագրված է վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածում:
Մոնտենեգրոյի վարչապետը ՆԱՏՕ-ին անդամակցությունը պատմական է գնահատել, իր խոսքում հիշեցնելով այն ժամանակները, երբ Մոնտենեգրոն գտնվել է «մեծ երկրների ձեռքում»: «Սա պատմական իրադարձություն է մի երկրի ու ժողովրդի համար, որը 19-րդ և 20-րդ դարերում մեծ զոհողություններ է արել՝ ձգտելով պաշտպանել ազատ ապրելու և սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը»,- հայտարարել է վարչապետ Դուշկո Մարկովիչը, շարունակելով․ «Այլևս երբեք չի կրկնվի, որ որևէ մեկը մեր փոխարեն, մեր պետության փոխարեն, մեր թիկունքում որոշումներ ընդունի, ինչպես նախկինում էր, այսօր մենք նաև դա ենք նշում»:
Բալկանյան այս փոքր երկրի միացումը ՆԱՏՕ-ին կարող է մեծացնել դաշինքի և Ռուսաստանի միջև առկա լարվածությունը: Մոսկվան հայտարարել է, թե ՆԱՏՕ-ին միանալու՝ Պոդգորիցայի կուրսը հակասում է Ռուսաստանի և Մոնտենեգրոյի հարյուրամյակների պատմություն ունեցող եղբայրական հարաբերություններին: Կրեմլը Մոնտենեգրոյի իշխանություններին մեղադրել է հակառուսական տրամադրություններ տարածելու մեջ:
«Մոնտենեգրոյում շարունակվող հակառուսական հիստերիան միայն ափսոսանք է հարուցում»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը ՆԱՏՕ-ին Մոնտենեգրոյի անդամակցության արարողությունից հետո: «Մոնտենեգրոյի թշնամաբար տրամադրված իշխանությունների վերաբերմունքին համապատասխան՝ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցների դիմել: Քաղաքականությունում, ինչպես ֆիզիկայում, ցանկացած գործողություն հակազդեցություն է առաջացնում»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն: Մոնտենեգրոն անցած աշնանը Ռուսաստանի հատուկ ծառայություններին մեղադրել էր հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ: Այդ մեղադրանքը Մոսկվան հակառուսական պրոպագանդա էր համարել:
Շուրջ 620 հազար բնակչություն ունեցող Մոնտենեգրոյում մոտ 7 հազար ռուսներ են ապրում: Մոնտենեգրոյի Ադրիատիկի լողափերի մոտ 40 տոկոսի սեփականատերերն ազգությամբ ռուսներ են: Այդ լողափերը ռուսաստանցիների նախասիրած հանգստավայրերից են, ուր այցելող զբոսաշրջիկների մոտ մեկ երրորդը Ռուսաստանից են: Չնայած պաշտոնական Մոսկվայի սպառնալիքներին, վերլուծաբանների կարծիքով՝ Մոսկվան դժվար թե ՆԱՏՕ-ին անդամակցելու պատճառով Մոնտենեգրոյի դեմ գործուն քայլերի դիմի: «Կրեմլը պատրաստ չէ զգալի ռեսուրսներ հատկացնել՝ Մոնտենեգրոյին Վաշինգտոնի ուղեծրից դուրս բերելու համար»,- ասել է «Կարնեգի» հիմնադրամի մոկովյան կենտրոնի փորձագետ Մաքսիմ Սամորուկովը:
Դաշինքի ապագային առնչվող մտահոգություններ կան նաև ՆԱՏՕ-ի ներսում, կապված ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների հետ: Չնայած Վաշինգտոնը հաստատել է ընդհանուր պաշտպանության սկզբունքին ԱՄՆ-ի հանձնառությունը, Դոնալդ Թրամփը Բրյուսելում վերջերս կայացած հանդիպմանը չէր անդրադարձել այդ սկզբունքն ամրագրող 5-րդ հոդվածին: Իր ելույթում նա հանդիմանել էր դաշինքի անդամներին, պնդելով՝ ավելի պաշտպանված լինելու համար յուրաքանչյուր անդամ պարտավոր է կատարել ֆինանսական հատկացումների իր չափաբաժինը:
Բյուսելում այդ օրերին տեղի ունեցած մի միջադեպ էլ դարձել էր հեռուստաեթերի հիմնական թեմաներից մեկն ու տարածվել սոցցանցերում: Դոնալդ Թրամփը միջոցառման սրահում հրել էր իր ճանապարհը փակած մարդկանցից մեկին: Այդ մարդը Մոնտենեգրոյի վարչապետն էր, ով երեկ Վաշինգտոնում ստացավ իր երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության փաստաթուղթը: