Մատչելիության հղումներ

Թրամփը արաբական ճգնաժամը կապում է իր այցի հետ


Պարսից ծոցի արաբական երկրները կանգնած են աննախադեպ դիվանագիտական ճգնաժամի շեմին: Երեկ յոթ երկրներ հայտարարեցին, թե խզում են հարաբերությունները Քաթարի հետ՝ պնդելով, թե էներգակիրներով հարուստ այդ երկիրը աջակցում է ծայրահեղ իսլամիստներին ու ահաբեկիչներին, սատարում է Իրանին և ջանում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:

Ի նշան դեմարշի արդեն երկրորդ օրն է՝ արաբական աշխարհի խոշորագույն երկրները դադարեցրել են տրանսպորտային հաղորդակցությունը Քաթարի հետ՝ լուրջ խուճապ առաջացնելով մոտ 2,5 միլիոն բնակչություն ունեցող երկրում, որտեղ սննդամթերքը ամբողջովին դրսից է ներմուծվում: Ականատեսները պատմում են՝ բնական գազի պաշարներով աշխարհում երրորդ տեղը զբաղեցնող երկրում խանութները կիսադատարկ են, բնակիչները զանգվածաբար սնունդ են կուտակում՝ անտեսելով իշխանությունների հավաստիացումները, թե այս սկանդալը չի ազդի նրանց առօրյա կյանքի վրա:

Փորձագետները փաստում են՝ թեև սահմանափակումներն առայժմ չեն խոչընդոտում Քաթարի հարստության՝ նավթի ու գազի արտահանմանը, չի բացառվում, որ տարաձայնությունների խորացման դեպքում տուժի նաև այս ոլորտը՝ ցնցումներ առաջացնելով ոչ միայն ներքին, այլև համաշխարհային շուկաներում:

Ժամ առ ժամ սրվող լարվածությունը մարելու նպատակով ակնկալվում է՝ այսօր Սաուդիան Արաբիա կժամանի Քուվեյթի առաջնորդը: Քաթարը հայտարարել է, որ համաձայն է Քուվեյթի միջնորդական առաքելությանը և մինչ դրա մեկնարկը հետաձգում է իր պատասխան քայլերը:

Հաշտեցման գործընթացում ներգրավվելու ակտիվ փորձեր է անում նաև պաշտոնական Անկարան: Ընդ որում, հաղորդվում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը նախօրեին այս հարցով հեռախոսազրույց է ունեցել ոչ միայն արաբական երկրների, այլև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Տարաձայնությունները հարթելու հորդորներով կողմերին են դիմել նաև Միացյալ նահանգներն ու Իրանը:

Փորձագետները նաև փաստում են՝ արաբ հարևանների միջև հարաբերությունները սրվեցին Միացյալ Նահանգների նախագահի՝ անցած ամիս Սաուդյան Արաբիա կատարած այցից հետո: Ինքը՝ Դոնալդ Թրամփը, ևս այսօր Թվիթերում փաստել է, որ արաբ առաջնորդների հետ հանդիպմանը քննարկվել է նաև Քաթարի հարցն ու այդ երկրի աջակցությունը ահաբեկչական խմբավորումներին:

«Վերջերս Մերձավոր Արևելք կատարած իմ այցելության ժամանակ ես շեշտեցի, որ Ծայրահեղական գաղափարախոսության ֆինանսավորումը անթույլատրելի է: Առաջնորդները մատնանշեցին Քաթարը՝ տեսեք», - գրել է ԱՄՆ նախագահը:

Քաթարում շարունակում են հերքել հարևանների մեղադրանքները. երեկ արտգործնախարարությունը հայտարարեց, թե իրականում արաբական երկրները փորձում են իրենց գերիշխանության տակ առնել Դոհան, ինչը ոտնձգություն է երկրի ինքնիշխանության նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG