Մատչելիության հղումներ

Արք․ Աթեշյանը պնդում է, որ Ստամբուլի հայ համայնքը դեմ չէ իր թեկնածությանը


Պոլսո հայոց պատրիարքի արդեն նախկին փոխանորդ Արամ Աթեշյանը պնդում է, թե ստամբուլահայ համայնքը ընդունում է իրեն, իսկ նրանք, ովքեր ընդվզում են իր թեկնածության դեմ, «անկիրթներ են»։

Եկեղեցական ժողովի մասնակցելու համար այս օրերին Էջմիածնում գտնվող Արամ արքեպիսկոպոսը դժվարությամբ խոսեց իր հրաժարանի ու դրա պատճառների մասին։ Խուսափելով «Ազատության» հարցերից՝ Աթեշյանն այնուամենայնիվ հաստատեց, որ մասնակցելու է պատրիարքի ընտրությանը։

Հիշեցնեմ, որ մայիսի 24-ին Պոլսո պատրիարքարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Աթեշյանը հայտարարել էր իր հրաժարականի մասին, իսկ ավելի վաղ՝ մարտի 15-ին քվեարկության արդյունքում պատրիարքի նոր տեղապահ էր ընտրվել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը։

«Պաշտոնական հրաժարական չեմ տված», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց Աթեշյանը: - «Ընտրության երթալու համար, պարզապես խաղաղության հաստատելու համար քաշված եմ»:

Հարցին, թե արդյոք հույս ունի, թե կընտրվի, Աթեշյանն արձագանքեց․ - «Ոչ մեկ այդ հույսը ունի»:

Նա պնդեց, թե Ստամբուլի հայ համայնքը դեմ չէ իր թեկնածությանը․ - «Անկիրթները դեմս են»:

9 տարի փոխանորդի պաշտոնը զբաղեցնող արքեպիսկոպոսը վստահեցնում է՝ իր հրաժարականի հիմքում ենթատեքստ չկա, չկա նաև Մայր Աթոռի միջամտությունը:

Աթեշյանը նաև հերքեց Թուրքիայի հայալեզու մամուլում տարիներով շրջանառվող այն լուրը, որ ինքը մշտապես եղել է իշխանության հովանավորյալ թեկնածուն։

Արամ Աթեշյանից փորձեցինք ճշտել՝ նոր տեղապահի ընտրությունից հետո ինչո՞ւ էր ինքը հրաժարվել թողնել պաշտոնն ու այդ ի՞նչ գրություն էր ներկայացրել Ստամբուլի նահանգապետարանից, ըստ որի նոր պատրիարքի ընտրության գործընթացը իրավական տեսանկյունից հնարավոր չէր կազմակերպել։ Արձագանքեց․ - «Պետության հարցուցեք»:

Նույն հարցին ի պատասխան Պոլսո հայոց պատրիարքարանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, ով նաև պատրիարքի թեկնածուներից մեկն է, ասաց, թե գրությունը ստացվել է, քանի որ գործընթացի մասին իշխանությունները ճիշտ եղականով չէին ծանուցվել․ - «Պատրիարքի հանգստյան կոչվելու և նոր պատրիարք ընտրելու եկեղեցական ժողովի որոշումը պետության չէ հասած պաշտոնապես»:

Մարաշլյանի կարծիքով, տարիներ շարունակ փակուղի մտած գործընթացում իր մեղավորությունն ունի նաև Արամ Աթեշյանը։ Բայց նոր տեղապահի ընտրությունից հետո, նրա խոսքով, թուրքական իշխանությունները պատրաստ են տալ պատրիարքի ընտրության թույլտվություն, ինչը հավաստել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը․ - «Մենք կկարծենք, որ աշնան այս ընտրությունները պիտի կարողանանք կազմակերպել»:

Եպիսկոպոսը ուրախությամբ փաստում է, որ 9 տարի առաջ ստեղծված շինծու պատնեշը վերջապես հաղթահարված է, և այժմ պոլսահայ համայնքում հանգստություն է տիրում։ Նոր պատրիարքի ընտրության հետ մեծ հույսեր է կապում նաև նոր տեղապահ Գարեգին Բեկչյանը․ - «Ընտրությունը քիչ մը կրնա ըլլալ, որ ուշացավ ինը տարիներէ հետո, բայցևայնպես կարևորը անցածը չէ, այլ առաջիկա գալիք օրերն են և ապագան է»:

Հայ եկեղեցու նվիրապետական աթոռի պայքարի համար առայժմ 4 թեկնածուի անուն է շրջանառվում․ նախկին փոխանորդ Արամ Աթեշյանը, նոր տեղապահ Գարեգին Բեքչյանը, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Չուլջյանը։

Պոլսո հայոց պատրիարքի ընտրության անհրաժեշտությունը առաջացել է նախկին պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի անգործունակ ճանաչվելու պատճառով: Մութաֆյանը 2008 թվականից ի վեր ծանր հիվանդ է, նրա ուխտը անցած տարի է լուծարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG