Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան․ Խորհրդարանից դուրս զարգացումները կարող են բերել ֆորս մաժորի


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մնում է քաղաքականության մեջ, պայքարելու է իշխանափոխության համար։ Նա նաև չի բացառում, որ խորհրդարանից դուրս զարգացումները կարող են բերել ֆորս մաժորի:

«Նախ և առաջ ասեմ՝ ես այս ժամանակահատվածում Հայաստանում եմ եղել: Մի քանի օրով ես դուրս եմ եկել Հայաստանից: Լրատվամիջոցներում արծարծվող այն կեղծ տեղեկությունները, որ ես Հայաստանում չեմ, դրսում եմ, աշխատանքի են նշանակել և այլն, և այլն, ճիշտ չէ, նաև անընդունելի է: Որովհետև ես երկար տարիներ ծառայել եմ իմ հայրենիքին, 38 տարի ծառայել եմ իմ հայրենիքին, այստեղ եմ անցկացրել իմ ամբողջ կյանքը: Եվ ես շարունակելու եմ իմ գործունեությունը իմ հայրենիքին ծառայելու համար: Մեթոդները, ձևերը, սկզբունքները որոշում ընդունելուց հետո, իհարկե, կներկայացնեմ հանրությանը», - «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարարը:

Հայտարարելով, որ մնալու է քաղաքականության մեջ՝ Օհանյանը շարունակեց․ - «Այսօր քաղաքականության մեջ են բոլորը: Այսօր Հայաստանի Հանրապետության ապագայի մասին, նրա անվտանգության, զարգացման մասին մտածող յուրաքանչյուր կարող ուժ, խելացի ուժ, չի կարող իրեն դուրս պահել այն իրողություններից, որ տեղի են ունենում Հայաստանում և Հայաստանի շուրջը»:

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներով Ազգային ժողովո չանցած «Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինիքի ղեկավարի խոսքով, ներկայիս խորհրդարանը «չի արտացոլում ժողովրդի կամքը»․ - «Խորհրդարանից դուրս են այսօր քաղաքական շատ ուժեր, և, անկասկած, նրանք պետք է և՛ խորհրդարանին, և՛ այսօրվա իշխանություններին լսելի դարձնեն մեր ժողովրդի ամբողջ ձայնը: Եվ այդ առումով ես չեմ բացառում, որ խորհրդարանից դուրս էլ զարգացումներ կձևավորվեն, և խորհրդարանից դուրս զարգացումները կարող են բերել, ինչու չէ, նաև ֆորսմաժորային իրավիճակի, որովհետև ստեղծվել է մի այնպիսի քաղաքական համակարգ, որը, կարելի է ասել, որ ամենաապաքաղաքականացված խորհրդարանի ներկայությունն է ապահովել Հայաստանի Հանրապետությունում: Որովհետև մեծ հարգանք տածելով շատ-շատ գործիչների, շատ-շատ գործարարներին [նկատմամբ], այնուամենայնիվ, նրանք մեր ժողովրդի իսկական շահերը խորհրդարանում չեն արտահայտում: Եվ այդ առումով, եթե ժողովրդի ձայնը լսելի չլինի, ապա ես կարծում եմ, որ ժողովուրդը իր ձայնը պետք է լսելի դարձնի իշխանությունների համար»:

Ըստ Օհանյանի, Հայաստանի բնակչության, ընտրողների քանակի ու ընտրությունների օրը մասնակցության վերաբերյալ պաշտոնական տեղեկությունները արժանահավատ չեն, իսկ ընտրատեղամասերում տեղադրված տեսադիտարկման ու նույնականացման սարքավորումները իրականում մոլորեցրել են մարդկանց. - «Ընտրությունների արդյունքների կեղծվածության մասին ասում է նաև ամբողջ այն իրականությունը, որ տեղի է ունեցել և՛ նախընտրական, և՛ ընտրությունների ժամանակ: Եվ կարծում եմ, այն, ինչի մասին ես ասացի, միանշանակ խոսում է և ապացուցում է, որ ընտրությունները կեղծված են, որովհտև բոլոր այն տվյալները, որ պետական մակարդակի վիճակագրական առումով տրվում է հասարակությանը, արժանահավատ չէ»:

«ՕՐՕ» դաշինքի ղեկավարի խոսքով, ներկայումս դաշինքի առաջնորդները քննարկումների մեջ են, և չի բացառվում որ առաջիկայում դաշինքը վերաճի կուսակցության:

«ՕՐՕ»-ի մաս կազմող «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս հայտարարեց՝ իշխանությանը հակակշռելու համար կուսակցությունները պետք է գնան խոշորացման և միավորվեն:

Այս առնչությամբ Սեյրան Օհանյանն ասաց․ - «Իհարկե, երբ այսօր մենք ընդգրկված չենք խորհրդարանում, անկասկած մենք մեր գործունեությունը ծավալելու ենք խորհրդարանից դուրս: Դա նշանակում է նաև, որ լայն ընդդիմության ձևավորումը հնարավորություն կտա այսօր իշխանությունների վրա ազդել, որպեսզի նրանք, թեկուզ խորհրդարանի ներսում մեծամասնություն ունենալով, լսելով ժողովրդին նաև, ճիշտ որոշումներ ընդունեն մեր երկրի ապագայի համար»:

Թե ընդդիմադիր ո՞ր ուժերի հետ են համագործակցելու և ի՞նչ ձևաչափ է ունենալու այդ համագործակցությունբը, ըստ Օհանյանի, բանակցությունները ցույց կտան: Սակայն առանցքային է իշխանափոխության հասնելը․ - «Մենք այն ժամանակ կողմ ենք եղել իշխանափոխությանը և այսօր էլ դրա կողմնակից ենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG